11.04.2019 | 
Քաղաքականություն
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 7 և ընթացիկ հարցերով այսօր տեղի ունեցավ ԵՊՀ գիտխորհրդի նիստը:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց նորանշանակ պրոռեկտորներ Արսեն Բաբաջանյանին և Մենուա Սողոմոնյանին, ինչպես նաև գիտական քարտուղարին՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասիստենտ Լևոն Հովսեփյանին:

 

Նիստի օրակարգային առաջին հարցի շրջանակում ԵՊՀ գիտխորհրդի հումանիտար մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանը զեկուցեց դեկանների ընտրության մասին ֆակուլտետների գիտխորհուրդների ընդունած որոշումների վերաբերյալ և ընթացակարգի համաձայն՝ առաջարկեց փակ, գաղտնի քվեարկությամբ հաստատել դրանք:

 

Հաջորդիվ Նաղաշ Մարտիրոսյանը և ԵՊՀ գիտխորհրդի բնագիտական մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողովի նախագահ Խաչատուր Ներկարարյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրին դոցենտի կոչումների շնորհման հայցերը՝ փաստելով, որ դրանք համապատասխանում են պահանջվող բոլոր չափանիշներին:

 

Առաջադրված հարցերը հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվեցին Ռոման Ալավերդյանը, Սամվել Մուրադյանը և Ժենյա Թոթոլյանը:

 

Հիշեցնենք, որ վերջին ժամանակահատվածում դեկանների ընտրություններ են տեղի ունեցել Իրավագիտության,  Փիլիսոփայության և հոգեբանության, ինչպես նաև Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներում:

 

Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց 2019-2020 ուստարվա ԵՊՀ ուսման վարձավճարների չափերը:  

 

Նրա տեղեկացմամբ, առաջարկվում է բակալավրիատի 2019/2020 ուստարվա համար Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» դասընթացի համար սահմանել 600 հազար դրամ վարձավճար, Պատմության ֆակուլտետի «Հնագիտություն և ազգագրություն» կրթական ծրագրի համար՝ 430 հազար դրամ, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տնտեսագիտություն» և «Ֆինանսներ» կրթական ծրագրերի հեռակա ուսուցման համար՝ 520 հազարական դրամ:

 

«Հայ բանասիրության ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի հեռակա ուսուցման և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Լրագրություն» կրթական ծրագրի հեռակա ուսուցման համար սահմանել 344 հազարական դրամ, իսկ Աստվածաբանության ֆակուլտետի «Աստվածաբանություն» կրթական ծրագրի հեռակա ուսուցման համար առաջարկվում է սահմանել 344 հազար դրամ վարձավճար, «Կրոնագիտություն» կրթական նոր ծրագրի համար էլ 430 հազար դրամ»- հաղորդեց Արսեն Բաբաջանյանը:   

 

 

Նրա փոխանցմամբ, մագիստրոսական կրթական ծրագրերի վարձավճարների փոփոխություններ չեն առաջարկվում. «Ասպիրանտուրայի կրթական ծրագրերի վարձավճարների փոփոխություններ չկան ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա ուսանողների համար»: Ծավալված քննարկումներից հետո գիտխորհրդի անդամները հաստատեցին 2019-2020 ուստարվա ԵՊՀ ուսման վարձավճարների չափերը: 

 

Հաջորդիվ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, ներկայացնելով 2018-2019 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգերը, նշեց, որ Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչությունից ստացվել է առաջարկ՝ այսուհետ դրանք հաստատել ոչ թե որպես կանոնակարգ, այլ ամեն տարի իրականացնել փոփոխություններ:

 

«Այս անգամ փոփոխությունները առնչվում են ժամկետներին, որոնք վերաբերում են ինչպես փաստաթղթերի ներկայացմանը, այնպես էլ և՛ առկա, և՛ հեռակա ուսուցման համակարգերի ընդունելության կազմակերպմանը: Առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի մեջ առաջարկվում է այն կրթական ծրագրերին, որոնց ընդունելությունն իրականացվում է բացառապես քննությունների արդյունքների հիման վրա, ավելացնել «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը»,- նշեց Մենուա Սողոմոնյանը:

 

 

Նա տեղեկացրեց, որ առաջարկվում է նաև «Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու հնարավորություն տալ ինչպես «Կենսաբանություն», այնպես էլ «Կենսաքիմիա» մասնագիտության բակալավրի շրջանավարտներին. «Բացի դրանից՝ նախատեսվում է «Կիրառական մանրէաբանություն» կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի ընդունելության համար մասնակցության հնարավորություն տալ «Կենսաբանություն», «Կենսաքիմիա» և «Կենսաֆիզիկա» մասնագիտության բակալավրի շրջանավարտներին՝ համապատասխան ՄՈԳ-երի հաշվառմամբ»:

 

Գիտխորհրդի անդամները հաստատեցին 2018-2019 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգերը:

 

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը գիտխորհրդի անդամներին տեղեկացրեց, որ շուրջ մեկ տարի աշխատանքներ են իրականացվել ՝ փոփոխելու և կանոնակարգելու ԵՊՀ ապրանքանիշը. «Աշխատանքներն իրականացրել է մեր աշխատակից Էդիկ Պողոսյանը: Նա նկարիչ-դիզայներ է, ունի 25 տարվա աշխատանքային փորձ: Արժանացել է մի քանի միջազգային մրցանակների»:

 

Էդիկ Պողոսյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց ԵՊՀ ապրանքանիշերի գիրքը (Brand-book)՝ մանրամասնորեն ցույց տալով, թե ինչ փոփոխություններ են արվել և ինչ նոր գաղափարներ են կյանքի կոչվել: Նա փաստեց, որ ԵՊՀ-ն առաջին անգամ ունենալու է ամբողջական «Տեսողական ինքնություն»:

 

 

Օրակարգային վերջին հարցի քննարկման ժամանակ ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը զեկուցեց ԵՊՀ սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացի մասին՝ շեշտելով, որ պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգի համաձայն՝ սահմանված են ուսումնական, մասնագիտական և մանկավարժական պրակտիկաների տեսակներ:

 

Նա փաստեց, որ պրակտիկայի յուրաքանչյուր տեսակ ունի իր նպատակը. «Ուսումնական պրակտիկան այսօր իրականացվում է 7 ֆակուլտետում: Կարգով սահմանված է, որ ուսումնական պրակտիկան պետք է անցկացվի առաջին և երկրորդ կուրսերում, տևողությունը յուրաքանչյուր կրթական ծրագիր ինքն է սահմանում իր համար»: 

 

Հրանտ Ժամհարյանի հավաստմամբ, 11 ֆակուլտետ այսօր անցկացնում է մանկավարժական պրակտիկա այն կրթական ծրագրերով, որոնք համարժեք են կամ համահունչ դպրոցում դասավանդվող առարկաներին: Մանկավարժական պրակտիկան կազմակերպվում է՝ համաձայն «ԵՊՀ բակալավրիատի շրջանավարտներին մանկավարժի որակավորում շնորհելու կանոնակարգի»։

 

 

«Մասնագիտական պրակտիկան կազմակերպվում է բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերում: Հիշեցնեմ, որ կարգի համաձայն՝ մասնագիտությամբ աշխատող ուսանողը կարող է մասնագիտական պրակտիկան անցնել իր աշխատավայրում՝ ներկայացնելով համապատասխան տեղեկանք»,- տեղեկացրեց Հրանտ Ժամհարյանը:

 

Ուսումնամեթոդական վարչության պետը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց պրակտիկայի կազմակերպման և անցկացման հիմնական դժվարությունները, որոնք առանձնացրել են՝ ըստ ուսանողների շրջանում անցկացրած հարցումների, ապա առաջարկեց դրանց լուծման մեխանզիմները:

 

Ընթացիկ հարցերի շրջանակում քննարկվեց ԵՊՀ ուսումնական մասնաշենքերից դուրս գտնվող ենթակառուցվածքների զարգացման հայեցակարգը, որի համաձայն՝  առաջարկվում է ԵՊՀ բոլոր բազաները միավորել՝ ստեղծելով «Ենթակա­ռուցվածքների կառավարման միասնական ստորաբաժանում»:

 

Միասնական ստորաբաժանումը գործելու է ԵՊՀ հիմնադրամի շրջանակում՝ ձևավորելով համալիրների միասնական կառավարման համակարգ: Դրա նպատակն է օպտիմալացնել վարչա­տնտեսական գործա­ռույթները և տնտեսել վերադիր ծախսերը, ընդլայնել և դիվերսիֆիկացնել մատուցվող ծառայությունների շրջանակն ու ուղղությունները, բարելավել որակը, ինչն էլ կբարձրացնի համակարգի գործունեության արդյունավետությունը: Գիտխորհրդի անդամները հաստատեցին հայեցակարգը:

 

 

Հաջորդիվ Մենուա Սողոմոնյանը հաղորդեց բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգում փոփոխություն կատարելու մասին՝ ասելով, որ եթե նախկինում առաջացած առարկայական պարտքերի կրեդիտների գումարը չէր գերազանցում 12-ը, ապա համաձայն սահմանված կարգի՝ ուսանողը կարող էր առարկայական պարտքերը մարել մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը` վերահանձնելով առարկաները ևս 2 անգամ կամ կրկնելով այդ առարկաների դասընթացները, ապա այժմ կրկնել չի կարող:

 

Մենուա Սողոմոնյանը փաստեց, որ դրույթը չէր վերաբերում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունվածներին, այժմ նաև այլ ուժային կառույցների կողմից տարկետման իրավունք ստացած ուսանողներին:

 

Գիտխորհրդի հաստատմանը ներկայացվեց նաև ԵՊՀ 100-ամյակի առթիվ «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին 50 հազար դրամի չափով միանվագ կրթաթոշակներ տրամադրելու առաջարկը, որն ընդունվեց միաձայն:

 

ԵՊՀ գիտխորհրդի նիստի ավարտին հաշվիչ հանձնաժողովը հրապարակեց փակ, գաղտնի քվեարկության արդյունքները, որոնցով հաստատվեցին ֆակուլտետների գիտխորհուրդների և դոցենտի գիտական կոչումների շնորհման որոշումները:

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ. ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը:
«ՍԵՐՎԻՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ/ՄԵՆԵՋՄԵՆՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանն այսօր «Սերվիսի կազմակերպիչ/մենեջմենտ» խորագրով դասախոսություն է կարդացել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում: