12.05.2017 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՎ ԱՐԺԵՎՈՐՎԵՑ ԱՆՎԱՆԻ ՊԱՏՄԱԲԱՆԻ ՎԱՍՏԱԿԸ
ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՎ ԱՐԺԵՎՈՐՎԵՑ ԱՆՎԱՆԻ ՊԱՏՄԱԲԱՆԻ ՎԱՍՏԱԿԸ
Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջանը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լենդրուշ Խուրշուդյանը մինչև 1999 թվականը եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչը: Զբաղվել է հայ ժողովրդի նոր և նորագույն շրջանի պատմությամբ: Նրա աշխատություններում լուսաբանված են Հայաստանի և Անդրկովկասի հեղափոխական շարժումների, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության, հայ քաղաքական կուսակցությունների, Սփյուռքի և Սովետական Հայաստանի պատմության հարցերը:

 

Ծննդյան 90-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը լավ առիթ էր անդրադառնալու վաստակաշատ համալսարանականի կյանքին և գործունեությանը, ով 47 տարի իրեն նվիրել է համալսարանին, իսկ կեսից ավելին՝ մանկավարժական և գիտական գործունեությանը:

Մեծանուն գիտնականի վաստակը գնահատելու և նստաշրջանին մասնակցելու էին եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, դասախոսներ, ուսանողներ և ուրիշներ:

 

Հետադարձ հայացք նետելով երջանկահիշատակ գիտնական Լենդրուշ Խուրշուդյանի գործունեությանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ պատմաբաններից շատերը նրա հետ երկար ճանապարհ են անցել. «Հանձին Լենդրուշ Խուրշուդյանի՝ մենք համալսարանում ունեինք մի անձնավորություն, ում հետ շատ «բարդ» էր ամենուր աշխատել և շփվել: Երկու բան կար, որ նրան զատում էր բոլորից՝ հայրենիքի նկատմամբ նվիրվածությունը և սերը և մասնագիտական պատրաստվածությունն ու պահանջկոտությունը»:

 

Ռեկտոր Արամ Սիմոնյանի հավաստմամբ՝ նա այն պատմաբաններից էր, որ հարմարվող չէր, և շատ լավ գիտեր պատմագիտության կծիկները քանդել. «Պետք է նշեմ, որ նա կուրորեն չէր ընդունում մասնագիտական ավանդույթները: Այս տեսանկյունից Խուրշուդյանը հեղափոխական ջիղ ուներ և երբեք չէր վարանում քանդել այն հնացածն ու կաղապարվածը, որը, իր կարծիքով, չէր համապատասխանում իր ժամանակվա պատմաբանի մասնագիտական պահանջներին»:

 

Խուրշուդյանական դպրոցի ներկայացուցիչ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, խոսելով վաստակաշատ համալսարանականի մասին, փաստեց, որ Լենդրուշ Խուրշուդյանը, ունենալով բարդ և հզոր կյանք, իր բոլոր սերունդներին դաստիարակել է մի կարևոր սկզբունքով՝ տարբերակել առաջնայինը երկրորդականից:

 

«Նրա համար արժեքային հստակ սկզբունքայնություն կար: Նա կարող էր դառնալ ՀՀ բարձրագույն էլիտայի մաս, բայց սկզբունքային դիրքորոշումների պատճառով նախընտրեց լինել այնտեղ, որտեղ իրեն դուր էր գալիս: Ես ցանկանում եմ, որպեսզի ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնը շարունակի պահել այդ ոգին և մասնագիտական սկզբունքները»,- հավելեց Լևոն Մկրտչյանը:

 

ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությամբ աշնանը նախատեսվում է կազմակերպել նաև հանրապետական գիտաժողով, որում անդրադարձ կկատարվի ոչ միայն Լենդրուշ Խուրշուդյանին, այլև այն պատմաբանների գիտական ու մանկավարժական գործունեությանը, ովքեր մեծ ներդրում են ունեցել գիտական մտքի զարգացման և ամրապնդման գործում:

Այլ նորություններ
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՍՈՑԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Սոցիալական աշխատանքի պրակտիկայի գիտական ընդհանրացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով միջազգային գիտաժողովը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Այսօր Մատենադարանում մեկնարկեց Երկրորդ համահայկական գիտական համաժողովը՝ նվիրված Հայկական առաջին Հանրապետության 100-ամյակին: