23.11.2009 | 
Գիտություն
«4-ՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԵԼ Է»
«4-ՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԵԼ Է»
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ «Լրագրողական կրթության ապագան Հայաստանում» թեմայով գիտաժողովը:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 10-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովը կազմակերպել էին ժուռնալիստիկայի ֆակուլտետը, Երեւանի մամուլի ակումբը, «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպությունը եւ «Եվրասիա համագործակցության հիմնադրամը»:

 

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին աջակցության համար, հույս հայտնեց, որ գիտաժողովի արդյունքում կստեղծվեն Կրթության եւ գիտության նախարարությանը կից «ժուռնալիստիկա» մասնագիտության ուսումնամեթոդական խորհուրդ, ինչպիսին գործում է Ռուսաստանի դաշնությունում, ինչպես նաեւ` լրագրություն դասավանդողների ընկերակցություն, որի միջոցով անդամները կքննարկեն լրագրողական կրթության հիմնախնդիրները, հանդես կգան համատեղ ծրագրերով ու նախաձեռնություններով:

 

Գիտաժողովի համանախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարծում է, որ լրագրողներն ունեն գերբնական ուժ` բարձրացնելու մարդուն եւ նույն հաջողությամբ տապալելու նրան: «Այօրվա լրագրողական դաշտն այլեւս կայացած 4-րդ իշխանություն է, եւ ինչպես ցանկացած իշխանությունից, 4-րդ իշխանությունից նույնպես պահանջվում է խիստ պրոֆեսիոնալիզմ, պատասխանատվություն եւ թափանցիկություն»,- ասում է Արմեն Աշոտյանը:

 

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն էլ կարծում է, որ լրագրողի մասնագիտությունը կարեւոր ու արդիական է բոլոր ժամանակներում: Իբրեւ ապացույց` նա մեջբերեց Նապոլեոնի հետեւյալ միտքը. «Ես ավելի շատ վախենում եմ 3 թերթից, քան հարյուր հազար սվիններից»: Արտակ Դավթյանը նաեւ խոստացավ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության դեպքում այն քննարկվել Ազգային ժողովում: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը երկար տարիներ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի կողքին է բոլոր նախաձեռնություններում: Հայաստանում ժուռնալիստիկայի պատմությունն սկսվել է ժուռնալիստիկայի ամբիոնի հիմնումով, որի առաջին շրջանավարտներից էր ինքը: Աստղիկ Գեւորգյանը կարծում է, որ միշտ պետք է հիշել այն մարդկանց անունները, ովքեր եղել են առաջամարտիկներից, իսկ այդպիսիք, նրա կարծիքով, քիչ չեն:

 

Մեկօրյա գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան մոտ 15 բանախոսներ, ովքեր ներկայացնում էին ԵՊՀ-ն, Հայաստանի առաջատար լրատվամիջոցները եւ լրագրողական կազմակերպությունները: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի ելույթը վերաբերում էր Հայաստանում ժուռնալիստական կրթության ձեռքբերումներին եւ հեռանկարներին:

 

Խոսելով անկախության տարիների լրագրության մասին` բանախոսն ընդգծեց, որ այդ տարիներին բնորոշ էր բազմաթիվ, բայց զարմանալիորեն իրար նման լրատվամիջոցների հիմնումը, ինչպես նաեւ` նորաթուխ «համալսարաններում» «Միջազգային ժուռնալիստիկա» կոչված ֆակուլտետների համատարած ծնունդը, որտեղ լրագրողական կրթության որակը խիստ կասկածելի էր: Համալսարանական լրագրողական կրթությանն այլընտրանք էր առաջարկում գիտաժողովի մյուս մասնակիցը` Ալեքսանդր Իսկանդարյանը, ով ներկայացնում էր Կովկասյան ինստիտուտում լրագրողական դպրոցի փորձը:

 

Բանախոսի խոսքով` նման դպրոցները հիմնականում ստեղծվում են արեւմուտքի ֆինանսավորմամբ եւ ուսանողին տալիս են ավելի շատ պրակտիկ գիտելիքներ: «Ժուռնալիստիկայի նմանօրինակ դպրոցներում կարճաժամկետ ծրագրերով սովորում են հիմնականում արդեն գործող լրագրողները, ովքեր չունեն մասնագիտական կրթություն, բայց ուզում են տիրապետել մասնագիտության «գործիքներին»: Կարող եմ ասել, որ իմ պրակտիկայի ընթացքում շրջանավարտների մոտ 80%-ն աշխատում է իր մասնագիտությամբ»,- ասում է Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Այլ նորություններ
«ՔՐԴԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Քրդերն ու Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով գիտաժողով:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Դեռևս մայիսին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպել էր գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթը: