17.12.2018 | 
Քաղաքականություն
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը՝ օրակարգային 5 և մի շարք ընթացիկ հարցերով:

Գիտխորհրդի նիստը մեկնարկեց պարգևատրման արարողությամբ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Կամո Եղոյանը հաղթել է եռամարտի Եվրոպայի առաջնությունում և արժանացել ոսկե մեդալի: Հայաստանի և համալսարանի պատիվը բարձր պահելու համար Արամ Սիմոնյանը Կամո Եղոյանին շնորհեց ԵՊՀ պատվոգիր:

 

Նիստի օրակարգային հարցերում ընդգրկված էին ամբիոնի վարիչի մրցութային ընտրության՝ ֆակուլտետային գիտխորհուրդների որոշումների հաստատումը, ԵՊՀ զարգացման 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (2017-2018 ուստարի) մասին ԵՊՀ ռեկտորի զեկուցումը, ԵՊՀ-ում «Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2017-2018 ուստարվա համալիր միջոցառումների» կատարման արդյունքների մասին իրազեկումը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի մասին հաղորդումը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2017-2018 ուստարվա գործունեության մասին հաշվետվությունը:

 

Անդրադառնալով օրակարգային առաջին հարցին գիտական խորհրդի մրցութային հանձնաժողովների նախագահներ Նաղաշ Մարտիրոսյանը և Խաչատուր Ներկարարյանը ներկայացրին ԵՊՀ ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդների ցուցակը, որտեղ ներառված էին 15 ամբիոնների ներկայացուցիչներ: Ամբիոնի վարիչների մրցութային ընտրության՝ ֆակուլտետային գիտխորհուրդների որոշումները հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով և հայտարարվեց փակ, գաղտնի քվեարկություն:

 

Արամ Սիմոնյանը, անցնելով օրակարգային երկրորդ հարցին՝ ռազմավարական ծրագրի կատարման ընթացքին, նշեց, որ երեք տարիների ընթացքում էական աշխատանքներ են իրականացվել. «Ծրագրի առաջին գլուխը վերաբերում է որակյալ կրթությանը, որի դրույթների մի մասը կատարվել է, մյուս մասն էլ ընթացքի մեջ է»:

 

 

«Ծրագրի երկրորդ մասը վերաբերում է արդիական հետազոտությանը և նորարարությանը, որի խնդիրներից մեկը համալսարանում բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի չափանիշները Զալցբուրգյան սկզբունքներին համապատասխանեցնել է, ինչին հասնելու անհրաժեշտ քայլերի մեծ մասը նույնպես իրականացվել է: Սակայն, պետք է փաստել, որ ԿԳՆ-ն դեռ հստակորեն չի սահմանել այս աստիճանի վերաբերյալ իր մոտեցումները»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

 

Արամ Սիմոնյանի հավաստմամբ, զարգացման ռազմավարական ծրագրի վերաբերյալ կան խնդիրներ, որոնք դեռևս լուծված չեն. «Ռազմավարական ծրագրի չորրորդ գլուխն առնչվում է մարդկային որակյալ ռեսուրսներին, որի շրջանակում մենք կառուցվածքային փոփոխություն ենք իրականացրել, բայց գիտեք, որ դիմորդների թիվը խիստ նվազել է, ինչի հետևանքով մենք չենք կարողանում պատշաճ աշխատավարձեր ապահովել:  Բացի դրանից՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի միջին տարիքը 51 է, ինչը, ճիշտ է, վատ չէ, բայց ևս մեկ անգամ փաստում է, որ մենք պետք է առավել հետևողական քայլեր իրականացնենք՝ երիտասարդ կադրերին շահագրգռելու և ներգրավելու համար:

 

«Ծրագրի 5-րդ գլուխն առնչվում է որակյալ ենթակառուցվածքներին, որի շրջանակում ստեղծվել են աշխատանքի առավել նպաստավոր պայմաններ, բայց այստեղ էլ դեռ բազմաթիվ խնդիրներ կան լուծելու: Որակյալ ծառայությունների մատուցումը մեզ համար շարունակում է մնալ «աքիլլեսյան գարշապար»: Այս տարի պակասել են հեռակա ուսուցման համակարգում սովորողների թիվը և տարաբնույթ վճարովի ծառայությունները»,- նկատեց Արամ Սիմոնյանը:

 

ԵՊՀ ռեկտորը փաստեց, որ կարևորագույն խնդիրները դիմորդների թիվը և ֆինանսային կայունություն ապահովելն են եղել. «Բազմիցս նշել եմ, բայց էլի եմ ուզում փաստել, որ ԵՊՀ ղեկավարությունը, կանխատեսելով դիմորդների սակավաթվությունը և ֆինանսական դժվարությունները, քայլեր ձեռնարկեց՝ լուրջ խնդիրներ չունենալու համար: Ուզում եմ շեշտել նաև, որ դիմորդների քանակը սպասվածից շատ է եղել»:

 

Անդրադառնալով բուհի միջազգայնացմանը՝ Արամ Սիմոնյանը նշեց, որ բուհը սերտորեն համագործակցում է միջազգային համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ գիտահետազոտական ծրագրեր:

 

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը խոսեց կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի ուստարվա միջոցառումների կատարման արդյունքների մասին՝ փաստելով, որ ծրագրի մի շարք գործողություններ, ըստ էության, համահունչ են ՀՀ հա­կա­կո­ռուպ­ցիոն ռազմավարությանը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջո­ցա­ռումների ծրագրով նախատեսված՝ կրթության ոլորտում հայտնաբերված կոռուպ­ցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և նվազեցմանն ուղղված միջոցառում­նե­րի ենթածրագրով սահմանված աշխատանքներին:

 

«Դրանցից են, մասնավորապես, հակակո­ռուպցիոն կրթության կազմակերպումը և էթիկայի կանոնների մշակումը, գրա­գողության կանխարգելումը, մարդկային ռեսուրսների կառավարման համա­կար­գի կատարե­լագործումը, բուհերի գործունեության թափանցիկության և հաշվետվո­ղակա­նության բարձրացումը: Ծրագրով նախատեսված աշխատանքները իրականացվում և համակարգ­վում են համալսարանի ռեկտորի հրամանով ձևավորված ԵՊՀ հակա­կոռուպցիոն միջոցա­ռումները համակարգող հանձնաժողովի կողմից»,- ասաց ԵՊՀ պրոռեկտորը:

 

 

Այնուհետև Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը ներկայացրեց ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի մասին՝ փաստելով, որ այժմ ընթանում է 2011 թվականին ստեղծված «Կրեդիտային համակարգով ԵՊՀ դասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի» երկրորդ փուլը, որի նպատակն է զարգացնել ԵՊՀ դասախոսական կազմի ներուժը:

 

«ԵՊՀ դասախոսական կազմից ծրագրում ընդգրկված է 830 մարդ, ավելի քիչ, քան ծրագրի 1-ին փուլում:  Նրանցից 701-ը 2016-2018 թթ. մասնակցել է ծրագրի կրթական և հետազոտական-ուսումնամեթոդական գործընթացներին, իսկ 130-ը դեռևս որևէ ակտիվություն չեն դրսևորել: Առաջին հայացքից, մասնակցության առումով իրավիճակը վատ չէ, բայց կրեդիտային արդյունավետությունը խիստ անհամաչափ է: 320 դասախոս չի մասնակցել որևէ դասընթացի, իսկ 287-ը չեն ներկայացրել որևէ աշխատանք»,- հաղորդեց Ժասմեն Աղասյանը:

 

Քննարկումներ ծավալվեցին նաև դասախոսների անգլերենի իմացության կատարելագործման վերաբերյալ, որի ժամանակ շեշտվեց, որ այն միջազգային լեզու է, և կարևոր է ժամանակակից նվաճումներին ծանոթանալու համար:

 

Օրակարգային վերջին հարցը վերաբերում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2017-18 ուստարվա հաշվետվությանը, որը ներկայացրեց մասնաճյուղի տնօրեն Արտակ Ցուցուլյանը: Անդրադառնալով գործունեությանը՝ տնօրենը ներկայացրեց թվային տվյալներ և տեղեկացրեց,  որ մասնաճյուղի ինտերնետային կայքէջը դարձել է եռալեզու, բացի այդ՝ բացվել է գրադարանի կայքէջը:

 

Նիստի օրակարգային հարցերի ավարտին ամփոփվեցին նաև փակ, գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ ԵՊՀ գիտխորհուրդը հաստատեց ամբիոնի վարիչների՝ ֆակուլտետային գիտխորհուրդների ընտրությունը:

 

Ընթացիկ հարցերի շրջանակում ԵՊՀ գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը հաղորդեց ԵՊՀ 2018 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) կատարողականի (հունվար-նոյեմբեր), ինչպես նաև ԵՊՀ 2019 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին:

 

ԵՊՀ գիտխորհուրդը Արմեն Թռչունյանի «Կենսաէներգետիկա» վերնագրով աշխատանքը հրատարակության երաշխավորելու և այն որպես բուհական դասագիրք հաստատելու հարցում ՀՀ ԿԳ նախարարությանը միջնորդելու որոշում կայացրեց:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՇՈՇԱՓԵԼԻ. ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Արգավանդի միջնակարգ դպրոցի 8-11-րդ դասարանների աշակերտներին:
ԵՊՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով ԵՊՀ գնումների պլանավորման վարչության պետ Արման Մալխասյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր: