27.12.2013 | 
Մշակույթ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Համալսարանականները մեկտեղվել էին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում` միասնական նշելու տարեմուտը:

Մայր բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներն ու  ուսանողները Ամանորին ընդառաջ հավաքվել էին Մշակույթի կենտրոնի դահլիճում` միասին տոնելու Նոր տարին:  Հրավիրված էին ինչպես ռեկտորատի անդամներ, այնպես էլ ԵՊՀ ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության ղեկավարներն ու ակտիվ անդամները:

Հյուրերին սպասվում էր անակնկալ՝ «Ամանորյա հրաշքներ» խորագրով տոնական համերգ-ներկայացում:  «Համերգային ծրագիրը հետաքրքիր սյուժետային գիծ ուներ. այն թատերականացված էր: Մեծապես աշխատել էինք ինքնուրույն ծրագիր իրականացնել. ոչ մի տեղից չէինք օգտվել սցենարի հարցում»,- ասաց Մշակույթի կենտրոնի տնօրեն, տոնական համերգ-ներկայացման ռեժիսոր Կարինե Դավթյանը` հավելելով, որ փորձել են ներկայացնել ոչ միայն համալսարանականներին, այլև հայ ժողովրդին` իրենց առօրյայով ու խնդիրներով:

«Ժամանակները փոփոխվում են, բայց չի փոխվում Նոր տարվա գաղտնիքը, չի փոխվում խորհուրդը, որն է` հետևում թողնել վատը, հիվանդություններն ու անհաջողությունները և հույսով նայել ապագային: Այս նոր տարում բոլորիս էլ խաղաղություն եմ ցանկանում՝ անձամբ ձեզ, սիրելի՛ համալսարանականներ, ձեր ընտանիքներին, մեր հայ ժողովրդին:  Կարևոր է, որ կարողանանք միմյանց լավ հասկանալ: Եղե՛ք սկզբունքային, բայց նաև մի՛ մոռացեք զիջող լինել»,- շնորհավորական խոսք ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Համերգ-ներկայացմանը ելույթ ունեցող Մշակույթի կենտրոնի սաները հերթական անգամ կարողացան ուրախացնել Մայր բուհի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Նրանք և՛ երգում էին, և՛ պարում, և՛ զվարճալի բեմադրություններ ներկայացնում` նոր և թարմ լիցքեր հաղորդելով միջոցառման մասնակիցներին:

«Այսպիսի միջոցառումները համախմբում են համալսարանականներին, ուսանողների, դասախոսների, ռեկտորատի ու վարչական անձնակազմի միջև ջերմ, անմիջական գործընկերային մթնոլորտ ձևավորում»,- ասաց ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով միջոցառման կազմակերպման նախաձեռնողներից մեկն է:

Միջոցառման վերջում համալսարանականները հանդես եկան իրենց շնորհավորական խոսքերով` միմյանց մաղթելով կրթական ու գիտական հաջողություններով լի նոր տարի: Համերգի ավարտից հետո էլ կազմակերպվեց տոնական փոքրիկ հյուրասիրություն:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: