24.03.2012 | 
Մշակույթ
ՃԱՊՈՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՃԱՊՈՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 23-25-ը Երեւանի պետական համալսարանում կներկայացվի ճապոնական արվեստը:

Երեկ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց ճապոնական ծաղկարվեստին, «Սումի-Է» գեղանկարչության օրենքներին ու գաղտնիքներին, թեյախմության արարողակարգին նվիրված հետաքրքիր ցուցադրություն, որը կազմակերպվել է ԵՊՀ Միջազգային համագործակցության վարչության, ՀՀ Ճապոնիայի դեսպանության, հայ-ճապոնական «Հիկարի» մշակութային կենտրոնի ու Գեղագիտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ:

 

Միջոցառման գլխավոր նպատակը ներկաներին ճապոնական ինքնատիպ մշակույթին ծանոթացնելն է: ԵՊՀ պրոռեկտորի տեղակալ, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը նախ ողջունեց միջոցառմանը ներկա հյուրերին, ապա հույս հայտնեց, որ եռօրյա միջոցառումները կօգնեն, որպեսզի ճապոնական մշակույթն ավելի հասանելի դառնա հայ հետաքրքրասերներին:

 

«Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այս առթիվ էլ կազմակերպվել է գեղեցիկ ու ինքնատիպ միջոցառումների շարքը, որը մասնակիցներին թույլ կտա ծանոթանալու իսկական ճապոնական մշակույթին»,- նշեց Ալեքսանդր Մարգարովը: Ճապոնիայի դեսպանության մշակութային բաժնի կցորդ Տոյոդա Այան էլ, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս հայտնեց, որ այս միջոցառումներն էլ ավելի կջերմացնեն ու կամրացնեն հայ-ճապոնական հարաբերությունները:

 

Ճապոնական ծաղկարվեստի գաղտնիքներին եւ թեյախմության արարողակարգին այս օրերի ընթացքում ներկաներին ծանոթացնելու է Միդորի Յամադան, ով անցած տարի հարգելի պատճառներով չկարողացավ մասնակցել այս ինքնատիպ միջոցառմանը: Միջոցառման մասին հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ «Երեւանի համալսարան» պաշտոնաթերթի մարտ ամսվա համարում:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։