Այս օլիմպիադան անցկացվում է 2003 թ-ից: Ֆակուլտետում ձեւավորվել է օլիմպիական կազմկոմիտե, որը ղեկավարում է դեկան Վահրամ Դումանյանը: Օլիմպիադաներում հիմնականում ուսանողներին առաջադրվում են դասախոսների կազմած խնդիրները: Արդյունքներն ամփոփում է մասնագիտական ժյուրին` Ռաֆիկ Տոնոյանի գլխավորությամբ:
Ուսանողների հետ աշխատում է ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը, ում միջազգային մրցույթների ժամանակ վստահվում է պատվիրակության ղեկավարի պաշտոնը: Իսկ նա այդ պարտականությանը վերաբերվում է ամենայն պատասխանատվությամբ: Ինչպես ուսանողներն են փաստում, նա երբեք չի զլանում եւ պատրաստ է յուրաքանչյուր խնդրի լուծումը քննարկել ուսանողների հետ: «Ընտրում ենք ալգորիթմական բարդության խնդիրներ: Ձգտում ենք, որ խնդիրների փաթեթը բազմազան լինի, ներառի գիտելիքների տարբեր ոլորտներ, խնդիրները տարբերվեն իրենց բարդությամբ:
Եվ այդ խնդիրների լուծման համար իրականում պետք են գիտելիքներ ոչ միայն ծրագրավորումից, այլեւ մաթեմատիկայից (դիսկրետ մաթեմատիկա), երկրաչափությունից, համեմատությունների տեսությունից եւ այլն: Այնուամենայնիվ, այս տարի նկատվեց ուժերի թուլացում նախորդ տարիների համեմատ»,- նշում է Արմեն Անդրեասյանը: Ինչպես պարոն Անդրեասյանն է ասում, ուսանողները խնդիրները հիմնականում հեշտ են հաղթահարում:
Որոշ դեպքերում դժվարանում են միայն առաջին անգամ մասնակցող ուսանողները: Այնուամենայնիվ, օլիմպիական սկզբունքը պահպանվում է. առաջադրված խնդիրներից մեկը համեմատաբար պարզ է լինում, որպեսզի մասնակիցներից ոչ մեկը 0 արդյունք չգրանցի: Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում լուծման ժամանակը: Նախապատվությունը տրվում է ավելի քիչ ժամանակում խնդիրը լուծած ուսանողին: Ի դեպ, այն ծրագիրը, որի օգնությամբ հաշվում են արդյունքները, ստեղծվել է մի քանի տարի առաջ ԻԿՄ-ում մի ուսանողի կողմից: Այն ժամանակի հետ պարբերաբար թարմացվում է: Ըստ ցուցաբերած արդյունքների` առաջին 6 մասնակիցները դեռ դպրոցական տարիներից են մասնակցում օլիմպիադաներին: Ամենաբարձր միավորներ վաստակած ուսանողներն են Արամ Շատախցյանը (ԻԿՄ, 3-րդ կուրս, ), Արմեն Մնացականյանը (ԻԿՄ, 4-րդ կուրս), Մարտուն Կարապետյանը (ԻԿՄ, 2-րդ կուրս), Հայկ Բլրցյանը (Ֆիզ. Ֆակ., 2-րդ կուրս), Կարապետ Կոստանդյանը (ԻԿՄ, 3-րդ կուրս), Տիգրան Հակոբյանը (Մաթ. մեխ., 2-րդ կուրս) եւ Աշոտ Կարապետյանը (ԻԿՄ, 2-րդ կուրս):
«Օլիմպիադաների մասնակցում եմ դեռեւս դպրոցական տարիներից: Այդ ժամանակվա ամենամեծ նվաճումս միջազգային մրցույթի արծաթե մեդալն է եղել: Խնդիրները շատ բարդ չէին, բայց միայն լսարանում ստացած գիտելիքներով դժվար է լուծելը: Անպայման պետք է շատ աշխատել, անընդհատ զբաղվել նմանաբնույթ խնդիրներով: Բայց ամենամեծ դերը խաղում է փորձը»,- ասում է Արամ Շատախցյանը:
Հոկտեմբերի 3-ին կանցկացվի օլիմպիադայի թիմային փուլը, որի արդյունքում հաղթող ճանաչված ուսանողները կմասնակցեն հոկտեմբերի 17-ին կայանալիք քառորդ եզրափակչին, որտեղ ներկայացված կլինեն նաեւ թիմեր այլ բուհերից: Պարոն Դումանյանը ցավով նշում է, որ մարզերի մասնակցության մակարդակը շատ ցածր է, իսկ պատճառն այն է, որ դրան պատշաճ ուշադրութուն չի հատկացվում: