27.03.2009 | 
Ուսանողական, Մշակույթ
ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆ. C'EST LA VIE
ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆ. C'EST LA VIE
Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է:

Այսօր թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ համալսարանականների հյուրն էր Փարիզի «Լա Բոհեմա» թատերական միության հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, բեմադրիչ, տաղանդավոր դերասան Նարեկ Դուրյանը: Արվեստագետի հետ հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնը, որն արդեն 3 տարի է, ինչ «ԵՊՀ ռեկտորը ներկայացնում է…» մշակութային ծրագրի շրջանակներում համալսարանականներին հնարավորություն է ընձեռում ավելի մոտիկից ծանոթանալու ու շփվելու հայ անվանի արվեստագետների հետ:

 

Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նախ շնորհավորեց Նարեկ Դուրյանին թատրոնի օրվա կապացությամբ եւ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ այցելելու համար, այնուհետեւ նշեց, որ ուսանողները մեկ անգամ չէ, որ ցանկություն են հայտնել հանդիպելու նրա հետ: Հանդիպումը բավականին ջերմ անցավ:

 

Մինչ ուսանողների հարցերին պատասխանելը հյուրը խոսեց վերջերս ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի ներկայացրած «Ես իմ անուշ Հայաստանի…» բեմադրության մասին. «Շնորհավորում եմ, երեխեք ջան, եթե հաշվի առնենք, որ բեմում ոչ պրոֆեսիոնալ դերասաններ էին, շատ լավ է: Ներկայացման մեջ եւ´ էներգիա կար, եւ´ հավատ, եւ´ հոգի ու սեր…բրա´վո»: Ուսանողների հարցերը շատ էին եւ բազմաբովանդակ:

 

Ն. Դուրյանը խոսեց իր անցած ճանապարհի, թատրոնի դերի ու նշանակության, հանդիսատեսի ազգային առանձնահատկությունների եւ մի շարք այլ հարցերի մասին: Արվեստագետը ցավով նշեց, որ մեր քաղաքում ինտելեկտի պակաս է զգում. «Այսօրվա արագ տեմպերով առաջ գնացող գլոբալիզացիան, ազատությունը շատ բան է փչացնում: Ես դեմ չեմ, որ երիտասարդն ազատ լինի, բայց ցանկացած բան հեշտությամբ ձեռք բերելն ու կյանքի միայն նյութական կողմն ապահովելու մասին մտածելը խեղդում է ինտելեկտը: Հիշե´ք, որ պայքարում են ծնվում Սեւակներ ու Չարենցներ»:

 

Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուն եւ այստեղ հաստատվելուն, Ն. Դուրյանն ասաց, որ ինքը շատ կուզեր հայրենիք վերադառնալ, սակայն վստահ է, որ իր հանդեպ սերն ու հարգանքը կարող է պակասել. «Ես չգիտեմ` ինչու եւ որտեղից է այդ չարությունը մեր մեջ: Բոլոր մեծերը ժամանակին հալածվել ու մերժվել են իրենց հայրենիքում, ստիպված հեռացել են ու միայն օտար ափերում անուն ու հարգանք ձեռք բերելուց հետո գնահատվել: Դա ցավալի է: Այսօր շատ հայ տաղանդավոր մարդիկ, ապրելով ու ստեղծագործելով օտար երկրներում, միաժամանակ փորձում են հայ մնալ, իրենց երեխաներին հայ դաստիարակել հոգով ու կենցաղով»: Հանդիպման վերջում ներկաները դեռ երկար ժամանակ բաց չէին թողնում Նարեկ Դուրյանին, իսկ նա համբերատար շարունակում էր ուսանողների հարցերին պատասխանել ու լուսանկարվել նրանց հետ:

Այլ նորություններ
«ԱՍՏՂԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔՆ ԻՄ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆԻ 250-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի՝ «Աստղազարդ երկինքն իմ գլխավերևում» խորագիրը կրող համերգը՝ նվիրված գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին:
ՍՏՈՒԳՎՈՒՄ Է ՅՈՒՐԱՑՐԱԾ ԳԻՏԵԼԻՔԸ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել և իրականացվել է մասնագիտական վիկտորինա, որի ընթացքում ստուգվել են առաջինկուրսեցիների յուրացրած գիտելիքները: