03.03.2014 | 
Մշակույթ
Ի ՀԻՇԱՏԱԿ ԽՈՐԵՆ ՊԱԼՅԱՆԻ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ
Ի ՀԻՇԱՏԱԿ ԽՈՐԵՆ ՊԱԼՅԱՆԻ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ
Փետրվարի 27-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կամերային երաժշտության տանը կայացավ Լուսինե Զաքարյանին և Խորեն Պալյանին նվիրված հիշատակի երեկո։

Այն կազմակերպել էին «Լուսինե Զաքարյան» ֆեյսբուքյան էջի աշխատակիցները։ Միջոցառման հյուրերն էին վաստակաշատ կոլեկտիվներ Երևանի պետական կամերային երգչախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը, ինչպես նաև երիտասարդ կատարողներ Աննա Մայիլյանի վոկալ արվեստի կենտրոնից։

 

Հիշատակի երեկոն վարեց ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը։ Միջոցառման անցկացման համար տարածքը տրամադրել էր ՀՀ մշակույթի նախարարությունը, իսկ ԵՊՀ-ն աջակցել էր՝ տրամադրելով համապատասխան տեխնիկա, տեսանյութեր և լուսանկարներ իր արխիվից, որոնցում համալսարանի վաստակաշատ դասախոս Խորեն Պալյանը և Լուսինե Զաքարյանն են։ Ի դեպ, երեկոյի մասնակիցները նվեր ստացան Լիդա Գևորգյանի «Լուսինե» գիրքը։

 

Խորեն Պալյանը ծնվել է 1935 թ-ին Լիբանանի Տրիպոլի քաղաքում: 1946 թ-ին տեղափոխվել է Հայաստան: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Էջմիածնի հոգևոր ճեմարանում: 1955 թ-ին Մայր տաճարում ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1961 թ-ին Վազգեն Ա ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Սուրբ Էջմիածնում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ: 1965 թ-ին թողել է հոգևոր ասպարեզը և ամուսնացել հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի հետ:

 

1965-68 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ապա Հայոց լեզվի պատմության ամբիոնում նշանակվել է դասախոս` դասավանդելով լեզվի պատմություն և գրաբար, իսկ 1995-2005 թթ.` Աստվածաբանության ֆակուլտետում` ծիսագիտություն, վարքաբանություն: 15 տարի շարունակ ղեկավարել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի «Տոհմիկ» երգչախումբը:

Եղել է մանկական քրիստոնեական հանրագիտարանի և «Դասական գրաբարի հատընտիր» գրքի համահեղինակ: 2005 թ-ին լույս է տեսել նրա հեղինակած «Ժամակարգություն Հայաստանեայց Եկեղեցւոյ» ուսումնական ձեռնարկը: 2006 թ. ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի անդամ: Արժանացել է Ամենայն հայոց կաթողիկոսի «Սբ. Ներսես Շնորհալու» շքանշանին: Մահացել է 2007 թ-ին Երևանում:

 

Լուսինե Զաքարյանը ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում: 1952 թ-ին տեղափոխվել է Երևան: 1957 թ-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժին, որտեղ արդեն նկատվել է երգչուհու տաղանդը: 1970-83 թթ. եղել է Հայաստանի ազգային հեռուստաընկերության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի: Այդ ընթացքում նաև երգել է Էջմիածնում` հայկական առաքելական եկեղեցու երգչախմբում:

 

Գերազանց կատարել է միջազգային օպերային, ինչպես նաև հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն: Դեռևս սովետական տարիներին, երբ արգելվում էին բազմաթիվ երաժշտական ոճեր, ինչպես նաև հոգևոր երաժշտությունը, նա համարձակություն է ունեցել հայկական հոգևոր երաժշտությունը բարձրացնել բեմ: 1972 թ-ին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է 1992 թ-ին Երևանում, աճյունն ամփոփված է Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: