Յուրաքանչյուր ամբիոն ունենալու է ուսանողների որոշակի գիտական ներուժ, որի միջոցով կենտրոնացվելու է ուսանողների գիտական գործունեությունը: Այն ուսանողները, ովքեր հետաքրքրված են իրավագիտության այս կամ այն ոլորտով, հնարավորություն կունենան զարգացնելու իրենց գիտելիքները: «
Որոշել ենք ստեղծել ուսանողական գիտական խմբակներ, որոնց շրջանակներում կկազմակերպվեն տարբեր տեսակի քննարկումներ, միջոցառումներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրավագիտությանը: Օրինակ` ուսանողներին հանձնարարելու ենք տարբեր օրենքների նախագծերի վերաբերյալ եզրակացություններ տալ»,- ասում է ՈՒԳԸ նախագահ Անահիտ Մանասյանը:
Սկզբում խմբակները կգործեն միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Իսկ հետագայում, ինչպես հավաստիացնում է Անահիտ Մանասյանը, կսկսվի համագործակցություն նաեւ այլ բուհերի իրավագիտության ֆակուլտետների հետ: Իսկ քննարկումներին մասնակցելու կհրավիրվեն նաեւ այլ ֆակուլտետների ուսանողներ` համակողմանիություն ապահովելու համար: Բացի ուսանողական խմբակներից, այսուհետ գործելու է նաեւ դպրոցականների խմբակ:
Այս դեպքում խմբակը սիրողական բնույթ է կրում, որովհետեւ ներգրավվելու են աշակերտներ, ովքեր շատ քիչ բան գիտեն իրավագիտության մասին: Նրանց մի մասի հետաքրքրությունն էլ պայմանավորված է ապագա մասնագիտության ընտրությամբ: Կազմակերպիչների խոսքերով` պետք է նրանց հնարավորություն տալ ավելի խորն ուսումնասիրելու մասնագիտությունը, քանի որ մասնագետի ձեւավորումը սկսվում է ոչ թե բուհ ընդունվելու պահից, այլ դեռեւս դպրոցական տարիներից:
«Ուսանողների ընտրությունը ինչ-որ առումով հեշտ էր, քանի որ նրանց ճանաչում ենք ու գիտենք, թե ով իրավունքի որ ճյուղով է ավելի հետաքրքրված: Իսկ աշակերտների ընտրության հարցում մեզ օգնության է գալիս ԵՊՀ մինչհամալսարանական կրթության կենտրոնը: Դիմում ենք դպրոցների տնօրեններին, ովքեր էլ առաջարկում են մասնակիցներին»,- ասում է Անահիտ Մանասյանը: