17.04.2019 | 
Գիտություն
ԵՐՈՒՍԱՂԵՄԻՑ ՄՈՍԿՎԱ՝ ՀՈԼՈՔՈՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
ԵՐՈՒՍԱՂԵՄԻՑ ՄՈՍԿՎԱ՝ ՀՈԼՈՔՈՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Հրեական ողջակիզման՝ Հոլոքոստի հուշահամալիրի՝ Յադ Վաշեմի հրավերով մարտի 23-ից ապրիլի 1-ն Իսրայելի Երուսաղեմ քաղաքում էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանը:

Նա մասնակցեց Յադ Վաշեմում գործող Հոլոքոստի ուսումնասիրման միջազգային ինստիտուտի դասընթացներին: Բազմաթիվ դասախոսությունների, գործնական աշխատանքների միջոցով ունկնդիրները ծանոթացան եվրոպական հրեության ոչնչացման փորձի՝ տարբեր կողմերին, այն դասավանդելու մեթոդներին, այց կազմակերպվեց նաև Յադ Վաշեմի արխիվներ, որտեղ հավաքագրվում և պահվում են թեմայի վերաբերյալ հարյուր հազարավոր վկայություններ ու փաստաթղթեր: Հատուկ արժանահիշատակ է Յադ Վաշեմ թանգարան այցելությունը, որին հատկացված նույնիսկ 6 ժամը բավարար չեղավ՝ ծանոթանալու 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկի պատմությանը:



Ծրագրում ընդգրկված էր նաև Ս. Մանուկյանի զեկուցումը, որը վերաբերում էր «Հայաստանում ցեղասպանագիտական հետազոտությունների և կրթության զարգացման վիճակին և հեռանկարներ»-ին, մասնավորապես ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտական բաժնի գործունեությանը:

Ս. Մանուկյանի մասնակցությունը ծրագրին հնարավոր դարձավ ռուսաստանյան «Հոլոքոստ» կենտրոնի և ԵՊՀ-ի աջակցության շնորհիվ:

Ապրիլի 2-ին Սուրեն Մանուկյանը Մոսկվայում՝ Ռուսական պետական հումանիտար համալսարանում, հանդես եկավ «Հասարակ մարդը և աննկարագրելի հանցագործությունը» թեմայով հանրային դասախոսությամբ, որի ժամանակ ներկայացրեց տարբեր ցեղասպանությունների ժամանակ գործող շարքային հանցագործների ներգրավման պատճառները և տրամաբանությունը:

Քննարկվեցին նաև հետագա համագործակցության հնարավորությունները Ռուսական պետական հումանիտար համալսարանում գործող Հոլոքոստի և ցեղասպանությունների ուսումնասիրության կենտրոնի հետ:

Այլ նորություններ
5 ՈՍԿԵ ԵՎ 2 ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ՝ IMC ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ
Հուլիսի 27-ին ավարտվեց 27-րդ IMC միջազգային ուսանողական մաթեմատիկական օլիմպիադան, որին մասնակցող ԵՊՀ ուսանողները նվաճել են 5 ոսկե և 2 արծաթե մեդալ:
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ «ՆՅՈՒԹԵՐ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանն իր հերթական հոդվածն է հրատարակել «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» հայտնի գիտական հանդեսի հերթական համարում: