25.09.2019 | 
Հասարակություն
«ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԵՂԵՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ». ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԴԵՂԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
«ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԵՂԵՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ». ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԴԵՂԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Դեղագործական միջազգային միավորման կողմից 2009 թ. սեպտեմբերի 25-ը պաշտոնապես ընդունվել է որպես դեղագետների միջազգային օր: ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում նշել են մասնագիտական տոնը՝ կազմակերպելով պարային ֆլեշմոբ և տոնական միջոցառում:
Մասնագիտական տոնի կապակցությամբ անցկացված միջոցառումները կազմակերպվել էին Ֆարմացիայի ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի և ՈՒԽ-ի համատեղ նախաձեռնությամբ:

Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողները նախևառաջ մասնաշենքի բակում հանդես եկան պարային ֆլեշմոբով, ապա  պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում:

Տոնական միջոցառման սկզբում Ֆարմացիայի ինստիտուտի դասախոս Անի Չախոյանը, շնորհավորելով դեղագետների միջազգային օրվա կապակցությամբ, փաստեց, որ այս տարի տոնի կարգախոս է ընտրվել «Անվտանգ և արդյունավետ դեղեր բոլորի համար» խորագիրը:

«Կարգախոսի նպատակն է կարևորել դեղերի դերը, դրանց կիրառումը, նշանակումը, ինչպես նաև դեղամշակման սխալների կանխումը»,- ասաց Անի Չախոյանը: Նա փաստեց, որ դեղագետն այսօր, բացի մասնագիտական բարձր որակների կրողը լինելուց, պետք է լինի նաև ուշադիր, շփվող, համբերատար, վերլուծական մտքով և հոգատար:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցան նախօրոք հայտարարված մրցույթի ամփոփում և պարգևատրում: Նախապես անհրաժեշտ էր ներկայացնել ուշագրավ և զվարճալի պատմություններ, որոնք տեղի են ունեցել դեղատանը, և ըստ մրցույթի ժյուրիի անդամների՝ հաղթող ճանաչվեց մագիստրատուրայի ուսանողուհի Հայարփի Դուրեյանը:

Այնուհետև Ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ Ռուբեն Հովհաննեսյանը, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, ուրախությամբ ասաց՝ հպարտ է, որ Ֆարմացիայի ինստիտուտն այդպիսի ուսանողներ ունի, որոնք հետագայում փոխարինելու են իրենց:

Միջոցառման ընթացքում Անի Չախոյանը մասնակիցներին ներկայացրեց դեղագետների և դեղատների խորհրդանիշները, որոնք օգտագործվել են տարբեր ժամանակներում: Դրանցից էին, օրինակ, հավանգը և հավանգակոթը, կանաչ խաչը, գապերը և այլն:

Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Սամվել Վարդապետյանը նույնպես շնորհավորեց ներկաներին և փաստեց՝ հիացած ու հպարտ է իրենց ուսանողներով:



Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին խաղ-մրցույթներ, որոնց մասնակցեցին ինչպես ուսանողները, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: Առաջին խաղի ընթացքում ուսանողները, մրցելով իրար դեմ, ցույց տվեցին, թե ով է ավելի ճիշտ և արագ փաթեթավորում փոշին, իսկ մյուս խաղ-մրցույթի ընթացքում դասախոսները մրցեցին՝ փորձելով առավել արագ լուծույթը մեկ տարայից տեղափոխել մյուսի մեջ՝ առանց հատուկ գործիքի կիրառման:

Տոնական միջոցառման ավարտին ամփոփվեցին առցանց հարցման արդյունքները, որով առաջարկվել էր Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներին տրված անվանակարգերի դիմաց նշել իրենց նախընտրած դասախոսին կամ աշխատակցին: Անվանակարգերի հաղթող դասախոսների պատվոգրերը հանձնեց ինստիտուտի ՈՒԽ նախագահ Էմմա Մարկոսյանը: 



Նախքան արարողությանն անցնելը նա, շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, փաստեց, որ Հայաստանում, մասնավորապես ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում դեղագետները շատ լավ կրթություն են ստանում, ինչը նրանց մրցունակ է դարձնում միջազգային շուկայում:

 

Քնար Միսակյան

 

  

Այլ նորություններ
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԻՈԱՆԻՆԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԻՈԱՆՆԻՍ ՍԱՎՎԱԻԴԻՍՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը նոյեմբերի 17-20-ը հյուրընկալել է Հունաստանի Իոանինա համալսարանի պրոֆեսոր Իոաննիս Սավվաիդիսին, որն այդ օրերի ընթացքում ծանոթացել է ֆակուլտետում դասավանդվող կրթական ծրագրերին և անցկացրել քննարկումներ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
«ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՏԱՂԱՆԴԻ ՏԵՐ ԳԻՏՆԱԿԱՆ, ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՆՀԱՏ, ՇՆՈՐՀԱԼԻ ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԵՈՆԻԴ ՍՊԵՆԴԻԱՐՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ  ՑԵՐԵԿՈՒՅԹ
ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտորի Ալեքսանդր Սպենդիարյանի ավագ եղբոր՝ համաշխարհային ճանաչում վայելող երկրաբան Լեոնիդ Սպենդիարովի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված ցերեկույթ: