15.11.2011 | 
Մշակույթ
ՄԱՇՏՈՑԸ ՆՈՐԻՑ ԾՆՎԵՑ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՄԱՇՏՈՑԸ ՆՈՐԻՑ ԾՆՎԵՑ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Երեկ ԵՊՀ մշակույթի կենտրոնում կայացավ «Եվ Այր մի` Մաշտոց անուն» ներկայացման պրեմիերան:

Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին համալսարանը նույնպես մասնակցեց մեծ հային նվիրված ներկայացումով: «Համալսարանական» թատրոն-ստուդիան ներկայացմանը պատրաստվում էր դեռ փետրվարից, որի կայացման համար կենտրոնը ներդրել էր իր ողջ ներուժը:

 

Ըստ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն եւ բեմադրության ռեժիսոր Կարինե Դավթյանի` ներկայացումը մի յուրօրինակ միախառնում է Պարույր Սեւակի «Եվ Այր մի` Մաշտոց անուն» պոեմի, Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» եւ Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունների. «Իմ ուսումնասիրությունները սկսելիս ես մեծ զարմանքով պարզեցի, որ Մաշտոցին նվիրված դրամատիկական գործ չկա»: Կերպարները ընտրվել էին ստուդիայի սաներից, սակայն հրավիրվել էին նաեւ այլ դերասաններ: «Ինձ համար մեծ պատիվ է խաղալ մի մարդու դերը, ում աշակերտներն ենք մենք բոլորս»,- նշում է Գեւորգ Հայրապետյանը, ով սովորում է «Հայֆիլմ» կինոստուդիայում, եւ ում վիճակված էր խաղալ Մեսրոպ Մաշտոցի դերը: Մովսես Խորենացու դերում ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանն էր:

 

Առանձնահատուկ աշխատանք էր կատարել նկարչական ձեւավորող Աննա Հարությունյանը. «Փորձել եմ զգալ գործի փիլիսոփայությունը եւ մտնել դրա մեջ, այս անգամ գույներն ավելի խամրած էին, դարաշրջանին համապատասխան»: Ներկայացման պատվավոր հյուրերն էին ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և ֆակուլտետների դեկանները: Կարեն Ջանիբեկյանը տպավորված էր երիտասարդների ոգեւորությունից. «Նոր ու թարմ էր ամեն ինչ, լավ է, որ երիտասարդներն այսպես խանդավառությամբ են զբաղվում այս արվեստով»:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։