04.12.2008 | 
Գիտություն
ՄԻԱՑՅԱԼ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ՄԻԱՑՅԱԼ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
«Աշխարհագրության եւ երկրաբանության հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովը համախմբել էր միավորված ֆակուլտետի ուսանողներին:

Գիտաժողովի նախաձեռնողը Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունն էր: Ընտրված թեման ծավալուն էր, գլոբալ. նպատակը` ֆակուլտետի երկու բաժիններից հնարավորինս շատ ուսանողներ ներգրավելն էր: Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Հարություն Մովսիսյանն ափսոսանք հայտնեց, որ 5 զեկուցողներից միայն մեկն էր Աշխարհագրության բաժնից: 

«Ես հույս ունեմ, որ այս գիտաժողովն սկիզբ կդնի արդյունավետ համագործակցության: Խոստանում եմ, որ ՈՒԳԸ-ն նման կարգի միջոցառումներով ավելի հաճախ հանդես կգա»,- ասաց ուսանողական կառույցի ղեկավարը: 

Ուսանողները պատրաստել էին հետեւյալ թեմաները` «Հնագույն նյութերի օգտագործմամբ հնաշխարհագրական պայմանների վերականգնումը չորրորդական ժամանակաշրջանի համար» (Սամվել Ոսկանյան), «ՀՀ մինչքեմբրյան մետամորֆային համալիրի` Ապարան-Հանքավանի սերիայի պետրոլոգիան եւ պետրոքիմիան» (Տիգրան Լորսաբյան), «Արտենիի ռիոլիտային գմբեթաձեւ հրաբուխը» (Հռիփսիմե Գեւորգյան), «Շորժա-Ջիլի (Սեւանա լճի ավազան) հանքային դաշտի երկրաբանական կառուցվածքը» (Տիգրան Շախբեկյան), «Ցամաքի ջրերը, նրանց օգտագործումն ու պահպանումը» (Ազատ Սաֆարյան): 

Յուրաքանչյուր թեմայի զեկուցումից հետո մասնակիցները քննարկում էին ներկայացված նյութը, կարծիքներ փոխանակում: Ֆակուլտետի պատմական եւ ռեգիոնալ երկրաբանության ամբիոնի վարիչ Էդիկ Խառազյանը հույս հայտնեց, որ նման գիտաժողովներ ավելի հաճախ կկազմակերպվեն, եւ ավելի շատ ուսանողներ կընդգրկվեն: 

«Այս գիտաժողովը լուրջ նշանակություն ունի: Հույս ունեմ` ներկայացված աշխատանքները կտպագրվեն առանձին գրքույկով կամ գոնե գիտական հոդվածների տեսքով: Թեմաների մեծ մասն իսկապես կարեւոր է մեր ոլորտի համար»,- ասաց ամբիոնի վարիչը: 

Զեկուցումներից մեկի հեղինակը` մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Սամվել Ոսկանյանը, գիտաժողովը բավականին հաջողված է համարում. «Առաջին անգամ էի իմ ուսումնասիրությունները ներկայացնում որեւէ գիտաժողովի: Ինքնուրույն աշխատանքի բավականին լավ փորձ էր, հուսամ` վերջինը չի լինի»: 

Սամվելը նկատեց, որ այլ ամբիոնների ուսանողների կատարած հետազոտությունները եւս շատ հետաքրքիր էին եւ խորը: Ի դեպ, մասնագետները շատ բարձր գնահատեցին Սամվելի աշխատանքը` խորհուրդ տալով իր հետագա ուսումնասիրություններում հնագիտությունն օգտագործել երկրաբանության մեջ եւ հակառակը. երկու գիտությունների սինթեզի միջոցով կարելի է ստանալ մի նոր ուղղություն: 

Ուսանողներից ոմանք կմասնակցեն նաեւ ԵՊՀ ՈՒԳԸ-ի կազմակերպած գիտաժողովին, որ հավանաբար տեղի կունենա այս ամսվա կեսերին:

Այլ նորություններ
«ՔՐԴԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Քրդերն ու Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով գիտաժողով:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Դեռևս մայիսին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպել էր գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթը: