26.10.2021 | 
Գիտություն
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՈՒՐՈՒՅՆ ՏԵՂՆ ՈՒՆԻ ԽԱՂՈՂԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ». ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՈՒՐՈՒՅՆ ՏԵՂՆ ՈՒՆԻ ԽԱՂՈՂԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ». ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրության մեկնարկը տրվել է դեռևս 2011 թ. ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանի նախաձեռնությամբ:

«Հարկ է նշել, որ ամբիոնում դեռևս 1980-ականներից ակտիվ զբաղվել են խաղողի տարբեր սորտերի բջջասաղմնաբանական ուսումնասիրությամբ: Սակայն շուրջ տասը տարի բազմաթիվ միջազգային, պետական և անհատական դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ուսումնասիրություններն իրականացվել են բացառապես մոլեկուլային-գենետիկական, իսկ վերջին երեք տարում՝ գենոմային մակարդակում»,- ասում է ավագ գիտաշխատող Քրիստինե Մարգարյանը։

 

Կարևորագույն նախագծերից, ըստ Մարգարյանի, պետք է առանձնացնել հայ-գերմանական համատեղ գիտական ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության և Գերմանիայի խաղողի սելեկցիայի ինստիտուտների մասնակցությամբ։

 

«Նախագծի շրջանակում առաջին անգամ Հայաստանում ֆրագմենտային սեկվենավորման միջոցով ուսումնասիրվել են 400-ից ավելի խաղողի նմուշներ, որոնց գերակշիռ մասը պահպանվում է ՀՀ խաղողի ազգային կոլեկցիոն այգում: Ի դեպ, պահպանվող բոլոր սորտերն արդեն ունեն գենոտիպային և ֆենոտիպային անձնագրեր: Այս համատեղ նախագծի գիտական տվյալներն ամփոփել ենք Հայաստանի «Vitis» տվյալների բազայում։ Այն խաղողի գենետիկական ռեսուրսների վերաբերյալ ամփոփ տեղեկություն պարունակող առաջին գիտական կայքն է, որը ներառում է ՀՀ խաղողի ազգային կոլեկցիոն այգում պահպանվող յուրաքանչյուր գենոտիպի ընդհանուր անձնագրային տվյալներ, գենոտիպային անձնագիրը և ամպելոգրաֆիական բնութագիրը։ Կայքը (www.vitis.am) արդեն իսկ կցված է եվրոպական և չինական տվյալների բազաներին»,- նշեց ավագ գիտաշխատողը:

 

Գիտական նախագծի իրականացումը ֆինանսավորվել է ՀՀ գիտության կոմիտեի ու Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից, իսկ կայքի ստեղծումը՝ ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ: ՀՀ խաղողի ազգային կոլեկցիոն այգին հիմնադրվել է 2016 թ. ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ: Հաջորդիվ հիմնականում հետդոկտորական դրամաշնորհների շրջանակում հավաքագրվել ու գենոտիպային անձնագրավորում են ստացել խաղողի շուրջ 1.300 նմուշներ:

 

Հաջորդ կարևորագույն միջազգային մեգանախագիծը, որին Հայաստանը միացել է դեռևս 2019 թ., «Whole genome sequencing of globalVitis accessions (4K)»-ն է, որն իրականացվում է Չինաստանի ԳԱԱ նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ Նախագծի շրջանակում ամբողջ աշխարհից հավաքագրվել են խաղողի շուրջ 5000 տարբեր սորտեր և վայրի գենոտիպեր, որոնց ամբողջական գենոմիռեսեկվենավորումն արդեն ավարտված է։ Սա իր ծավալներով մինչև այժմ աշխարհում իրականացված եզակի նախագծերից է, որն ունի երկու հիմնական նպատակ՝ տեսական և կիրառական բնույթի։

 

«Այս նախագծի շրջանակում առաջին անգամ ՀՀ խաղողի 95 տեղածին սորտերի, ինչպիսիք են Սև Արենին, Թոզոտը, Գառան դմակը, Ոսկեհատը, Նազելին, Խնդողնին  և այլն, նաև  վայրի խաղողի 78 սորտերի ամբողջական գենոմի սեկվենավորումն արդեն ավարտված է։ Այս ծրագիրը գենոմային մակարդակում իրականացված թերևս ամենամեծ նախագիծն է Հայաստանում։ Արդյունքների վերջնական ամփոփումը նախատեսվում է ավարտել 2022 թ. առաջին եռամսյակում»,- պատմում է Քրիստինե Մարգարյանը։

 

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Չինաստանի գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ ընթացքի մեջ է ևս մեկ գիտական նախագիծ։ Ավագ գիտաշխատողի խոսքով, այն իր բնույթով բացառապես կիրառական է՝ միտված ՀՀ խաղողի գենետիկական ռեսուրսների համապարփակ ուսումնասիրմանը, մասնավորապես կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում տարբեր գենոտիպերի ադապտատիվ հատկանիշների վերլուծությանը։  

 

«Մեր բոլոր նախագծերի հիմնական նպատակը ՀՀ-ում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանումն ու հարակայուն խաղողագործություն զարգացնելն է. այն է՝ նվազագույն մակարդակի հասցնել կամ բացառել պեստիցիդների կիրառումը, որի այլընտրանքը երկրում նպատակային սելեկցիոն ծրագրերի վերսկսումն է։ Հայաստանում խաղողի կենսաբազմազանությունն օժտված է այդ ներուժով, և նմանօրինակ նախագծերի խթանումը, բացի տնտեսական բաղադրիչից, կարող է ունենալ նաև կարևոր բնապահպանական և առողջապահական նշանակություն։ Այս և այլ խնդիրների լուծմանը փորձելու ենք հասնել մեր նոր նախագծերի շրջանակում»,- ամփոփում է Քրիստինե Մարգարյանը:

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՆ ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ ԵՆ ՈՒՌՈՒՑՔԻ ԱՃԸ
ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի կառուցվածքային կենսաֆիզիկայի միջֆակուլտետային գիտահետազոտական լաբորատորիայի անդամները ներկայացրել են «Հակաքաղցկեղային ալկիլացնող դեղերի համակցված ներգործությունը ԴՆԹ-ի կառուցվածքը և փաթեթավորումը կարգավորող ֆերմենտների ակտիվության վրա» գիտական թեման:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼՈՒ Է ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ ՍՆՆԴԱՅԻՆ ՇՂԹԱՅԻ ՎՐԱ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Պեստիցիդների կուտակումը և դրանց ազդեցությունը լեռնատափաստանային էկոհամակարգերի կենսաբազմազանության վրա» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը: