Ապրիլի 16-ին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հյուրը «www.armenianhouse.org» էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանն էր: Զրուցում էին «Հայ- թուրքական հարաբերություններ. տեղեկատվական քարոզչության ասպեկտները» թեմայի շուրջ: Հանդիպումը կազմակերպել էին Երիտասարդ լրագրողների ակումբն ու ֆակուլտետի ՈՒԳԸ-ն:
Կարենն արդեն երկար տարիներ ուսումնասիրում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից տարվող հակահայկական քարոզչությունը` իր տարբեր դրսեւորումներով: Նա ներկայացրեց մի խումբ թեզեր, որոնք օգտագործվում են մեր դեմ, ազդում են մեր լսարանի վրա: Որոշ մարդիկ այն համոզմանն են, որ թուրքերը նույնն են, ինչ հարյուր տարի առաջ` անկիրթ բարբարոսներ:
Բայց Կարենը հավաստիացրեց, որ գուցե Թուրքիայի արեւելյան շրջաններում (Արեւմտյան Հայաստան)` քրդաբնակ գյուղերում, կրթությունը ստորին մակարդակից էլ ցածր է: Այնինչ նույն Թուրքայի մայրաքաղաքում կան բավական ուժեղ համալսարաններ, որոնք կարողանում են մրցել միջազգային համալսարանների հետ, հրավիրում են արտասահմանյան բարձրակարգ մասնագետների, որոնք հետագայում դառնում են Թուրքիայի լավ բարեկամները: Թուրքերը շատ ակտիվ աշխատում են նաեւ իրենց երկրից դուրս թուրքական դպրոցներ բացելու ուղղությամբ:
«Նրանք սովորել են արտասահմանում իրենց շատ լավ ներկայացնել: Այս ամենը նշանակում է, որ Թուրքիան այսօր մեզ համար ավելի լուրջ թշնամի է, քան 100 տարի առաջ: Գուցե փոխվել է նրանց կենսամակարդակը, բայց մեր նկատմամբ վերաբերմունքը նույնն է մնացել: Պետք է հիշել, որ պետությունների միջեւ բարեկամություն չի կարող լինել, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն ունի իր շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են»,- ասում է Կարեն Վրթանեսյանը: Որպես տվյալ ոլորտի մասնագետ` նրան շատ էր հետաքրքրում նաեւ ուսանողների կարծիքը Թուրքիայի` մեր նկատմամբ վարած քաղաքականության վերաբերյալ: Հանդիպմանը ներկա որոշ ուսանողներ, ովքեր եղել էին այդ երկրում կամ որեւէ կերպ շփվել են թուրքերի հետ, ներկայացրին իրենց տպավորություններն ու վերաբերմունքը:
Կարենը նաեւ նշեց, որ երբեմն լրագրողները «խոսքի ազատություն» կամ «անաչառ լրագրություն» են խաղում`դրանով իսկ վտանգելով ազգային ու պետական շահերը: «Այս եւ նախորդ հանդիպումներն ապացուցեցին, որ ինֆորմացիոն պատերազմների ոլորտին ծանոթ չլինելը, լավ տեղեկացված չլինելը ժուռնալիստի համար ինքնասպանությանը հավասարազոր բան է»,- հանդիպման ավարտին ասաց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Օվսաննա Գեւորգյանը: