23.04.2010 | 
Ուսանողական, Մշակույթ
ԱՅՍՕՐ ՇԵՔՍՊԻՐԻ ԾՆՆԴՅԱՆ ՈՒ ՄԱՀՎԱՆ ՕՐՆ Է
ԱՅՍՕՐ ՇԵՔՍՊԻՐԻ ԾՆՆԴՅԱՆ ՈՒ ՄԱՀՎԱՆ ՕՐՆ Է
Ռոմանագերմանական ֆակուլտետում այսօր Վիլյամ Շեքսպիրին նվիրված կլոր սեղան էր կազմակերպվել:

Հետաքրքիր զուգադիպությամբ մեծանուն անգլիացու ծննդյան ու մահվան օրերը համընկնում են: Այս օրն էլ հենց առիթ է դարձել ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում գործող Շեքսպիրագիտության կենտրոնի համար կազմակերպելու միջոցառում, որին մասնակցում էին գրողի ստեղծագործության սիրահարներն ու նրա գործերի գիտակները: Մասնակիցների աշխարհագրությունը միայն ԵՊՀ-ով չէր սահմանափակվում:

 

Շեքսպիրյան թեմաներով զեկույցներ էին պատրաստել նաեւ ասպիրանտներ Գյումրու պետական մանկավարժական ու «Գլաձոր» համալսարաններից: Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործություններին հայ երիտասարդները ծանոթ են դեռ պատանեկան տարիքից: Եվ դա նաեւ Շեքսպիրի ստեղծագործությունների հայերեն թարգմանողների շնորհիվ է: Ի դեպ, հայերենով Վիլյամ Շեքսպիրին առաջին անգամ թարգմանել են հայկական գաղթօջախներից մեկում` Կալկաթայում: Հայ թարգմանիչների շարքում Շեքսպիրագիտության կենտրոնի հիմնադիր, թարգմանության տեսության եւ պրակտիկայի ամբիոնի դասախոս Սոնա Սեֆերյանն առանձնացնում է հատկապես Հովհաննես Մասեհյանին, ով հեղինակի 12 գործ է թարգմանել:

 

Նշենք, որ Շեքսպիրագիտության կենտրոնը բոլորովին վերջերս է ստեղծվել, բայց դրա ոչ պաշտոնական գործունեության սկիզբը թվագրվում է դեռեւս 1970-ական թվականներին: Սոնա Սեֆերյանը նշում է, որ վերջին 10 տարիների ընթացքում շուրջ 10 ատենախոսություն է պաշտպանվել շեքսպիրյան թեմայով: Սոնա Սեֆերյանի երկու ասպիրանտները կլոր սեղանի ժամանակ ներկայացրին իրենց գիտական աշխատանքների արդյունքում ստեղծված զեկույցները:

 

Ալիռեզա Ղանունին Ռոմանագերմանական ֆակուլտետի ասպիրանտն է արդեն մեկ տարի: Մեկ տարի առաջ, երբ նա Պարսկաստանից եկավ Հայաստան, ոչինչ չգիտեր Շեքսպիրի ու «Համլետ»-ի մասին: Բայց այսօր նա արդեն հասցրել է թարգմանել հեղինակի գործերից մեկը` «Հուլիոս Կեսարը» պարսկերենով, որն էլ շուտով կտպագրվի Ալիռեզայի հայրենիքում: «Գլաձոր» համալսարանի ասպիրանտ Ստեփան Սղոյանի թեման մինչ այսօր չուսումնասիրված ու անչափ հետաքրքիր երեւույթի` խեղկատակների մասին է, որոնցով հատկապես հարուստ են Շեքսպիրի դրամաներն ու կատակերգությունները:

 

«Ուրախ պահերին դու ինձ կանչիր, տխուր պահերին ես ինքս կգամ»,- սա է խեղկատակի փիլիսոփայությունը: Ի դեպ, Շեքսպիրն աշխարհում ամենաշատ թարգմանված հեղինակներից է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են գրեթե բոլոր լեզուներով:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։