14.04.2021 | 
Հասարակություն
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԿԱՐՈՂ ԵՄ ՎՍՏԱՀԵՑՆԵԼ, ՈՐ ՄԵՆՔ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ԵՆՔ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ». ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԿԱՐՈՂ ԵՄ ՎՍՏԱՀԵՑՆԵԼ, ՈՐ ՄԵՆՔ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ԵՆՔ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ». ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին:

Մասնավորապես, անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` կառավարության և ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված 15 անդամների հրաժարականների հարցին, ամբիոնի վարիչը նշեց, որ իշխանության ներկայացուցիչները ճգնաժամային վիճակ են ստեղծում ԵՊՀ-ում:

 

«Ակնհայտ է, որ սա կազմակերպված է ՀՀ կառավարության և լիազոր մարմնի կողմից, որովհետև հրաժարականի դիմում ներկայացրած 15 անձինք հենց կառավարության կամ նախարարության քվոտայով են նշանակված: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ 11 հոգին հենց նույն օրը՝ ապրիլի 8-ին են դիմում գրել, այնուհետև 3-ը` ապրիլի 9-ին, 1-ը` ապրիլի 12-ին: Ընդ որում, դիմումներում միայն ՀԲԸՄ նախագահ պարոն Վազգեն Յակուբյանն է պատճառաբանություն նշել, մնացածը 14-ը 1-2 տողանոց դիմումներ են գրել, որ խնդրում են դադարեցնել իրենց լիազորությունները ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում», - ասաց Կառլեն Խաչատրյանը:

 

Վերջինս հավելեց, որ,  ըստ էության, պատճառաբանություն չկա և ակնհայտ է, որ խորհուրդն այս դիմումների մասին երեք տարբեր նամակների միջոցով իմացել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի միջոցով. «Այդ նամակները ԵՊՀ խորհուրդ հասել են ԿԳՄՍ նախարարի խորհրդականի էլեկտրոնային փոստից, ինչը, թերևս, ևս մեկ անգամ ապացուցում է այս պրոցեսի կազմակերպված լինելը: Մենք նաև տեղեկություններ ունենք, որ փորձեր են արվել մյուս անդամների վրա ճնշում գործադրել, որովհետև համալսարանի կանոնադրությունը հստակ ամրագրում է, որ եթե 16 անդամ, այսինքն՝ անդամների 50 %-ը, հրաժարականի դիմում է ներկայացնում, ապա խորհրդի լիազորություններն ավտոմատ դադարեցվում են: Բայց փաստացի այս պահին, բարեբախտաբար, կարող ենք նշել, որ իշխանություններն իրենց ուզածին չեն հասել, ուղղակի մի փոքր կազուսային իրավիճակ է ստեղծվել: Կազմակերպչական բնույթի որոշակի բարդություն է ծագել, սակայն համալսարանականների անունից կարող եմ վստահեցնել, որ մենք հաստատակամ ենք և շարունակելու ենք բնականոն աշխատանքները»:

 

Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ է իշխանության ուզածը, Կառլեն Խաչատրյանը պատասխանեց, որ նախորդ նիստը նույնպես տապալվեց, քանի որ օրակարգային հարցերից էր նաև ռեկտորի ընտրությունը. «ԿԳՄՍ նախարարը հայտարարել էր, որ ռեկտորի ընտրություն պետք է լինի բացառապես նոր օրենքի համաձայն՝ 9 հոգանոց խորհրդի միջոցով (5+4 սկզբունքով): Այսինքն՝ նախարարությունն ուզում է մեծամասնություն լինել խորհրդի կազմում: Այլ հիմնավորում չեմ տեսնում»:

 

Կառլեն Խաչատրյանը ընդգծեց նաև, որ անգամ այս կազմով ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն իրավազոր է, լեգիտիմության հարց լինել չի կարող:

 

Վարդուհի Զաքարյան

 

 

Այլ նորություններ
ԱՊԱԳԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆՆ Է. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Կիրառական գիտելիքներ և հմտություններ զարգացման հոգեբանության բնագավառում» թեմայով դասախոսություն, որը վարում էր ԱՄՆ-ից ժամանած լիցենզավորված կլինիկական հոգեբան, Բրաունի համալսարանի դոկտոր Անահիտ Ազարյանը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆ ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարի՝ 2021 թ. օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 65-Ն հրամանի սահմանադրականության վերաբերյալ: