03.05.2019 | 
Կրթություն
ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԲՈՒՐԳՈՒՆԴԻԱ ՖՐԱՆՇ-ԿՈՄՏԵ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԲՈՒՐԳՈՒՆԴԻԱ ՖՐԱՆՇ-ԿՈՄՏԵ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Ֆրանսիայի Բուրգունդիա Ֆրանշ-Կոմտե համալսարանի (UBFC) դասախոս Կլոդ Լեղուան այսօր Կոնֆերենց դահլիճում ներկայացրեց իրենց համալսարանի «Ֆիզիկա, ֆոտոնիկա և նանոտեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, ամբիոնի վարիչները, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները: Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և ՖԳՀԻ-ի նախաձեռնությամբ:

 

Կլոդ Լեղուան նշեց, որ «Ֆիզիկա, ֆոտոնիկա և նանոտեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի տևողությունը երկու տարի է. ուսանողները մեկ տարի ուսումնասիրում են տեսական դասընթացներ, իսկ երկրորդ տարվա ընթացքում միջազգային գիտահետազոտական լաբորատորիաներում կատարում են գիտական հետազոտություններ: Այս մագիստրոսական ծրագրի շրջանակում լավագույն ուսանողները ստանում եմ դրամաշնորհ, իսկ մագիստրատուրայի լավագույն շրջանավարտները հնարավորություն են ստանում ուսումը շարունակելու նաև Բուրգունդիա Ֆրանշ-Կոմտե համալսարանի ասպիրանտուրայում:

 

 

Ֆրանսիացի դասախոսի խոսքով, վերոնշյալ մագիստրոսական ծրագրում սովորելու ընթացքում հայ ուսանողները ցուցաբերել են բարձր առաջադիմություն:

ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Ֆիզիկայի ֆակուլտետի բազմաթիվ շրջանավարտներ իրենց մագիստրոսական և ասպիրանտական կրթությունը շարունակում են Ֆրանսիայի Բուրգունդիա Ֆրանշ-Կոմտե համալսարանում: Կարևորելով երկու համալսարանների համատեղ կրթական և գիտական ծրագրերի իրականացումը՝ Արամ Սահարյանը նշեց, որ Ֆրանսիայի վերոնշյալ համալսարանում առկա է ժամանակակից գիտատեխնիկական սարքավորումների հարուստ բազա, որը հայ գիտնականներին հնարավորություն կտա համատեղ ծրագրերի շրջանակում կյանքի կոչելու իրենց նախագծերը:

 

«Գիտության զարգացման տեսակետից Հայաստանում հիմնական խնդիրներից է ժամանակակից սարքավորումների բացակայությունը, որոնք բավականին թանկ են, և գիտության սուղ ֆինանսավորման պայմաններում նոր սարքավորումներ ձեռք բերելը համարյա անհնար է դառնում, այդ իսկ պատճառով կարևորվում է արտասահմանյան բուհերի հետ համագործակցությունը, որի շնորհիվ մեր գիտնականները բնական գիտությունների բնագավառում կկարողանան լիարժեք կատարել իրենց փորձերը միջազգային գիտատեխնիկական լաբորատորիաներում, իսկ ուսանողներն էլ հնարավորություն կստանան աշխատելու նորագույն սարքավորումներով, ապա իրենց փորձը կփոխանցեն նոր սերնդին»,- հավելեց նա:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համատեղ կրթական և գիտական ծրագրերի իրականացման հեռանկարները:

Այլ նորություններ
 «ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՐՈՇ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ՈՒՍՈՒՄԸ ՍԱՆ ԽՈՍԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երևանի և Սան Խոսեի պետական համալսարանների 2019 թվականին ձեռք բերված համագործակցության շնորհիվ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ընտրական փուլը հաղթահարած 2-4 ուսանող 2020 թ. սեպտեմբերից կշարունակեն ուսումն ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի «Data Analytics» (MS) մագիստրոսական ծրագրում։ Համագործակցության, նպատակների ու հետագա գործունեության մասին ysu.am-ը զրուցել է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանի և ընտրական փուլ հասած ուսանողներից մի քանիսի հետ։
«ԻՆԴՈՒՍՏՐԻԱՅԻ ՕՐ» ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետն այսօր կազմակերպել էր «Ինդուստրիայի օր» խորագիրը կրող միջոցառում, որի նպատակն էր բարձր կուրսերի ուսանողներին հնարավորություն տալ ծանոթանալու ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ և իրենց մագիստրոսական ծրագրի համար գտնելու համագործակցության ուղիներ։