27.05.2011 | 
Մշակույթ
«ԳԱՐՈՒՆԸ» ԱՐԴԵՆ «ԱՆՁՆԱԳԻՐ» ՈՒՆԻ
«ԳԱՐՈՒՆԸ» ԱՐԴԵՆ «ԱՆՁՆԱԳԻՐ» ՈՒՆԻ
Այդ «անձնագրի» շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

«Գարուն ամսագրի մատենագիտություն (1967-2000թթ.)» գրքի հեղինակը Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն է: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ գրքի շնորհանդեսը նաեւ լավ առիթ է հայկական ժուռնալիստիկայի եզակի եւ բացառիկ իրողություններից մեկի` «Գարունի» մասին խոսելու համար: Նախքան բուն արարողությանն անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին այն գարունականներին, ովքեր այսօր արդեն չկան: «Գարունը» 1960-70-ական թվականներին ե՛ւ մշակութային, ե՛ւ գրական, ե՛ւ ազգային ինքնագիտակցության մի ձեւ էր»,- նշում է Հայաստանի գրողների միության նախագահը, ում աշխատանքում ընթերցողները կարող են տեսնել, թե ամսագրի որ համարում ինչ աշխատանքներ են տպագրվել եւ ովքեր են եղել դրանց հեղինակները: «Գարունի» «անձնագրի» շնորհանդեսին ներկա էին դրա` տարբեր ժամանակների խմբագիրները, ինչպես նաեւ հավատարիմ բարեկամները` Մարգո Ղուկասյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Գրիգոր Ջանիկյանը, Անահիտ Թոփչյանը, Կարինե Խոդիկյանը:

 

«Այս գրքում ամփոփված է ամսագրի 33 տարիների պատմությունը, այն ամենը, ինչը հետագայում պետք է դառնար թե՛ լրագրողների, թե՛ գրողների սեղանի գիրք»,- ասում է հրապարակախոս Մարգո Ղուկասյանը: «Գարունը» ստեղծվել էր երիտասարդների, ինչպես խմբագրականում է ասվում, իրական, այլ ոչ թե հնարովի խնդիրները բարձրացնելու համար: Ժամանակի ստեղծագործողներն իրենց լավագույն աշխատանքները վստահում էին «Գարունին»:

 

Մի քանի համար լույս տեսնելուց հետո Հայաստանի կոմունիստական ղեկավարությունը արտակարգ քննարկում կազմակերպեց: Մամուլում սկսեցին լույս տեսնել քննադատական ու ծաղրական հոդվածներ` ուղղված երիտասարդներին ու իրենց ամսագրին: Բայց դա էլ հաղթահարվեց… Այն ժամանակների համար այդ համարձակ երիտասարդական ամսագիրը սկսեց լույս տեսնել 15 հազար օրինակով: Իսկ տարիներ հետո` 1989 թ-ին, այդ թիվը հասավ 100 հազարի: Սակայն գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը պնդում է, որ այդ թիվը շատ ավելի մեծ է եղել, չէ՞ որ ինքը այդ ժամանակ ոչ պաշտոնական մի «հետազոտություն» է իրականացրել: Պաշտոնապես գրվում էր 100 հազար օրինակ, բայց տպագրվում էր շատ ավելին, եւ դրանք հնարամիտ վաճառողներն իրացնում էին ավելի թանկ գնով:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։