12.12.2008 | 
Ուսանողական, Գիտություն
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՄԲ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՄԲ
Հայաստանյան բուհերը շնորհավորում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 75-ամյակը:

«Ընտանիքի ազդեցությունը անչափահասների հանցավորության վրա», «Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը», «Փաստաբանական ծառայություններ. անհրաժեշտությո՞ւն, թե՞ շքեղություն» եւ այլ հարցերի մասին էր Իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ի եւ ՈւԽ-ի կազմակերպած միջբուհական գիտաժողովը` «Օրենսդրության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով: Գիտաժողովը տեւելու է երկու օր` դեկտեմբերի 12-ից-13-ը:

 

Մասնակցում են ոչ միայն ԵՊՀ-ի, այլեւ այլ բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողներ: Հրավերներ են ուղարկվել մոտ 30 բուհերի, բայց մասնակցության հայտ են ներկայացրել միայն վեցը: Ուսանողները կներկայացնեն 31 զեկուցում: «Դա բավական լավ հնարավորություն է տալիս քննարկել տվյալ ոլորտում առկա հիմնախնդիրները ու լուծման ուղիներ գտնել:

 

Կարծում եմ` դա կարեւոր նշանակութուն ունի ոչ միայն ուսանողների, այլեւ դասախոսների եւ գիտաժողովին ներկա մասնագետների համար, քանի որ նրանք նույնպես նոր տեսակետների են ծանոթանում ու կարողանում են օգտակար ինֆորմացիա քաղել: Թեման բավականին լայն է ընտրված, որպեսզի ուսանողները կարծիք արտահայտելիս իրենց չսահմանափակեն թեմայի սեղմության պատճառով»,-ասում է Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անահիտ Մանասյանը:

 

Արդեն ավանդական դարձած գիտաժողովը այս տարի նվիրված է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հիմնադրման 75-ամյակին: Գիտաժողովի ընթացքում լավագույն աշխատանքներ ներկայացրած ուսանողները կպարգեւատրվեն մրցանակներով:Այս տարի հատուկ մրցանակ է սահմանվել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի կողմից, որը կտրվի ՍԴ-ի մասին լավագույն զեկուցում ներկայացրած ուսանողին: Կան նաեւ Իրավաբանների միության կողմից սահմանած հատուկ եւ խրախուսական մրցանակներ: Հաղթողներին որոշում է ժյուրին, որը բաղկացած է երեք հոգուց` ՍԴ անդամներ Զինավոր Ղուկասյանը, Հրանտ Նազարյանը եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը:

 

«Այս միջոցառմանը մեր ուսանողները կարծես օլիմպիական սկզբունքով են մասնակցում`«Կարեւորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը»: Համենայն դեպս, ես կարծում եմ` սա կլինի նաեւ արժանիների մրցույթ»,- իր խոսքում նշեց Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: «Յուրաքանչյուր ուսանողի եւ մարդու համար կարեւոր է, երբ իր կատարած աշխատանքը գնահատվում է: Մեր պարագայում այդ գնահատականն արտահայտվում է մրցանակների ձեւով: Ես համոզված եմ, որ մեր ուսանողները որեւէ շահադիտական նպատակ չեն հետապնդում:Նրանցից յուրաքանչյուրը շատ լուրջ գիտական աշխատանք է գրել ու ցանկանում է ներկայացնել իր տեսակետը»,- ավելացրեց Անահիտ Մանասյանը:

Այլ նորություններ
«ՔՐԴԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Քրդերն ու Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով գիտաժողով:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Դեռևս մայիսին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպել էր գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթը: