11.05.2011 | 
Մշակույթ
ՄԻ՛ ՆԱՅԻՐ ՀԱՅԵԼՈՒՆ
ՄԻ՛ ՆԱՅԻՐ ՀԱՅԵԼՈՒՆ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ֆիլմի դիտում:

Կինոակումբի շրջանակում այս անգամ հանդիսատեսին ներկայացվեց ռեժիսոր Սուրեն Բաբայանի «Մի՛ նայիր հայելուն» հոգեբանական ֆիլմը, որը ստեղծվել է Պերճ Զեյթունցյանի համանուն վիպակի հիման վրա: Ֆիլմը, որը ռեժիսորը անվանել է տրագիֆարս ժանրի ստեղծագործություն, մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոնների: Ֆիլմի երկրորդ ռեժիսորի` Հրաչյա Մնացականյանի վստահեցմամբ` երբ Սուրեն Բաբայանը բողոքել է, թե այսօր ֆիլմերի համար սցենարներ չեն գրվում եւ ժամանակակակից համապատասխան ստեղծագործություններ չկան, նրան խորհուրդ են տվել կարդալ Պերճ Զեյթունցյանի «Մի՛ նայիր հայելուն» վիպակը: Ընթերցելուց հետո ռեժիսորն անմիջապես անցել է ֆիլմի նկարահանման աշխատանքներին:

 

Ֆիլմի գլխավոր կերպար Հերոս Աստվածատրյանն ամեն օր հայելու մեջ նայելիս նոր մեկին է տեսնում, ով բացարձակապես ծանոթ չէ իրեն: Հերոսը կարծում է, որ իրեն կորցրել է, դիմում է բժիշկներին եւ ոստիկաններին, որպեսզի վերջիններս օգնեն իրեն: Ազգային կինոկենտրոնի գլխավոր խմբագիր Ռազմիկ Աբրահամյանն էլ իր խոսքում նշեց, որ նախորդ` «Քրմուհին» եւ «Մի՛ նայիր հայելուն» ֆիլմերի միջեւ որոշակի կապ կա: «Եթե քրմուհին իր հավատը չդավաճանելու, իր «ես»-ին, ինքնությանը հավատարիմ մնալու խնդիր ուներ, ապա այս ֆիլմում ներկայացված է, որ հերոսը հավատարիմ չի մնացել իր «ես»-ին, եւ հայելու մեջ տարբեր արտացոլանքներ է տեսնում»,- նշեց Ռազմիկ Աբրահամյանը: Ներկայացնելով ֆիլմի հիմնական գաղափարը` Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ «ես»-ի հաստատունությունն այսօր էլ է լուրջ խնդիր, եւ երբ մարդն իր «ես»-ից դուրս որեւէ բանի է ձգտում, ինչը ժամանակավոր է, կորցնում է ինքն իրեն:

 

Ֆիլմի քննարկմանը ռեժիսորը եւ գլխավոր դերակատար Ժան-Պիեռ Նշանյանը բացակայում էին, քանի որ Հայաստանում չեն: Սակայն ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը խոստացավ, որ հաջորդ չորեքշաբթի, երբ կցուցադրվի ռեժիսոր Արտակ Իգիթյանի «Վանա լճի լուսաբացը» ֆիլմը, ցուցադրությանը ներկա կլինի նաեւ Ժան Նշանյանը, ով եւս խաղում է վերոնշյալ ֆիլմում: Իսկ մայիսի 25-ին` կրկին ժամը 15:00-ին, կցուցադրվի ռեժիսոր Արամ Սուքիասյանի «Թափառում» ֆիլմը: Ի դեպ, վերջինս ներկայացված է Կաննի միջազգային կինոփառատոնում, իսկ պրեմիերան կլինի Երեւանի պետական համալսարանում:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։