14.10.2011 | 
Մշակույթ
ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
Աշխարհահռչակ շախմատիստն այս տարի նշում է իր ծննդյան 60-ամյակը:

Այդ առիթով էլ երեկ ԵՊՀ ուսանողությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը հյուրընկալել էին միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին: Վերջինիս շնորհավորելու էր եկել նաեւ մտերիմ ընկերը` Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, շնորհավորելով հյուրին եւ բարձր գնահատելով նրա դերը հայկական շախմատի զարգացման բնագավառում` ասաց. «Ռաֆայել Վահանյանի ցուցադրած շախմատային գեղեցիկ պարտիաները տարիների հեռվից ավելի են իմաստավորվում: Շախմատիստն իրենով խորհրդանշում է խորհրդային տարիների շախմատային մի ողջ աստղաբույլ»:

 

Սմբատ Լպուտյանն էլ իր խոսքում նշեց, որ տարիներ առաջ ինքն ու իր նման շատ պատանիներ, երբ նոր էին սկսում պրոֆեսիոնալ շախմատով զբաղվել, օրինակ էին վերցնում հենց Վահանյանից, այլ ոչ թե մեկ այլ հայ լեգենդ Տիգրան Պետրոսյանից, քանի որ այդ տարիներին Պետրոսյանը Ռուսաստանում էր բնակվում ու հայրենիքում ավելի քիչ էր լինում, մինչդեռ Վահանյանն ապրում էր Հայաստանում: «Մեզ համար Ռաֆայել Վահանյանը փառահեղ շախմատիստ էր: Նա ուներ շախմատային դիրքը զգալու բնատուր շնորհք, ինչը շատ պրոֆեսիոնալների մոտ մինչեւ այժմ էլ բացակայում է: Համոզված եմ` մինչեւ հիմա էլ նրա մոտ պահպանվել է այդ բնատուր տաղանդը»,- հավելեց Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահը: Հոբելյարի հայրը` Արտեմ Վահանյանը, ներկաներին պատմեց, թե ինչպես իր որդին հարթեց շախմատային դժվարին ուղին. «Ռաֆիկը դեռ 4 տարեկան էր, երբ մի անգամ ընկերոջս հետ շախմատ խաղալիս նրա մոտ խաղի հանդեպ սեր նկատեցի:

 

Հետո փորձեցի նրան, ու պարզվեց, որ շախմատային որոշակի քայլեր էլ գիտի: Դրանից հետո արդեն սկսեց շախմատով լուրջ զբաղվել, մասնակցել մի շարք մրցությունների: Ու ահա արդյունքը. այսօր նա միջազգային գրոսմայստեր է ու աշխարհահռչակ շախմատիստ: Ես հպարտանում եմ նրանով»: Հանդիպման ընթացքում ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները նաեւ հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու Ռաֆայել Վահանյանին: Միջոցառման ավարտին բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը, եւս մեկ անգամ շնորհավորելով աշխարհահռչակ շախմատիստին ու մաղթելով ստեղծագործական բեղուն տարիներ, նրան հանձնեց ԵՊՀ ոսկեզօծ մեդալ եւ նկարիչ Հովհաննես Այվազովսկու մասին պատմող ալբոմ:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։