28.03.2013 | 
Մշակույթ
ՌՈՒՍԱՍՏԱՆԱԲՆԱԿ ԵՐԳԻՉԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԱԲՆԱԿ ԵՐԳԻՉԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի հյուրն այսօր «Հայաստանի ձայնը» նախագծի եզրափակիչ փուլի մասնակից Մարտ Բաբայանն էր:

Հանդիպման հիմնական նպատակը ԵՊՀ երաժշտասեր ուսանողությանը ռուսաստանաբնակ երիտասարդ երգչի հետ ծանոթացումն էր, անմիջական շփումը հարց ու պատասխանի միջոցով:

 
«Վերջին շրջանում մեր ֆակուլտետում տեղի են ունենում հետաքրքիր հանդիպումներ մարզական և մշակութային ոլորտի հայտնի ներկայացուցիչների հետ. երկրի անվանի մարզիկները և արդեն ճանաչում ունեցող մշակութային գործիչները սիրով գալիս են մեր ֆակուլտետի ուսանողության հետ հանդիպելու»,- հանդիպման սկզբում ասաց Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը` շարունակական հաջողություն ցանկանալով երիտասարդ երգչին:


Ֆակուլտետի նախկին աշխատակից, այժմ արդեն Մարտ Բաբայանի PR մենեջեր Լուսինե Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ուսանողությանը` նշելով, որ այսպիսի հանդիպումները շատ կարևոր են երիտասարդ երգչի համար: Ուսանողները ևս բավականին հետաքրքրված էին իրենց հյուրով: Ուսանողուհիներից մեկին հետաքրքրում էր, թե քանի տարեկանից է սկսել երգել երգիչը: Այդ հարցի պատասխանը երիտասարդ կատարողի կողմից անկեղծ խոստովանություն էր. «Դեռ 5 ամսական էի, երբ մորս փոխարեն ինքս էի ինձ օրոր ասում (դահլիճը բուռն ծափահարեց): Արդեն 2 տարեկանում կատարում էի Սոֆիա Ռոտարուի բազում հայտնի երգերից, իսկ 10 տարեկանում էլ մրցույթների էի մասնակցում և մրցանակներ ստանում»:


Հանդիպման ընթացքում Մարտ Բաբայանը մի քանի գեղեցիկ երգեր էլ կատարեց: «Հետաքրքիր հանդիպում էր: Բացի ուսմանը ժամանակ տրամադրելուց` կարևոր է նաև, որ հանդիպենք մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ: Այսպես մեր մշակութային գիտելիքներն էլ ենք զարգացնում»,- նշեց ուսանողներից Մարիամ Մելքոնյանը` հավելելով, որ մեծ հետաքրքրությամբ ինքը հետևել է «Հայաստանի ձայնը» նախագծին և լավ գիտի երգչին:


Ուսանողների հետ հանդիպման վերջում Մարտ Բաբայանը շնորհակալություն հայտնեց բոլորին և խոստովանեց, որ իր կյանքն առանցի երգի չի պատկերացնում. «Այն, ինչ անում եմ, ամբողջությամբ ստեղծագործության հետ է կապված: Ուրախ եմ, որ եկել էիք այս հանդիպմանը: Շնորհակալ եմ ձեզ»:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։