11.07.2007 | 
Հասարակություն
ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՈՒՀԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՈՒՀԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Հայաստանի միջնակարգ դպրոցների 55 շրջանավարտներ պարգեւատրվեցին ոսկե մեդալներով:

Հուլիսի 11-ին Երեւանի պետական համալսարանը հյուրընկալել էր 2007 թվականի լավագույն դպրոցականներին: Արդեն երկրորդ տարին մեծ շուքով անցկացվող արարողության կազմակերպիչը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն էր: 2006-ի շրջանավարտները իրենց մեդալները ստացել էին Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ասաց, որ Ոսկե մեդալների հանձնման արարողությունը պետք է դառնա խորհրդանշական: 

Շնորհավորելով բոլոր մեդալակիրներին` պարոն Մկրտչյանը նկատեց, որ այս տարվա շրջանավարտներն ավելի համարձակ քայլ կատարեցին. «Դուք, իսկապես, ռիսկի գնացիք` կենտրոնացված ավարտական քննություն հանձնելով: Գրականության հատվածը ահագին բարդ էր, բայց դուք կարողացաք վաստակել ձեր միավորները` բարձր պահելով ձեր եւ ձեր դպրոցի պատիվը»: 

Նախարարը նշեց, որ ապագա ուսանողներին դժվար ուղի է սպասում, բայց նրանց հորդորեց չհիասթափվել, հավատալ իրենց ուժերին, կարողություններին եւ հետագայում հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնք այսօր ծառացած են մեր երկրի առջեւ: 

«Աշակերտների ջանքերի, ծնողների հոգատարության ու օգնության եւ ուսուցիչների քրտնաջան աշխատանքի պսակն են այս ոսկե մեդալները: Այս միջոցառումը դպրոցի եւ բուհի գեղեցիկ միացում է, որ մեկ անգամ եւս ապացուցում է` անընդհատ կրթության գաղափարը 21-րդ դարի կրթական համակարգի հիմնական գաղափարն է: Դուք եք մեր ժողովրդին տանելու 21-րդ դարի միջով: Մենք` համալսարանականներս, կիսում ենք ձեր երջանկությունը:»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` ավելացնելով, որ ուզում է այս տարվա սեպտեմբերին բոլոր մեդալակիրներին տեսնել Մայր բուհի լսարաններում: 

Համաձայն ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանի` այս սերունդը հաղթող սերունդ է, 1990թ-ի ազգային վերածննդի ոգին կրող սերունդ: «Սա ձեր կյանքի առաջին կարեւոր հաղթանակն է: Ցանկանում եմ, որ ձեր կյանքի հաջորդ բոլոր շրջանները, իրադարձությունները լինեն հաղթական:Դուք այս սերնդի առաջամարտիկն եք, առաջնորդը: Իսկ մեր ժողովրդին առաջնորդներ են պետք հատկապես հիմա »,- ասաց պարոն Եսայանը: 

Թիվ 114 դպրոցի ոսկե մեդալակիր Անժելա Հովհաննիսյանի համար գերազանցիկ լինելը երբեք ինքնանպատակ չի եղել, ու ոչ էլ ծնողներն են պարտադրել: «Ես ունեցել եմ հստակ նպատակներ եւ լավ եմ սովորել` դրանք իրականություն դարձնելու համար: Ոսկե մեդալը դպրոցական շրջանի իմ վերջին նվաճումն է եւ առաջին նվաճումը` ուսանող դառնալու ճանապարհին»,- ասաց Անժելան: Նա պատրաստվում է դիմել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, որ պաշտպանի մարդկանց իրավունքները: Դրա համար նա պատրաստ է սովորել եւս 6 տարի:

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: