Միջոցառումը, որի ժամանակ հանձնվեցին գրքերը, նվիրված էր ԵՊՀ 90-ամյակին եւ ՄԱԿ-ի 64-րդ տարելիցին: ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյանի փոխանցմամբ` նվիրաբերված գրականությունը հիմնականում ՄԱԿ-ի գործունեությանը վերաբերող արժեքավոր փաստաթղթեր են, տեղեկատվական գրքեր եւ ՄԱԿ-ի տարբեր փորձագիտական խմբերի կողմից կատարված տարեկան հաշվետվություններ:
«Քանի որ ՄԱԿ-ը փոխում է իր ռազմավարությունը, որոշում է կայացվել ողջ գրականությունը նվիրել ԵՊՀ եւ Ազգային գրադարաններին: Այդ կերպ նրանք փորձում են իրենց գրականությունն առավել հասու դարձնել ընթերցողների լայն շրջանակին»,- ասում է Աշոտ Ալեքսանյանը: ԵՊՀ ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանն առաջին ավանդապահ գրադարանն է Հայաստանում, հիմնադրվել է 1995 թվականին:
Նրա հիմնական ֆոնդը կազմում է 5000 միավոր գիրք, հանդես, պաստառ եւ ՄԱԿ-ին վերաբերող այլ նյութեր: Դրանք հիմնականում անգլերեն, ռուսերեն եւ հայերեն լեզուներով են: «ՄԱԿ-ը մեծ ուշադրություն է դարձնում հայ երիտասարդությանը: ԵՊՀ-ն իդեալական վայր է գրադարանի համար, եւ մենք գոհ ենք նրա սպասարկումից:
Ես համոզված եմ, որ ուսանողներն այժմ առավել մեծ հնարավորություն կունենան` տեղեկանալու Հայաստանում մեր նվաճումների մասին»,- ասաց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: Միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ, դասախոսներ, գրադարանի աշխատակիցներ, ովքեր հնարավորություն ունեցան դիտելու ՄԱԿ-ի հրատարակությունների ցուցահանդեսը: