Ուսանողական ռոք փառատոնի գաղափարը ԵՊՀ ուսանողական խորհրդինն էր: Բացառապես երիտասարդներից բաղկացած 7 ռոք խմբերից մի մասն արդեն իսկ հանդիսատեսին ներկայանալու մեծ փորձ ունեին, մյուսներն էլ առաջին անգամ էին ելույթ ունենում: Մասնակիցներից շատերը տարբեր բուհերի ուսանողներ էին, իսկ մյուսներն ուսանող էին, բայց` միայն իրենց հուշերում: Ուսխորհրդի մշակույթի հանձնաժողովի նախագահ Լուսինե Կոշեցյանն ասում է, որ ռոքի հանդեպ ուսանողների հետաքրքրությունը մեծ է:
«Շատ խմբեր են դիմել, բայց ընտրվել են միայն 7-ը»,- նշում է նա: Ի դեպ, ուսանողական երաժշտական փառատոները նորություն չեն ԵՊՀ-ի համար: Առաջին փառատոնը, որ նվիրված էր ջազ երաժշտությանը, կայացել է մի քանի ամիս առաջ: «Առաջիկայում գուցե ռետրո ոճով կամ «Բիթլզ»-ի երգերի երեկո լինի»,- հույս է հայտնում Լուսինե Կոշեցյանը:
«Դեղ» խմբի կիթառահար Ռոբերտ Խուդավերդյանն ինքն է գրում իրենց բոլոր երգերը: 30-ից ավելի երգ ունեն երգացանկում ու հասցրել են նվագել քաղաքի գրեթե բոլոր ակումբներում: Ռոբերտը մասնագիտությամբ դատական հոգեբան է: Խմբի մյուս անդամները նույնպես ուսանող են. սովորում են տարբեր բուհերում: «Երգերի թեմաները տարբեր են: Չի կարելի ասել, որ երգը կոնկրետ մի բանի մասին է: Մեր երգերում հասարակության տարբեր խնդիրներն ենք վերհանում ու տալիս «դեղ» այդ ցավերի համար»,- պարզաբանում է Ռոբերտը: ԵՊՀ մշակույթի կենտրոնում հավաքված երիտասարդները միաբերան պնդում էին, որ իրենք եկել են այդտեղ «տժժալու»:
Ճիշտ է, ռոքի ուղղությունները տարբեր էին, բայց տարբեր էր նաեւ 7 խմբերի ներկայացրած երաժշտությունը: «Կարեւորը «դրայվն» է, իսկ այն կա»,- նշում էր հանդիսականներից մեկը: ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Համբարձումյանը համերգի սկզբում խոստովանեց, որ խմբերից շատերին չի ճանաչում: «Միայն «Another Story» խմբին եմ ծանոթ, այնպես որ` ինձ համար բացահայտումներ, կարծում եմ, շատ են լինելու»,- ասում է ռոքի սիրահար ապագա արեւելագետը: Ի դեպ, թեեւ համերգն ամսի վեցին էր` ժամը վեցին, ու վեցերորդ հարկում, բայց ոչ մի արտառոց դեպք չգրանցվեց, ու համերգը բարեհաջող անցավ: