09.10.2009 | 
Ուսանողական, Գիտություն, Հասարակություն
ԵՐԵՎԱՆԸ 2791 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՐԵՎԱՆԸ 2791 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր ԵՊՀ-ում տոնում էին Երեւանի հիմնադրման 2791-րդ տարեդարձը:

«Հին ու նոր Երեւան» խորագրով միջոցառման նախաձեռնողը ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունն էր: Տոնակատարության իրականացմանն աջակցել էր Երեւանի քաղաքապետարանը` ի դեմս Երեւանի պատմության թանգարանի: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, շնորհավորելով ներկաներին համահայկական տոնի կապակցությամբ, հույս հայտնեց, որ ընդամենը մի քանի տարի անց մենք կունենաք մեր երազած Երեւանը` գեղեցիկ, մաքուր եւ շքեղ:

 

Համալսարանականներից բացի` միջոցառմանը ներկա էին նաեւ ներկայացուցիչներ Երեւանի քաղաքապետարանից: Նախաձեռնությունը ողջունելու էր եկել անձամբ Երեւանի քաղաքապետը: Գագիկ Բեգլարյանը ողջունեց համալսարանականներին` նշելով, որ նման նախաձեռնությունը մեկ անգամ եւս հաստատում է այն փաստը, որ ամեն ինչ սկսվում է ուսանողներից: «Կուզենայի, որ ձեզանից յուրաքանչյուրը գիտակցի` որ անկախ այն հանգամանքից, թե որ սեփականատիրոջն է պատկանում այս կամ այն հողակտորը, քաղաքը չի պատկանում եւ ոչ ոքի: Երեւանը մերն է, բոլորինս:

 

Մեզանից յուրաքանչյուրը պետք է վստահ կարողանա ասել. «Երեւանն իմ տունն է» ու պետք է սիրի ու փայփայի քաղաքն ինչպես կսիրեր սեփական տունը»,- ասաց Գագիկ Բեգլարյանը: Քաղաքապետը ներկաներին կոչ արեց մասնակցելու նախատեսվող մեծ տոնակատարությանը` վստահեցնելով, որ այս տարի Երեւանի տոնը դառնալու է բոլոր քաղաքացիների ուրախությունը: Միջոցառման ընթացքում Պատմության ֆակուլտետի դասախոսները զեկուցումների միջոցով ներկայացրին Երեւանը տարբեր ժամանակահատվածներում` ստեղծման շրջանից մինչ մեր օրերը:

 

Զեկուցումները ուղեկցվեցին թեմային առնչվող լուսանկարների ցուցադրությամբ: Միջոցառման երկրորդ հատվածը համերգ էր: Երեւանի մասին երգերով հանդիսականներին ներկայացան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները` ԵՊՀ երգչախումբը: Միջոցառման հյուրերի թվում էր նաեւ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: «Երեւանը մեր ծնողն է, ծնողի պես տանջված, հերոսական եւ ուժ տվող: Բառեր չեմ գտնում նկարագրելու համար Երեւանի նկատմամբ ունեցածս սերը:

 

Սակայն իրականում կարծում եմ, որ ժամանակն է` լավ խոսքերի փոխարեն մեր սերն ու նվիրվածությունը գործով ցույց տանք »,- ասաց Կոմանդոսը: Տոնակատարության շրջանակում Երեւանի պատմության թանգարանը ԵՊՀ-ին է տրամադրել Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը ներկայացնող ցուցանմուշներ: Ժամանակավոր ցուցահանդեսը կշարունակվի միջոցառմանը հաջորդող օրերին նույնպես:

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։