10.11.2006 | 
Քաղաքականություն
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԵՊՀ-ԻՑ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԵՊՀ-ԻՑ
Մինչեւ 2007 թ-ի մայիս կընդունվի «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն»-ը:

Երեւանի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նոյեմբերի 10-ին մայր բուհում էր: Այցի նպատակը «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն» փաստաթղթի մասին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կարծիքներն ու դիտողությունները լսելը, դրանք քննարկելը եւ փաստաթուղթը ըստ այդմ վերամշակելն էր: «Ցանկացած պետության գերխնդիր պետության, հասարակության եւ անհատի կայուն զարգացմանը նպաստելն ու անվտանգության ապահովումն է»,- ասաց Սերժ Սարգսյանը ԵՊՀ գիտխորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:

Փաստաթուղթը մշակվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որի կազմում բոլոր գերատեսչությունների ղեկավարներն էին, փոխնախարարներ եւ Ազգային ժողովի պատգամավորներ: Սերժ Սարգսյանը նշեց, որ «Անվտանգության ռազմավարության» մշակումը ժամանակի հրամայականն էր, քանի որ 15 տարեկան անկախ պետությունը ապրում է առանց այդ հիմնական փաստաթղթի:

Հանձնաժողովն անց է կացրել 7 նիստ, որոնց ընթացքում ստացվել են բազմաթիվ առաջարկություններ ինչպես հանձնաժողովի անդամների, այնպես էլ կազմակերպությունների կողմից: Փաստաթուղթը լրամշակվել է, հետո փորձաքննություն է անցել ԱՄՆ-ում, ՆԱՏՕ-ում եւ Ռուսաստանում: Վերջիններս հաստատել են, որ Հայաստանի ներկայացրած անվտանգության հայեցակարգը համապատասխանում է նման փաստաթղթերի համար սահմանված չափանիշներին:

Նախօրոք ծանոթանալով փաստաթղթին` ԵՊՀ գիտխորհրդի անդամները բավականին հետաքրքիր դիտարկումներ արեցին: Բանախոսները կարեւորեցին գիտության, կրթության, մշակույթի, բնապահպանական խնդիրների դերը եւ առաջարկեցին փաստաթղթում համապատասխան ավելացումներ կատարել: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը վստահեցրեց, որ այս հայեցակարգը պետք է ընդունել ոչ թե որպես կառավարության որոշում, այլ օրենք:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, անդրադառնալով փաստաթղթի նպատակներին եւ ձեւաչափին, նշեց, որ այն ռազմավարական փաստաթուղթ է, որը սկիզբ է տալու նոր ծրագրերի: «Մեզ հուզող բոլոր հարցերն ու ոլորտներն այս փաստաթղթի մեջ ընդգրկելն անհնար է եւ երբեմն` դուրս անվտանգության ռազմավարության տիրույթից»,- ասաց պարոն Մկրտչյանը:

Բանախոսների նշած մի քանի դիտարկումների ու առաջարկների մասին Սերժ Սարգսյանն այլ կարծիք ուներ: Պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանն առաջարկեց «Անվտանգության ռազմավարությունը» գաղտնի փաստաթուղթ դարձնել, ինչին պարոն Սարգսյանը պատասխանեց. «Սա չի կարող գաղտնի լինել, աշխարհում նման օրինակ չկա, բայց սրանից բխող ռազմավարական դոկտրինը, կոնկրետ քայլեր պարունակող փաստաթղթերը կլինեն գաղտնի»:

Իսկ այն, որ փաստաթուղթը փորձաքննություն է անցել մի շարք երկրներում, չէր ոգեւորել համալսարանի մասնագետներին: Ըստ Սերժ Սարգսյանի` այդ քայլը միայն եւ միայն օտարերկրյա մասնագետների խորհրդատվությունը ստանալու նպատակ է հետապնդում:

Մինչեւ նոյեմբերի վերջ «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը» կքննարկվի Գիտությունների ազգային ակադեմիայում եւ Ազգային ժողովում, որից հետո կամբողջացվի եւ կներկայացվի ՀՀ նախագահին: Այնուհետեւ այն կքննարկվի ՀՀ կառավարությունում, իսկ հետո վերջինս կընդունի համապատասխան որոշում:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: