20.03.2013 | 
Կրթություն
ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Օգտակար գիտելիքներ ձեռք բերելով` ուսանողները կկարողանան մրցակցել նաև հեղինակավոր ընկերությունում աշխատելու համար:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը համագործակցում է Հայաստանի մի շարք առաջատար ընկերությունների հետ՝ նպատակ ունենալով աջակցել աշխատաշուկայում ուսանողների մրցունակությանը և հնարավորություն ընձեռել ուսանողներին մասնակցելու տարբեր կրթական ուղղվածություն ունեցող միջոցառումներին:


Այս ծրագրերի շրջանակներում կենտրոնը կազմակերպել է «Եկամտային հարկ», «Կուտակային կենսաթոշակներ» և «Բանկային համակարգ» թեմաներով եռօրյա սեմինար-դասընթացների շարք և համալսարանականների համար սեմինարը վարում էին կենտրոնի գործընկերներ «Քեյ-փի-էմ-ջի Արմենիա» (KPMG Armenia) ընկերության ներկայացուցիչները:


Սեմինարի բացման խոսքով հանդես եկավ ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար, ավագ մենեջեր Սոնա Մարտիրոսյանը. «Ուրախ ենք համագործակցել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ: Միաժամանակ մենք իսկապես բարձր ենք գնահատում աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների ներուժը»: Սոնա Մարտիրոսյանը ուսանողներին նախ ծանոթացրեց ընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանում ունեցած վարկանիշին, «Քեյ-փի-էմ-ջի Արմենիայի» թիմում աշխատելու պահանջներին և առավելություններին:


Այնուհետև նա նշեց, որ նորավարտ շրջանավարտները հնարավորություն կստանան մասնակցելու մայիսին կայանալիք թափուր աշխատատեղերի մրցույթին, իսկ նրանցից ոմանք հոկտեմբերին` հարցազրույցի և թեստերի բոլոր փուլերն անցնելուց հետո, կընդգրկվեն ընկերության կազմի մեջ: Նշվեց, որ «Քեյ-փի-էմ-ջի Արմենիա» ընկերությունը, մասնավորապես նրա աուդիտի բաժինը աշխատանքի տեղավորման հավասար հնարավորություն է ընձեռում աշխատանքային հարուստ փորձ չունեցող, սակայն նպատակասլաց, աշխատասեր և անգլերենի լավ իմացությամբ մասնագետներին:


Ընկերության հարկային և իրավաբանական բաժնի ղեկավար Գևորգ Զաքինյանն էլ ուսանողներին ներկայացրեց եկամտային հարկին վերաբերող հիմնական հասկացությունները: «Այս եռօրյա սեմինարի նպատակը մեր ուսանողների կարիերայի հնարավորությունները խթանելն է: Հաշվի առնելով ուսանողների պահանջարկը` մեր գործընկերների հետ քննարկում և ընտրում ենք խիստ արդիական թեմաներ, ապա որոշում, թե ուսանողության որ հատվածի հետ ավելի նպատակահարմար կլինի այս կամ այն հարցի քննարկումը: Այսօր շոշափվելու են բանկային ոլորտին վերաբերող խնդիրներ, սակայն դա չի նշանակում, որ ցանկության դեպքում սեմինարին չեն կարող մասնակցել այլ ֆակուլտետների ուսանողներ»,- ասում է Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը:


Կազմակերպված սեմինար-դասընթացների թեման խիստ արդիական է, և դրանք օգտակար են ոչ միայն ապագա տնտեսագետների, այև այլ ֆակուլտետների ուսանողների համար: Ի դեպ, հարկ է նշել, որ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նմանօրինակ նախաձեռնությունները ունենալու են շարունակական բնույթ:

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԽԹԱՆԵԼ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-13-ը Դիլիջան քաղաքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած «Փախստականների իրավունք» խորագրով 9-րդ դպրոցը:
«ՆՊԱՏԱԿԸ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԾԵԼՆ Է»․ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ
Արդեն չորրորդ տարին է, ինչ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք, տեսական գիտելիքներից բացի, նաև գործնական հմտություններ ձեռքբերելու հնարավորություն են տալիս: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր նմանօրինակ դաս են ունեցել Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում: