15.12.2016 | 
Ուսանողական
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՍԵՐՏՈՒՄ ԵՆ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՍԵՐՏՈՒՄ ԵՆ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ-ում կայացավ «Խոսքը՝ որպես հաջողության գրավական» խորագրով սեմինար-դասընթացների շարքի չորրորդ՝ վերջին հանդիպումը:

«Հաջողության նախագիծ» ծրագրի շրջանակներում «Հռետորիկա. ելույթ ունենալու հմտություններ» թեման ուսանողներին իր փորձառությամբ և օրինակներով ներկայացրեց «Ayvazyan&Partners» ընկերության հիմնադիր, բիզնես թրեյներ Վահե Այվազյանը:

«Ամեն ինչ պարզ է ու պրիմիտիվ: Խոսքն ունի գույն, ձև, չափ, գեղեցկություն: Այսօր ես խոսելու եմ ձեզ համար, փոխանցելու եմ տարբեր գույներ: Որսացե՛ք դրանք, ընտրե՛ք ձեր գույնը»,- հանդիպման սկզբում նշեց Վահե Այվազյանը:

Ուսանողները լսեցին մի շարք գործնական խորհուրդներ ելույթ ունենալու, հռետորիկական արվեստի, ինչպես նաև մեծ խմբերի առաջ ելույթ ունենալու հետ կապված տարբեր վախերի հաղթահարման մասին: Բիզնես թրեյները կարևորեց այն հանգամանքը, որ վախից վախենալ պետք չէ:

«Ելույթի ժամանակ վախենալը նորմալ է: Դա նաև ինչ-որ չափով օգնում է մեզ: Մենք պիտի սիրենք վախը, քանի որ միայն այդ վախը հաղթահարելով՝ կարելի է ձեռք բերել փորձառություն և հասնել հաջողությունների: Առհասարակ, հաջողությունների հասնում ենք միայն դժվարությունների միջով անցնելով»,- նշեց Վահե Այվազյանը:

Նշենք, որ «Խոսքը՝ որպես հաջեղության գրավական» դասախոսությունների շարքի բոլոր հանդիպումները կազմակերպել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը:

Հիշեցնենք, որ «Հաջողության նախագիծ» ծրագրի շրջանակում ուսանողները հանդիպել են «Չոր մարքեթինգ» նախաձեռնության հեղինակ Վահրամ Միրաքյանի, թատրոնի և կինոյի սցենարիստ Էդուարդ Այանյանի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի, հաղորդավար Ավետ Բարսեղյանի հետ:

Այլ նորություններ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահության նիստում Մայր բուհի ՈՒԽ նախագահ ընտրվեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Արմեն Խաչիկյանը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԺՊԻՏՆԵՐ ՆՎԻՐԵՑԻՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
Դեկտեմբերի 24-29-ը համալսարանականները նվեր-պարկերով այցելել էին Արցախ և Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր` այնտեղի մանուկների մեկ օրը հեքիաթի վերածելու, ամանորյա տոնական տրամադրություն փոխանցելու համար: