21.02.2020 | 
Հասարակություն
«ՄԱՅՐԵՆԻՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՆՁՆԱԳԻՐԸ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ «ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆԻ» ՍԱՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐԸ
«ՄԱՅՐԵՆԻՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՆՁՆԱԳԻՐԸ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ  ԵՎ «ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆԻ» ՍԱՆԵՐԸ  ՏՈՆՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԵՆԻԻ  ՕՐԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել Մայրենի լեզվի օրվան նվիրված «Մայրենի լեզու, Մայր ճեմարան, Մայր համալսարան» խորագիրը կրող միջոցառումը:

Հիշեցնենք, որ 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի օր: 15 տարի է արդեն՝ այն պաշտոնապես նշվում է նաև Հայաստանում: Ամեն տարի հանրակրթական դպրոցներում, բուհերում, կրթական տարբեր հաստատություններում մեծ շուքով նշվում է այս տոնը:

 

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ Աշխեն Ջրբաշյանը, կոմպոզիտոր, բանաստեղծ Սասուն Պասկևիչյանը, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ճեմարանի ուսուցիչներ, աշակերտներ: 

 

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ամբիոնի վարիչ Աշխեն Ջրբաշյանը:

 

Վերջինս նշեց, որ 100-ամյա ԵՊՀ-ն ճեմարանի ստեղծման օրվանից սերտորեն համագործակցում է՝ աջակցելով լավագույն մասնագետների պատրաստման գործին:

Անդրադառնալով տոնի խորհրդին՝ Ա. Ջրբաշյանը նշեց, որ այն տոնելը կարևոր և առանցքային է լեզվի պահպանման ու փոխանցման տեսանկյունից. «Մայրենին մեր ազգային ինքնությունն է, մեր անձնագիրը, մտածողության ձևը, մայրենի լեզվի պահպանությունը դարձել է օրախնդիր, որով մտահոգված պետք է լինի ցանկացած հայ»:

Միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ-ի և ճեմարանի հիմներգերով, որից հետո համալսարանականներն ու ճեմարանականները հանդես եկան հայերենով ստեղծված  երգերով, բանաստեղծություններով, թատերական ներկայացումներով:



Ցերեկույթի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև կոմպոզիտոր, բանաստեղծ Սասուն Պասկևիչյանը. «Այն երգերը, որոնք հնչեցին այստեղ, հատկապես Համո Սահյանի խոսքերով գրված «Մեր լեզուն», պետք է դառնան մեր աշակերտների և ուսանողների հիմնը: Հավատացե՛ք՝ աշխարհի ամենալավ լեզուն հայերենն է»:

 

ԵՊՀ-ի հետ միջոցառման կազմակերպման մասին ysu.am-ը զրուցեց նաև «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ուսուցչուհի, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ, միջոցառման կազմակերպիչ Արփինե Խեչիկյանի հետ:

 

Վերջինս նշեց, որ միջոցառումը ԵՊՀ-ի հետ նշելը պատահական չէր, քանի որ անցած տարի ԵՊՀ-ն տոնում էր հիմնադրման 100-ամյակը, իսկ այս տարի ճեմարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը, իսկ եռակի տոնը նշելու համար իրենք ընտրեցին խորհրդանշական օրը՝ Մայրենի լեզվի օրը: 

Խոսելով ճեմարանում հայերենի ուսումնառության մասին՝ Արփինե Խեչիկյանն ասաց. «Ճեմարանի աշակերտների՝ հայերենի նկատմամբ սիրո և բարձր իմացության մասին խոսում են նրանց ՝ամեն տարի «Հայոց լեզու և գրականություն» օլիմպիադայից ստացած ամենաբարձր ցուցանիշները»:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն էլ հավաստիացրեց, որ ԵՊՀ-ի և ճեմարանի համագործակցությունը շարունակական է լինելու. «Ամեն տարի «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրից բազմաթիվ դիմորդներ են ընդունվում Մայր բուհ, և իհարկե մեր լավագույն մասնագետներն ավարտելուն պես աշխատանքի են անցնում այնտեղ՝ նպաստելով կրթված սերունդներ պատրաստելու գործին»:

 

Միջոցառման մասնակիցներից  Ալեքս Գևորգյանը, որը «Մոցարտ» միջազգային փառատոնի դափնեկիր է, ելույթ ունեցավ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու՝ Սիլվա Ալլահվերդյանի հետ. վերջինս ասմունքեց Վահագն Դավթյանի «Հայոց լեզու» բանաստեղծությունը, որն ուղեկցվում էր Ալեքսի՝ Ֆրեդերիկ Շոպենի «Նոկտյուրնի» կատարմամբ:

 

Երաժշտական ունակություններից բացի՝ փոքրիկն ունի նաև գրական հետաքրքրություն:

Այն հարցին, թե որն է հայերենով գրված լավագույն ստեղծագործությունը, Ալեքսը պատասխանեց՝ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:

 
Անգին Խաչատրյան
Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՎ ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԻՐ 20-ՐԴ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Իրավաբանական կլինիկան 2019-2020 ուսումնական տարում տոնում է իր 20-ամյակը։ Ինչպես նախորդ տարիներին, կլինիկան 20-րդ տարվա շրջանավարտներին ևս ճանապարհում է վկայագրերով, որոնք այս տարի ուսանողներին նախապես ուղարկվել էին փոստով։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՐԲԻՏՐԱԺ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել ու հաղթող է ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանի մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենամյա դատախաղ-մրցույթին, որը գրավոր եղանակով անցկացվել է հունիսի 19-30-ը։