21.02.2020 | 
«ԲՈԼՈՐ ՄԱՐԴԻԿ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ՝ ԱՆԿԱԽ ՄԱՇԿԻ ԳՈՒՅՆԻՑ» . ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐՏԻՆ ԼՅՈՒԹԵՐ ՔԻՆԳԻՆ
«ԲՈԼՈՐ ՄԱՐԴԻԿ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ՝ ԱՆԿԱԽ ՄԱՇԿԻ ԳՈՒՅՆԻՑ» . ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐՏԻՆ ԼՅՈՒԹԵՐ ՔԻՆԳԻՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի արտաքին կապերի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր «Մարտին Լյութեր Քինգ. Ես ունեմ երազանք» խորագրով միջոցառում:

Միջոցառումը վարում էր Մասի Գալվան, որն ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր է:

Հարկ է նշել, որ միջոցառման անցկացման ժամանակահատվածը պատահական չէր ընտրվել, քանի որ փետրվարը պատմության մեջ կարևոր նշանակություն ունի սևամորթների իրավունքների պաշտպանության առումով:

Մեզ հետ զրույցում Մասի Գալվան ողջունեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, քանի որ Հայաստանում վերջին տարիներին շատ բան է փոխվել  խաղաղ ցույցերի միջոցով, և Մարտին Լյութեր Քինգը  հասարակական փոփոխությունները նույնպես պատկերացնում էր խաղաղ ցույցերի միջոցով:

Միջոցառման  ընթացքում Մասի Գալվան նախ ներկայացրեց  Մարտին Լյութեր Քինգի կյանքն ու գործունեությունը, վերջինիս քաղաքական ակտիվիստ դառնալու բարդ և վտանգավոր ճանապարհը:

 

Դասախոսության ընթացքում Մասի Գալվան ներկայացրեց նաև Մարտին Լյութեր Քինգի ակտիվ մասնակցությունը քաղաքացիական իրավունքների շարժմանը՝ անդրադառնալով վերջինիս կարկառուն ներկայացուցիչներից մեկը:

1964 թվականին Մարտին Լյութեր Քինգն արժանացել է Նոբելյան մրցանակի խաղաղության բնագավառում ոչ բռնի դիմադրության մեթոդներով ռասայական հավասարություն հաստատելու իր սկզբունքների համար։

Անդրադառնալով Մարտին Լյութեր Քինգի «Ես ունեմ երազանք» ճառին՝ Մասի Գալվան նշեց, որ այս հայտնի ելույթի հաղորդագրությունը մեկն է՝ բոլոր մարդիկ հավասար են՝ անկախ մաշկի գույնից:

Միջոցառման վերջում ուսանողները հնարավորություն ունեցան թեմայի վերաբերյալ իրենց հուզող հարցերն ուղղելու հյուրին: