22.06.2021 | 
Կրթություն
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՈՐՆ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՈՐՆ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում սեպտեմբերից մեկնարկում է «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական նոր ծրագիրը, որի գլխավոր նպատակը դեղերի որակի հսկման և գնահատման ուղղությամբ արհեստավարժ, բարձր կարողություններով ու հմտություններով օժտված մասնագետների պատրաստումն է:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանն ասաց, որ մագիստրոսական նոր ծրագիրը ներդրվել է  Համաշխարհային բանկի կողմից տրամադրված «Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

 

Նրա տեղեկացմամբ, դրամաշնորհային ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից. ժամանակակից սարքավորումներով հագեցած դեղերի որակի հետազոտման և հսկման վերլուծական կենտրոնի ստեղծում, դրա հենքի վրա դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների ու դեղերի որակի հսկման, գնահատման մագիստրոսական նոր ծրագրի ներդրում:

 

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար և դրամաշնորհային ծրագրի ղեկավար Աշոտ Սաղյանը փաստեց, որ ծրագրի առաջին բաղադրիչն արդեն իրագործվել է. շուտով կբացվի Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնը, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով. «Բոլոր սարքավորումները մոնտաժված են, մեթոդները՝ ներդրված: Հուսով ենք, որ սեպտեմբերից մեկնարկող մագիստրոսական ծրագիրն էլ կծառայի իր նպատակին»:

 

«Այս ուղղությամբ մագիստրոսական ծրագիրն առաջինն է Հայաստանում: Հիմնական առավելությունն այն է, որ ունենք հզոր, գերժամանակակից նյութատեխնիկական բազա, ինչը հնարավորություն է տալու իրականացնելու ցանկացած տեսակի դեղի, սննդային հավելումների և այլ պատրաստուկների որակական, քանակական անալիզ, որակի գնահատում ու մոնիթորինգի իրականացում»,- ասաց Աշոտ Սաղյանը:

 

Նրա խոսքով, այս ծրագրի պահանջարկը շատ մեծ է Հայաստանում. «Մագիստրոսական ծրագիրը մշակել ենք նաև մեր գործընկեր դեղագործական ընկերությունների հետ խորհրդակցությունների արդյունքում, որոնց ընթացքում մշտապես կարևորվել է այնպիսի դեղագետ մասնագետների պատրաստումը, որոնք տիրապետում են ժամանակակից մեթոդներին և կարողանում են աշխատել նորագույն տեխնոլոգիաներով»:

 

«Մինչև այժմ ուսանողներն ուսուցանվում էին Սովետական Միությունից որդեգրած դեղագրքային անալիզի մեթոդաբանությամբ, ինչն այսօր չի բավարարում ներկայիս պահանջներին:  Այսօր հիմնականում դեղագործական ընկերություններն ունեն սարքավորումներ, պահանջում են դրանց տիրապետող մասնագետներ»,- փաստեց Աշոտ Սաղյանը:

 

Նրա տեղեկացմամբ, կրթական ծրագրում դասավանդելու են Ֆարմացիայի ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև դեղագործական ու վերլուծական առաջատար ընկերություններից հրավիրված մասնագետները:

 

Աշոտ Սաղյանը տեղեկացրեց, որ վերջերս Ֆարմացիայի ինստիտուտի և Հայաստանի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկի՝ «Լիկվոր»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որն իրագործվելու է մասնավորապես մագիստրոսական այս ծրագրի շրջանակում. «Նրանք պատրաստ են փոխհատուցելու 3-4 ուսանողի ուսման վարձավճարները, հետագայում ընդունել աշխատանքի: Բացի դրանից՝ նրանք պատրաստ են ներդնել դրամաշնորհային գիտական ծրագիր, ինչը հնարավորություն կտա լավագույն մագիստրոսներին հետագայում այս ուղղությամբ շարունակելու իրենց հետբուհական կրթությունը»:

 

Նրա խոսքով, նմանօրինակ նախաձեռնությամբ են հանդես եկել «Ազադ ֆարմասյութիքլզ» և «Արփիմեդ» դեղագործական ընկերությունները. «Այսինքն՝ Հայաստանի առաջատար դեղագործական ընկերությունները պատրաստ են ֆինանսական աջակցություն ցուցաբերել մագիստրոսական այս ծրագրին»:

 

Աշոտ Սաղյանը փաստեց, որ մագիստրոսական այս ծրագրին կարող են դիմել նախևառաջ Ֆարմացիա մասնագիտությամբ բակալավրիատի շրջանավարտները, ինչպես նաև բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող այն անձինք, որոնք ունեն խորը գիտելիքներ վերլուծական քիմիայի, ինժեներային տեխնոլոգիաների վերաբերյալ:

 

«Մենք չենք սահմանափակվում միայն դեղագետների ընդունելությամբ, քանի որ գլխավոր խնդիրը սարքավորումների հետ աշխատելու հմտություններ ունեցող մասնագետների պատրաստումն է: Կրթական ծրագիրը պատրաստված է այնպես, որ ուսուցանվելու են դեղաբանության հիմնական դրույթները, ինչպես նաև սարքավորումների հետ աշխատելու մեթոդաբանությունը»:

 

«Մեր խնդիրն է պատրաստել բարձրորակ, առաջատար, արհեստավարժ և բարձր կարողություններով ու հմտություններով օժտված դեղագետ-վերլուծաբան մասնագետներ, ինչը դեղարդյունաբերության գլխավոր բաղադրիչն է, և որի կարիքը կա մեր երկրում»,- ասաց Աշոտ Սաղյանը:

 

ԵՊՀ դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի լաբորատորիայի մասին ստորև.

 

Քնար Միսակյան

 


Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։