07.12.2011 | 
Ուսանողական
ԲԱՆԱՎԵՃ-ՄՐՑՈՒՅԹ. ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ԲԱՆԱՎԵՃ-ՄՐՑՈՒՅԹ. ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Միջազգային ֆակուլտետի ուսանողները հավաքվել էին բանավիճելու:

Դեկտեմբերի 6-7-ը ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր «ԶԼՄ-ների ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա» խորագրով բանավեճ-մրցույթ:

 

«Միջոցառման այս ձեւաչափն աննախադեպ է ԵՊՀ-ում: Մեր գլխավոր նպատակն էր ապագա դիվանագետների ու քաղաքագետների մոտ զարգացնել բանավիճելու, փաստարկներ ներկայացնելու ու ապացուցելու հմտությունները: Եվ քանի որ քաղաքական դաշտում շատ բան կախված է ԶԼՄ-ների մեկնաբանություններից ու խնդրի լուսաբանումից, ապա որոշեցինք հենց այդ խորագրով բանավեճ կազմակերպել»,- ասում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Ժաննա Հարությունյանը:

 

Մրցույթը բաղկացած էր 3 փուլերից, որին մասնակցում էին ապագա միջազգայնագետներից, քաղաքագետներից ու հանրային կառավարման բաժնի ուսանողներից բաղկացած 4 թիմ: Միջոցառումն ուներ դատական նիստի ձեւաչափ` դիմող կողմ, ով պաշտպանում էր առաջադրված թեմայի սկզբունքները, եւ այդ սկզբունքներին հակառակվող պատասխանող կողմ: Ժյուրիի` դատական անձնակազմի դերում էլ ֆակուլտետի ՈՒԳԸ ներկայացուցիչներն էին:

 

Վիճահարույց թեմաները, ինչպես նաեւ թիմերի կողմ կամ դեմ լինելը ընտրվում էր վիճակահանության սկզբունքով: Առաջին փուլում քաղաքագիտության ու հանրային կառավարման բաժինների թիմերը միմյանց հետ բանավիճեցին «Արտաքին քաղաքականությունը բխում է ներքին քաղաքականությունից» թեմայի շուրջ` ներկայացնելով իրենց դիրքորոշումներն ու տեսակետները: Կողմերը 10 րոպե ժամանակ ունեին թեմայի վերաբերյալ իրենց տեսակետների շուրջ մտածելու եւ նույնքան էլ ժամանակ դրանք ներկայացնելու համար:

 

Առաջին փուլի հաղթող ճանաչվեց պատասխանող կողմը` քաղաքագիտության բաժնի թիմը: 2-րդ փուլի մասնակիցները` ապագա դիվանագետներն ու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի խառը թիմն իրենց գիտելիքներն ու դիվանագիտական հմտությունները չափեցին «ԶԼՄ-ները դրական են ազդում քաղաքականության վրա» թեմայի շրջանակներում: Այս պայքարում հաղթեց դիմող կողմը` «Միջազգային հարաբերություններ» թիմն էր, ով քաղաքագետների թիմի հետ հայտնվեց եզրափակչում:

 

Եզրափակչի թեման էր «Եվրամիության դրական ազդեցությունը փոքր պետությունների եւ բացասական ազդեցությունը մեծ պետությունների վրա»: Հետաքրքիր եւ բուռն բանավեճից հետո դատական անձնակազմը չկարողացավ հաղթող թիմ որոշել, ուստի թիմի ավագներին եւս մեկ անգամ հարց ու պատասխանի միջոցով հնարավություն ընձեռվեց պաշտպանելու իրենց դիրքորոշումները եւ մատնանշելու հակառակորդ թիմի թերությունները:

 

Ի վերջո, բանավեճ-մրցույթի հաղթող ճանաչվեց «Միջազգայյին հարաբերություններ» թիմը, իսկ լավագույն մասնակից` քաղաքագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Գոռ Կիրակոսյանը: Լավագույն մասնակցին ու հաղթող թիմին ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար Մանե Եղիազարյանը պարգեւատրեց պատվոգրերով:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: