30.04.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ
ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ
Այսօր Ժուռնալիստիկայի ֆակուլտետում բանավիճում էին Հանրային հեռուստատեսության անկողմնակալության հարցի շուրջ:

Բանավեճը կրում էր «Հավասարակշռված լուսաբանում Հ1-ի եթերում. այո՞, թե՞ ոչ» խորագիրը: Մասնակից ուսանողները նախ բաժանվեցին երկու խմբի, ապա վիճակահանությամբ որոշվեց, թե որ կողմն է ներկայացնում «այո»-ն, որ կողմը` «ոչ»-ը: Ուսանողներին տրվեց իրենց տեսակետը ներկայացնելու, հիմնավորելու, ինչպես նաեւ միմյանց հարցեր ուղղելու հնարավորություն: «Բանավեճի գաղափարը եւ թեման առաջարկել է ՈՒԳԸ անդամ Դավիթ Սարգսյանը, ով էլ հենց վարում էր այն:

 

Որոշ ուսանողներ կարծում են, որ Հանրային հեռուստաընկերությունը իրադարձությունները լուսաբանում է այնպես, ինչպես իշխանություններն են ցանկանում: Մեր նպատակն է ուսանողներին ցույց տալ, որ դա հարցի միայն մի կողմն է: Իսկ ամենակարեւորը, մեր ուսանողները սովորում են բանավիճել»,- ասում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Վարդիթեր Ղազարյանը: «Այո»-ն ներկայացնող բանախոսները կարծում են, որ Հ1-ի մատուցած լրատվությունը բավականին հավասարակշռված է: Երբեմն անհրաժեշտ է ինչ-որ բան կիսատ ասել կամ չասել հասարակության մեջ խուճապ չառաջացնելու համար:

 

Պետք է հաշվի առնել, որ այն հեռարձակվում է ինչպես Հայաստանի հեռավոր շրջաններում, այնպես էլ սփյուռքում: Իսկ ահա «Ոչ»-ի կողմնակից բանախոսները նրանց տեսակետն այնքան էլ չեն կիսում: Նրանք նաեւ կարծում են, որ Հանրայինը պատշաճ ուշադրություն չի դարձնում մարզային կյանքին ու կրթության ոլորտին: Հանրությունն իրավունք ունի անկողմնակալ տեղեկատվություն ստանալու: «Մեծ հաճույքով մասնակցեցի բանավեճին, որովհետեւ թեման շատ հետաքրքրիր էր ու արդիական: Պատերի տակ բոլորս էլ խոսում ենք մեր լրատվամիջոցների անկողմնակալության մասին: Սա լավ հնարավորություն է տալիս համախմբելու կարծիքները եւ ելք որոնելու»,- ասում է երկրորդ կուրսի ուսանողուհի Յանա Շախրամանյանը:

 

Կողմերի ներկայացրած տեսակետների ճշմարտացիությունն ու փաստարկների ընտրությունը գնահատողի դերը վերապահված էր Ֆակուլտետի դասախոս Լիանա Սայադյանին: «Բանավեճի գաղափարը ողջունելի է: Սակայն դեռ շատ հարցերի վրա պիտի աշխատեն ուսանողները: Զգացվում է տեղեկացվածության պակասը, թեեւ ինչ-որ չափով կարողանում են հիմնավորել իրենց կարծիքները: Փաստարկներն ավելի հիմնավոր կլինեին, եթե հղում կատարվեր հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքին»,- ասաց նա:

Այլ նորություններ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ն. ՍԻՍԱԿՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Կենսաքիմիայի, ճառագայթային և տիեզերական կենսաբանության արդի միտումները. մեծ Սիսակյանը և նրա հետազոտությունների կարևորությունը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ի ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության ամենամյա գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին: