11.07.2022 | 
Կրթություն, Գիտություն
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍԻՄԵՏՐԻԱՅԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՖԻԶԻԿԱՅՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍԻՄԵՏՐԻԱՅԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՖԻԶԻԿԱՅՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Աշխարհի տարբեր երկրներից ավելի քան վաթսուն գիտնականներ եկել են Երևան՝ քննարկելու ֆիզիկայում սիմետրիայի մեթոդների ուսումնասիրության վերջին ձեռքբերումները:

Այսօր մեկնարկեց ԵՊՀ ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի անվան հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի, ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) համատեղ կազմակերպած միջազգային 18-րդ գիտաժողովը՝ «Սիմետրիայի մեթոդները ֆիզիկայում» խորագրով:

 

Երկու տարին մեկ անգամ անցկացվող գիտաժողովի մեկնարկը տրվել է դեռևս 1993 թ․ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում: Այն անցկացվում է կա՛մ Դուբնայում, կա՛մ Հայաստանում:

 

ԵՊՀ ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի անվան հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Գեորգի Պողոսյանը, ընդգծելով այսօրինակ գիտաժողովների կարևորությունը Հայաստանում նաև «գիտական տուրիզմի» զարգացման տեսանկյունից, նշեց. «Այս գիտաժողովը շատ կարևոր է ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու գիտնականների համար․ նրանք փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորություն են ստանում»։

 

 

Միջազգային 18-րդ գիտաժողովին մասնակցելու, ոլորտին առնչվող խնդիրների մասին քննարկումներ իրականացնելու և փորձի փոխանակման նպատակով այս տարի Հայաստան են ժամանել գիտնականներ Մեքսիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Բուլղարիայից և այլ երկրներից:  

 

Գիտաժողովի կազմակերպիչ Ելենա Կոլգանովան, ով ևս հանդես եկավ զեկույցով, կարևորեց գիտաժողովի կազմակերպումը՝ այն համարելով գիտության զարգացմանն ուղղված լավագույն խթան։

 

«Բոլոր զեկուցումները, որոնք ներկայացնում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտնականները, շատ կարևոր են այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են ֆունդամենտալ գիտությամբ»,- իր խոսքում ասաց նա։

 

 

Պրոֆեսոր Հրաչ Բաբուջյանը տասը տարուց ավելի է՝ մասնակցում է գիտաժողովին, փաստում է, որ այս գիտաժողովի մասնակցությունը յուրաքանչյուր տարի նոր գիտելիքներ է տալիս և նոր ծանոթությունների հնարավորություն ստեղծում։

«Գիտությունը «փակված» մարդկանց գործունեություն չէ․ այն սոցիալական բարդ երևույթ է: Գիտնականներին մշտապես անհրաժեշտ է միմյանց հետ շփումը, քննարկումները»,- ասաց պրոֆեսորը:

 

 

 

Հ. Բաբուջյանը, անդրադառնալով գիտաժողովներին երիտասարդների մասնակցությանը, նշեց, որ պետք է անել ամեն բան՝ երիտասարդների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրություն ու սեր արթնացնելու ուղղությամբ:

 

Նշենք, որ հնգօրյա գիտաժողովին ներկայացված զեկուցումները տպագրվելու են հոդվածների տեսքով:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով:
ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 14-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԱՆՑԻԿ ԴՐՈՇՈՎ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչները Հունաստանի Լուտրակի քաղաքում մասնակցել են Էքստրեմոֆիլների միջազգային 13-րդ համաժողովին` ներկայացնելով իրենց գիտական գործունեության վերջին նվաճումները: