13.05.2015 | 
Մշակույթ
«ՇՐՋԱԴԱՐՁ»-Ը ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄ Է ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
«ՇՐՋԱԴԱՐՁ»-Ը ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄ Է ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբի նախաձեռնությամբ համալսարանում ցուցադրվեց երիտասարդական «Շրջադարձ» լիամետրաժ ֆիլմը:

Արմեն Սիմոնյանի խաղարկային նոր ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել մարտի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Իսկ այսօր ֆիլմը դիտելու հնարավորություն ստացան նաև համալսարանականները: «Շրջադարձը» երիտասարդ ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմն է։

 

«Ցանկացել եմ կինոդիտողին ներկայացնել մի սիրո պատմություն, որը կարող էր յուրաքանչյուրինը լինել՝ անկախ ազգությունից ու կարգավիճակից։ Պարզ, մարդկային պատմություն է։ Կարծում եմ՝ հաջողվել է ռեժիսորական իմ մոտեցմամբ ձեռագիր ստեղծել։ Սպասում եմ կինոդիտողների գնահատականին»,- նշեց Արմեն Սիմոնյանը:

 

Երիտասարդ ռեժիսորը լիամետրաժ ֆիլմի իր առաջին փորձը հաջողված է համարում, թեև որոշ թերություններ տեսնում է. դրանք մեծ մասամբ ֆինանսական սուղ միջոցների պատճառով են։ Արմեն Սիմոնյանը կարևորել է նաև ֆիլմի լեզուն` զերծ մնալով ժարգոնային արտահայտություններից, ինչն այսօր սովորական է դարձել, և շատ ռեժիսորներ արդարանում են, թե իբր գրական հայերենն արհեստական է դարձնում երկխոսությունները։

 

Ֆիլմը մելոդրամա է: Գլխավոր դերերում նկարահանվել են ֆրանսաբնակ դերասան Երվանդ Մուրյանը և երիտասարդ դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանցը։ Նկարահանումները հիմնականում կատարվել են Երևանում։

 

Ֆիլմի հերոսուհին սիրային առաջին անհաջող արկածից հետո որոշում է այլևս երբեք չսիրահարվել, բայց սերը նրան այցելում է անսպասելիորեն. այս անգամ սիրավեպ ամուսնացած տղամարդու հետ։ Հոգեբանական դժվար կացությունը ստիպում է հերոսներին որոշում կայացնել. այստեղ է, որ ֆիլմի սցենարիստ-ռեժիսորն իր մոտեցումն է առաջարկում։

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նշեց, որ թեև սցենարի հեղինակ և ռեժիսոր Արմեն Սիմոնյանը չունի մասնագիտական կրթություն, այնուամենայնիվ կարողացել է իր ասելիքը հայտնել «Շրջադարձը» ֆիլմի միջոցով. «Այս ֆիլմը նախևառաջ առաջ է բերում բարոյական արժեքներ, որոնք մեր օրերում վտանգված են. ընտանիք, հայրենիք, ընկերություն, բարեկամություն և այլն»:

 

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում: Ուսանողները հանդես եկան իրենց հարցադրումներով ու փորձեցին անձամբ ռեժիսորից պարզել, թե ինչու է «Շրջադարձը»-ը ստացել այդ լուծումները: Այնուհետև ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբն ակտիվ մասնակիցներին նվիրեց «Արմագեդոն» ներկայացման տոմսեր. պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Արա Երնջակյանն է: Ավելին` համալսարանականները հնարավորություն են ստանալու մասնակցելու ներկայացման պրեմիերայի քննարկմանը:

Այլ նորություններ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԱՄՓՈՓՎԵՑ  «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ավարտին մոտեցավ երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: