11.07.2016 | 
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՏՈՆ ԻՋԵՎԱՆՈՒՄ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՏՈՆ ԻՋԵՎԱՆՈՒՄ
Հուլիսի 9-ին Իջևանում համալսարանական տոն էր. Իջևանի մասնաճյուղը բարի երթ մաղթեց իր շրջանավարտներին, իսկ գիտական խորհուրդը քննարկեց գործունեության հետ կապված մի շարք հարցեր:

Մասնաճյուղի շուրջ 350 շրջանավարտներ մասնաճյուղի համալիրի բակում հանդիսավոր պայմաններում ստացան ավարտական վկայականներ: Գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներն էլ իրենց դիպլոմները ստացան հատուկ միջոցառմանը և մասնաճյուղի գիտխորհրդի նիստին մասնակցելու նպատակով Իջևան այցելած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից:

 

Դիպլոմների հանձնման արարողությունն ուներ նաև մշակութային մաս, որին ներկա էին նաև տարածաշրջանից ընտրված ԱԺ պատգամավոր Հ. Հակոբյանը, մարզպետի տեղակալ Լ. Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք:

 

Նույն օրը տեղի ունեցավ նաև մասնաճյուղի գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին նաև ռեկտոր Ա. Սիմոնյանը, պրոռեկտորներ Ա. Գրիգորյանը, Ռ. Մարկոսյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ա. Ղարիբյանը և Ուսումնամեթոդական վարչության պետ Հ. Ժամհարյանը:

 

Գիտխորհրդի օրակարգի հարցերն առնչվում էին բակալավրիատի ընդունելության, կրթությունից շրջանավարտների բավարարվածության հարցման արդյունքների, ավարտական աշխատանքների և պետական քննությունների արդյունքների, ինչպես նաև 2017 թ.-ի ընդունելության մասնագիտությունների ցանկին:

 

Մասնաճյուղի տնօրեն Ա. Առաքելյանը նշեց, որ 2016 թ.-ին, նախորդ տարվա համեմատ, շուրջ 10%-ով աճել է դիմորդների թիվը (2016 թ. կազմել է 228), գրեթե նույն չափով աճել է նաև ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած դիմորդների թիվը: Այնուհետև հավելեց, որ որոշ մասնագիտություններով, մասնավորապես «Հոգեբանություն» և «Ֆրանսերեն» մասնագիտություններով, արձանագրվել է դիմորդների ցածր ցուցանիշ, ինչը կարող է վնասել հաջորդ տարիների ընդունելությանը: 

 

Շրջանավարտների բավարարվածության հարցման արդյունքների քննարկման ընթացքում շեշտադրվեց պրակտիկ գիտելիքների և հմտությունների զարգացման խնդիրը, շրջանավարտների աշխատանքի տեղավորման և օտար լեզուների իմացության հարցերը:

 

Մասնաճյուղի տնօրենի զեկույցից հետո տեղի ունեցավ քննարկում, որի առանցքում մասնաճյուղի 2016-2017 ուստարվա ընդունելության մասնագիտությունների և քննությունների առարկայական ցանկի հետ կապված խնդիրներն էին: Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանը նույնպես անդրադարձավ քննարկվող հարցերին՝ կարևորելով մասնաճյուղի հիմնական դասախոսական կազմի խնդիրը: Պրոռեկտորն ընդգծեց, որ մասնաճյուղի դասախոսների վերապատրաստման գործընթացում դրական տեղաշարժ ունենալու համար կարելի է առավել ակտիվ օգտագործել հեռավար դասավանդման գործիքակազմը:

 

ԵՊՀ ռեկտորն իր ելույթում կարևորեց իրականացրած աշխատանքները և պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցելու Իջևանի մասնաճյուղում իրականացվող գործընթացներին: Ըստ ռեկտորի դիտարկման՝ օտար լեզվի դասավանդման հիմնահարցերը և՛ Երևանում, և՛ Իջևանում նույն են: Նա շեշտադրեց բարեփոխումների հրամայականը, իսկ պրակտիկաների կազմակերպման գործընթացում առանձնացրեց մի շարք օբյեկտիվ խոչընդոտներ, որոնք առկա են ձեռնարկությունների հետ փոխգործակցության համատեքստում:

 

2016-2017 ուստարվա ընդունելության մասնագիտությունների ցանկում «Սոցիալական աշխատանք» մասնագիտության ավելացումն արժանացավ հավանության, միաժամանակ որոշվեց առավել մանրամասն քննարկել նպատակային մագիստրատուրայի տեղերի հատկացումը՝ մասնաճյուղի կադրային բազան զարգացնելու նպատակով:

Այլ նորություններ
ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ Է»
ԵՊՀ ռեկտորատի նախաձեռնած հանդիպումների շարքն առաջին կուրսեցիների հետ ամփոփվեց այսօր Հայ բանասիրության ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետներում: