03.04.2014 | 
Մշակույթ
ԴՐԱՄԱՏԻԿ ԴՐՎԱԳ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
ԴՐԱՄԱՏԻԿ ԴՐՎԱԳ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Ապրիլի 2-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբի և Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ցուցադրվեց Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն» ֆիլմը:

Ֆիլմի հիմքում իրական փաստեր են, իրական դեմքեր ու դեպքեր: Այն պատմում է Արցախյան պատերազմի դրամատիկ դրվագներից մեկի՝ Մարաղայի ջարդերի ժամանակ գերեվարված փոքրիկ Լենայի մասին: Վեցամյա աղջկան տանում են ադրբեջանուհի Ֆաթիմա Խալայի տուն, որպեսզի վերջինս Լենային փոխանակի ռազմադաշտում կորած տղայի հետ: Ժամանակի ընթացքում վախն ու թշնամանքը վերածվում են փոխադարձ կարեկցության, և չորս ամիս անց Ֆաթիման աղջկան վերադարձնում է իր ընտանիքին՝ փոխանակելով նրան անծանոթ ադրբեջանցի զինվորի հետ:

 

«Սա Արցախյան պատերազմին նվիրված մի նոր ֆիլմ է, որն ունի իր ուրույն տեսակետն ու վերաբերմունքը»,- ցուցադրությունից առաջ նշեց Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

 

Ֆիլմը մասնակցել է բազմաթիվ կինոփառատոնների, ներկայացվել է նաև «Կաննի» կինոփառատոնում և ունի բազմաթիվ մրցանակներ: Նկարահանմանն աջակցել է Արթուր Աղաբեկյանը, ով այս իրական պատմության մեջ մեծ դերակատարություն է ունեցել: Գլխավոր դերերը կերտել են Գրետա Մեջլումյանը և Մարիա Ղարագուլյանը: Ֆիլմը բացասական արձագանքներ է ստացել Ադրբեջանից, ինչը ռեժիսորը բնական է համարում:

 

Ջիվան Ավետիսյանը նշեց, որ ֆիլմի գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ հանդիպել է Լենային, լսել նրա պատմությունը, զրուցել նրա հետ և խնդրել հիշել բոլոր մանրամասները: «Սա իսկապես դժվար էր նրա համար: Նա արդեն 22 տարի փորձում է մոռանալ այդ ամենը, և հանկարծ հայտնվում է բեմադրիչը և խնդրում հիշել բոլորը՝ ամենայն մանրամասնությամբ: Այժմ Լենան լավ է, ապրում է Ռուսաստանում»,- հավելեց ֆիլմի ռեժիսորը:

 

Ֆիլմում ադրբեջանական վայրագություններին հակառակ՝  ներկայացվում է Ֆաթիմայի տեսակը, ով Լենային խնամում ու պաշտպանում է, վերջում նրան ուղեկցում սահման ու անձամբ հանձնում ընտանիքին: Սա այն խորհուրդն է, որ չարի կողքին ամենուրեք գոյություն ունի բարին, և որ մայրն ամեն տեղ մնում է մայր:

 

Ֆիլմի ցուցադրությանը հաջորդեց քննարկումը, որի ժամանակ ռեժիսորն անձամբ պատասխանեց ուսանողների հարցերին:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: