30.11.2020 | 
ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ
ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ
ԵՊՀ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ‹‹Թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի անկախության պայքարը›› խորագրով միջազգային գիտաժողով, որի մասնակից հայագետ, ցեղասպանագետ, պրոֆեսոր Տեսսա Հոֆմանը հրապարակել է հոդված գերմանական հեղինակավոր «Tagesspiegel»-ում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատմությանն ու ներկա զարգացումներին:

Սովորաբար երբ լրատվամիջոցները ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի պատմությունը, այն սկսում են 1988-ից՝ Խորհրդային Միության փլուզումից երեք տարի առաջ:

Այդ ժամանակ ինքնավար մարզի Գերագույն խորհուրդը Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին միացնելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել, որն Ադրբեջանն անմիջապես մերժել է:

Ադրբեջանն իր հերթին 1991-ին անկախություն հռչակեց Խորհրդային Միությունից, ապա դրան հետևեց Ղարաբաղի անկախության հռչակումը:

Երկուսուկես տարի անց տապալվեց Ադրբեջանի կողմից ռազմական գրավման փորձը՝ ղարաբաղահայության բուռն դիմադրության հետևանքով:

Ռուսաստանի և Ղազախստանի միջնորդությամբ ձեռք բերված զինադադարից հետո հետխորհրդային Ադրբեջանը 1994-ի մայիսին Ղարաբաղը ճանաչեց որպես բանակցային հավասար գործընկեր:

Նորագույն պատմության այս ուրվագիծը, որի մեկնաբանության նրբությունները մեծապես կախված են հեղինակների աշխարհքաղաքական տեսակետից, չափազանց կարճ է, որպեսզի թույլ տա հակամարտությանը տեղեկացված և պատմականորեն հիմնավոր գնահատական տալ:

 Այս պատմությունը պետք է սկսել ամենաուշը մեր թվարկության 11-րդ դարից:

Ռուսաստանը ճանաչեց Օսմանյան տերության տարածքային պահանջները

Հայկական թագավորության փլուզումից հետո ինքնիշխանություն այլևս գոյություն չուներ. բացառություն էին հայկական լեռնաշխարհում գտնվող Սյունիքը և Արցախի (Ղարաբաղ) արևելյան ծայրամասերը:

17-րդ դարի վերջին, երբ Իրանը ներքին և արտաքին ճգնաժամերի պատճառով թուլացավ, Արցախի հինգ հայկական իշխանությունները ստեղծեցին Խամսայի մելիքությունները, որի անկախությունը 1603 թվականին Իրանը պաշտոնապես ճանաչեց:

Երբ 1719 թվականին ապստամբությունները և աֆղանական արշավանքը ցնցեցին Պարսից Սաֆավիդների տոհմի հզորությունը, օսմանցիներն օգտագործեցին հին մրցակցի թուլությունը՝ ընդլայնելու իրենց ազդեցության ոլորտը Հարավային Կովկասում:

Ի հիասթափություն Արևելյան Վրաստանի և Հայաստանի՝ Ռուսաստանը ոչ միայն անտարբեր էր Հարավային Կովկասի քրիստոնյաների տագնապալի պայքարի նկատմամբ, այլև 1724 թ. Պոլսում պայմանագիր կնքեց, որով հաստատեց օսմանցիների հավակնություններն իրանական տարածքների, այդ թվում՝ Նախիջևանի, Գանձակի, Կապանի նկատմամբ:

Առաջացավ ռուս-թուրքական տարածքային համաձայնագրեր ձեռք բերելու ավանդույթը:

Իրանը ստիպված էր ճանաչել Ղարաբաղի բռնակցումը Ռուսական կայսրությանը Գյուլիստանի պայմանագրով, որով և ավարտեց Հարավային Կովկասում գերակայության պայքարը, և Դերբենդի, Բաքվի, Գանձակի ու Ղարաբաղի նախկինում պարսկական խանություններն անցան Ռուսաստանի տիրապետության տակ:

Երևանի ամրոցի գրավմամբ, ինչպես նաև 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրով Երևանի ու Նախիջևանի խանությունները նույնպես անցան Ռուսաստանի տիրապետության ներքո:

Հետագայում վերջիններս միավորվեցին՝ կազմելով «Հայկական մարզ»-ը (1828-1840), որը շատ հայերի պետական-ազգային վերածննդի հույս պարգևեց:

Այնուամենայնիվ, Ղարաբաղը մնաց էթնիկ և կրոնական առումով տարասեռ Ելիզավետպոլի նահանգում:

19-րդ դարում Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հակասական էր:

 Ռուսաստանի հոգևորականությունը հայերին համարում էր պառակտիչ, իսկ գաղտնի ծառայությունները՝ հեղափոխական:

«Հայաստանն առանց հայերի» արտահայտությունը ստեղծեց Ռուսաստանի դեսպան և արտգործնախարար Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկին:

1882 թվականից ի վեր Ռուսաստանի վարչական ապարատի ավելի ու ավելի կոշտ պահվածքը, Հարավային Կովկասի հաճախակի վարչական վերաբաշխումները՝ անկախ նրա աշխարհագրական և էթնիկական համատեքստից, ինչպես նաև ազգային քաղաքականությունը, որը հաճախ հիմնված էր բռնության վրա, խարխլեցին շատ հայերի վստահությունը ենթադրյալ փրկիչների հանդեպ:

Խորհրդային Ադրբեջանը՝ որպես ինքնավար մարզ

 1904-1905 և 1917 թվականներին Ռուսաստանի կայսրության ճգնաժամերը հանգեցրին առաջին «հայ-թաթարական պատերազմներին», ուղեկցվեցին հայերի ջարդերով (Բաքու, 1918, 30.000 զոհ, Շուշի, 1920, 20.000 զոհ):

Հայաստանի կարճատև հանրապետության թուլությունը (1918 թ. մայիսից մինչև 1920 թ. նոյեմբեր) և Փարիզի խաղաղության համաժողովի (1919 թ.) անտարբերությունը, որը չսահմանեց Ղարաբաղի կարգավիճակը՝ 70 տարի Ղարաբաղի ճակատագիրը թողնելով (խորհրդային) Ադրբեջանին:

Չնայած Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Միության քաղաքական գործիչները, այդ թվում նաև Ստալինը, բազմիցս խոստացել էին Հայաստանին Ղարաբաղի բռնակցումը 1920-ի վերջից, բայց 1921 թ. հուլիսի 5-ին այն տրվեց Խորհրդային Ադրբեջանին, թուրք քեմալականների հորդորով՝ որպես «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ»:

Այս ինքնավար կարգավիճակը, սակայն, տարածվում էր միայն պատմական Լեռնային Ղարաբաղի 12.000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա (4.400 քառակուսի կիլոմետր), յոթ հարակից շրջանները չեն ստացել որևէ ինքնավար կարգավիճակ:

Ադրբեջանի նպատակային ահաբեկման, ձուլման, տեղահանման քաղաքականության և սոցիալ-տնտեսական անտեսման արդյունքում Հայաստանի բնակչությունը, որը 1923 թ. 94 տոկոս էր, նվազեց մինչև ընդհանուր բնակչության թվաքանակի 80.5 տոկոսի (1979 թ.):

1962 թվականից Ղարաբաղի հայերի խնդրագրերն ու հուշագրերը ԽՄԿԿ բարձրագույն մարմիններին անուշադրության մատնվեցին:

Անդրադարձ ինքնորոշման ազգային իրավունքին

Ուրեմն ինչի՞ հիմքով է տարածվում այն պնդումը, որ, ըստ միջազգային իրավունքի, Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Այս պնդումը ներկայացնում են Ադրբեջանը, ինչպես նաև ոչ հակամարտող պետությունները՝ հաճախ ավելի լավ փաստարկված գիտելիքների դեմ:

Գիտնական, իրավաբան Օտտո Լուխտերհանդտը, օրինակ, համոզիչ հակադարձեց այս տեսակետին այն փաստարկով, որ Ղարաբաղի հայերի ազգային ինքնորոշման իրավունքն ավելի արժեքավոր է, քան ադրբեջանական ինքնիշխանության իրավունքը:

ԵԱՀԿ նախկին հատուկ բանագնաց Գյունտեր Բյեխլերն Արևելաեվրոպական ուսումնասիրությունների գերմանական ընկերության կողմից կազմակերպված տեսաբանավեճում մեկնաբանել է, որ չնայած Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ, բայց այս պահին ունի «փաստացի պետության բոլոր չափանիշները»։

Կարգավիճակի շնորհիվ Արցախի Հանրապետությունը պաշտպանված կլիներ բռնությունից ու հարձակումներից միջազգային իրավունքով և իրավունք կունենար ինքնապաշտպանության:

 Ադրբեջանի կրկնվող զինված հարձակումները նույնքան անօրինական կլինեին, որքան Թուրքիայի զանգվածային աջակցությունը:

Բայց ո՞վ է իրականացնում միջազգային իրավունքի խախտումներ կոնկրետ դեպքում:

Կարգավիճակի չլուծված խնդիրներ ունեցողների պայքարի պատմությունը հենց այն է, ինչ պետք է ուսումնասիրել:

Խաղաղության համաձայնագիրը, որը ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում էր պատրաստել 1994 թվականից, այսօր էլ չկա: Հայաստանը մերժեց «Մադրիդյան սկզբունքները» (2007-ից 2009 թվականներին), որոնք նախատեսում էին անվտանգության նկատառումներով 1992 թվականից հայկական զինված ուժերի կողմից վերահսկվող յոթ շրջանների և հարյուր հազարավոր ադրբեջանցի ներքին տեղահանվածների վերադարձը:

Փոխարենն ակնհայտորեն հայ պետական քաղաքական գործիչներն ապավինում էին փաստի ուժին:

Բայց նավթով հարուստ Ադրբեջանը չէր մոռացել իր տարածքային պահանջները և 2004-ից 2015 թվականներին ավելացրեց իր ռազմական տարեկան ծախսերը, ինչը զգալիորեն ավելի աղքատ Հայաստանին մղեց սպառազինությունների մրցավազքի:

Ադրբեջանին զենք էին մատակարարում ոչ միայն Թուրքիան և Իսրայելը, այլև Ռուսաստանը, որը զենք է մատակարարում նաև Հայաստանին:

Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում մնում է երկիմաստ. հայերի ենթադրյալ պաշտպանական ուժը Թուրքիայի և՛ առևտրային գործընկեր է, և՛ աշխարհառազմավարական մրցակիցը:

 Հայաստանի և Ադրբեջանի տարածքային, բնակչության և ռազմական անհամաչափությունը բնութագրվում է նաև նրանց պաշտպանող տերությունների անհավասար ներգրավվածությամբ:

Մինչ Թուրքիան տրամաբանորեն և ռազմական խորհրդատուների հետ աջակցում էր իր ադրբեջանցի «եղբայր ժողովրդին», Ռուսաստանը վեց շաբաթ սպասեց՝ տեսնելու, թե ինչպես են հայկական զինված ուժերը մաշվում ադրբեջանցիների, ջիհադականների և սիրիացի վարձկանների դեմ պայքարում:

 

Անի Պողոսյան