19.12.2019 | 
Հասարակություն
ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ.  ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 6 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը գիտխորհրդի անդամներին տեղեկացրեց, որ ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետի թիմը նվաճել է «ICPC» ծրագրավորման հեղինակավոր միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի ուղեգիր: Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի փաստմամբ, մրցույթը տվյալ բնագավառում միջազգային ամենաբարձր հարթակն է:

 

Գեղամ Գևորգյանը թիմի ներկայացուցիչներ Լևոն Մուրադյանին, Խաժակ Գալստյանին և Համլետ Միքայելյանին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալներ:

 

 

Անցնելով նիստի օրակարգային առաջին հարցին՝ ԵՊՀ հումանիտար մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանը և բնագիտական մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողովի նախագահ Խաչատուր Ներկարարյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրին դոցենտի գիտական կոչում շնորհելու 3 հայցերը՝ փաստելով, որ դրանք համապատասխանում են պահանջվող բոլոր չափանիշներին: Զեկուցումներից հետո կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն:

 

Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում «Բանբեր Երևանի համալսարանի» գիտական ամսագրի գլխավոր խմբագիր Լևոն Ավետիսյանը ներկայացրեց հանդեսի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ: Նրա տեղեկացմամբ, մինչ այս բոլոր համարները լույս են տեսել տարեկան երեք անգամ հաճախականությամբ:

 

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ նախատեսվում է «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն» և «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն» շարքերի պարբերականությունը դարձնել տարեկան երկու անգամ, իսկ «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն» շարքը տարանջատել և լուսընծայել առանձին շարքերով: Գիտխորհրդի կողմից ընդունվեցին և հաստատվեցին ներկայացված առաջարկությունները:

 

 

Այնուհետև ԵՊՀ գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ԵՊՀ 2020 թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը, որը պետք է ներկայացվի Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Ըստ նախահաշվի՝ 2020 թ. բյուջեն դեֆիցիտային է, որը պայմանավորված է ոչ թե նախատեսվող եկամուտներից ավելի ծախսերի պլանավորմամբ, այլ նախորդ տարիներին դրամաշնորհային ծրագրերով ստացված ֆինանսավորմամբ և հաշվետու տարում նախատեսվող ծախսերի կատարմամբ:

 

Նախահաշվի համաձայն՝ 2020 թ. ԵՊՀ դրամական միջոցների մուտքերը կազմելու են 9 մլրդ 368 մլն ՀՀ դրամ, իսկ դրամական միջոցների ելքերը՝ 9 մլրդ 518 մլն ՀՀ դրամ: Գեղամ Գևորգյանն էլ տեղեկացրեց, որ հաջորդ ուսումնական տարում նախատեսվում են ընդունելության նվազում և վարձավճարների ավելացում:

 

«Վարձավճարների ավելացման արդյունքում դրամական միջոցների մուտքերը չեն պակասելու, ուսանողների թվի նվազեցումն էլ կհանգեցնի դասախոսական կազմի կրճատման: Տարբերությունը ես մտադիր եմ տրամադրել դասախոսական կազմի աշխատավարձի բարձրացմանը՝ առնվազն 10 %-ով»,- ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

 

 

Նա հավելեց, որ տարիների ընթացքում ուսանողների թվի նվազմանը զուգահեռ՝ կրճատվել է դասախոսական կազմը, բայց գրեթե չեն կրճատվել ուսումնաօժանդակ, վարչական և սպասարկող անձնակազմերը. «Որ ոլորտում մենք կարողանանք իրականացնել օպտիմալացում, այդ նույն ոլորտում համապատասխանաբար կավելացնենք աշխատավարձերը»:

 

Գիտխորհրդի անդամները ԵՊՀ 2020 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի վերաբերյալ ներկայացրին իրենց դիտարկումները և հարցադրումները: Ծավալված քննարկման ժամանակ ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ օպտիմալացմանն ուղղված առաջարկությունները, որոնք ենթադրում են կառուցվածքային փոփոխություններ, քննարկվել են նաև իրենց ֆակուլտետի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ:

 

«Ես կարծում եմ, որ բարեփոխմանը և գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն միտված գործողություններ միանշանակ պետք է կատարել, սակայն դրանք պետք է կյանքի կոչել միայն այն դեպքում, եթե առկա է հստակ ծրագիր, ինչպես նաև դա իրականացնելու համար Հոգաբարձուների խորհրդի կողմից տրված մանդատ»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

 

Ըստ նրա՝ այդ գործողությունները դուրս են օպերատիվ կառավարումից և խնդրահարույց իրավական տեսանկյունից. «Այսինքն՝ ժամանակավոր պաշտոնակատարն այդպիսի գործողություններ կատարելու մանդատ չունի: Եթե մենք ժամանակավոր վարչակազմով ծրագրային նման փոփոխություններ ենք կատարելու, որոնք կանխորոշելու են մոտակա 5 և նույնիսկ 10 տարում համալսարանի զարգացման հեռանկարը և ուղղությունը, ես խնդիր եմ տեսնում: Պետք է մշակել ծրագիր, որին հավանություն կտա ՀԽ-ն: Բացի դրանից՝ վերջինս պետք է ընտրի անձին, որը կյանքի է կոչելու այդ ծրագիրը: Ռեկտորն էլ պետք է հաշվետու լինի ՀԽ-ին»:

 

Որպես արձագանք՝ Գեղամ Գևորգյանը փաստեց, որ դեռևս միայն հնչել է առաջարկություն՝ մտածելու, թե ինչ կարելի է անել. «Այս պահին առաջարկը կառուցվածքային փոփոխությունների մասին չէր, այլ այն մասին, որ տարիների ընթացքում առաջացել է  անհավասարակշռություն: Այժմ դասախոսների թիվը կրճատվել է, իսկ մյուս անձնակազմերի թիվը մնացել է նույնը: Եթե մենք պետք է այս ձևախեղված հարաբերակցության պայմաններում բարձրացնենք բոլորի աշխատավարձերը, ես դա համարում եմ անարդար»:

 

 

Բացի դրանից՝ նա ասաց, որ եթե հանգում են որևէ եզրակացության՝ համարելով ռացիոնալ, ապա կարող են այն իրականացնել ցանկացած ռեկտորի պաշտոնավարման ընթացքում. «Եվ հետո որոշումը կայացնելու է կոլեկտիվը, իսկ ինչ վերաբերում է լիազորություններին, նշեմ՝ այս պահին ես ունեմ ռեկտորի բոլոր լիազորությունները»:

 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հետաքրքրվեց, թե վերանայվե՞լ է արդյոք իրենց ֆակուլտետի գործուղումներին հատկացվող բյուջեն, և նշեց, որ համաձայն է Վահե Հովհաննիսյանի հնչեցրած մտահոգությունների հետ. «Ըստ էության, Դուք արդեն ունեք Ձեր տեսլականը, թե ինչ միավորումներ պետք է լինեն: Կարծում եմ՝ այս պահին պատրաստ չեք առողջ և կառուցողական քննարկման, քանի որ երբ մեր ֆակուլտետում ներկայացնում էինք արևելագիտության առանձնահատկությունները, Դուք անտեսեցիք դրանք»:   

 

«Չգիտեմ՝ արևելագետ ինչ խորհրդականներ ունեք, բայց վստահեցնում եմ՝ մոտեցումները, որ Դուք ունեք, սխալ են: Դուք բացահայտ ասում եք, որ Արևելագիտության ֆակուլտետը չպետք է առանձին գոյություն ունենա: Այս հարցն իրոք մտահոգիչ է, և պարզ է, թե քարոզչական ինչ աշխատանքներ են հիմա տարվում: Քննարկումը, որը մենք ցանկացանք սկսել մեր ֆակուլտետում, Դուք տապալեցիք: Ես առաջարկում եմ այս հարցը գիտխորհրդի առաջիկա նիստում ընդգրկել օրակարգային հարցերի մեջ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

 

Գեղամ Գևորգյանն ասաց, որ գործուղումներին հատկացվող բյուջեն չի վերանայվել, բայց փոխարենը հորդորել է դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումից հատկացնել գործուղումներին. «Եթե պահանջում եք համալսարանից, ապա ցույց տվեք, թե որտեղից»:

 

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը ներկայացրեց մասնաճյուղի հաշվետվությունը: Նա փաստեց, որ 2018-19 ուստարվա կարևորագույն ձեռքբերումը մասնաճյուղում իրականացվող կրթական ծրագրերի վերջնարդյունքների վերանայումն էր և նորացված ծրագրերի հաստատումը։

 

«2018-19 ուստարվա ընթացքում մշակվել և ներդրվել է նոր՝ «Ռուսաց լեզու և գրականություն», վերաբացվել են «Հոգեբանություն» ու «Դեկորատիվ կիրառական արվեստ» կրթական ծրագրերը։ Դրանց հիման վրա նոր ուսումնական տարում կազմակերպվել է ընդունելություն։ Ծրագրերից առաջին երկուսն անցնում են արտաքին փորձաքննություն ԵՊՀ-ում»,- ասաց ԵՊՀ ԻՄ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

 

Նրա տեղեկացմամբ, հաշվետու ուստարում մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 8 մասնագիտությունների 9 կրթական ծրա­գրերով ընդունվել է 76 դիմորդ (նախորդ ուստարվա 168-ի փոխարեն), այդ թվում՝ 39-ը՝ անվճար, 37-ը՝ վճարովի,  իսկ հեռակա ուսուցմամբ 7 կրթական ծրագրերով` 40 դիմորդ (նախորդ ուստարվա 170-ի փոխարեն):

 

Այնուհետև գիտխորհուրդը միաձայն հաստատեց ԵՊՀ թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Ռ. Խաչատրյանի «Օպտիմիզացիայի մեթոդներ» աշխատանքը որպես բուհական դասագիրք հաստատելու հարցում ՀՀ ԿԳՄՍՆ-ին միջնորդելու մասին։

 

 

Նիստի օրակարգային հաջորդ հարցին անցնելով՝ ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը գիտխորհրդի անդամներին տեղեկացրեց, որ ուսումն արտերկրում շարունակելու համար դադարեցնում է կառույցի նախագահի լիազորությունները, և որ ՈՒԳԸ ԳԽ-ն ընտրել է նոր թեկնածու, որի պաշտոնավարման հարցը ներկայացվում է գիտխորհրդի հաստատմանը. «Փակ գաղտնի քվեարկությանն առաջադրված է եղել 3 թեկնածու, որոնցից միայն մեկն է համապատասխանել պահանջվող չափորոշիչներին»:

 

Գիտխորհուրդը հաստատեց կառույցի նոր նախագահի թեկնածությունը: ՈՒԳԸ նախագահի պաշտոնն այսուհետ ստանձնելու է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Փանոսյանը, որն ունի ակադեմիական բարձր առաջադիմություն, տպագրված հոդվածներ: Բացի դրանից՝ նա ճանաչվել է ԵՊՀ լավագույն ուսանող՝ ստանալով ԵՊՀ բրոնզե մեդալ:

 

Օրակարգային հարցերի սպառումից հետո ձևավորված հաշվիչ հանձնաժողովի նախագահը՝ Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի ղեկավար Լևոն Հակոբյանը, ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ գիտխորհուրդը հաստատել է դոցենտի գիտական կոչումի հայցերը:

 

 

Նիստի ավարտին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը գիտխորհրդի անդամներին տեղեկացրեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրված (արդեն ոչ աշխատանքային տարբերակը), և այս փուլում ԵՊՀ-ն պետք է որևէ ձևով արձագանքի և միասնական կարծիք արտահայտի:

 

Նա առաջարկեց ձևավորել աշխատանքային խումբ, որը կմշակի ստացված առաջարկությունները, կամ այդ գործընթացը կազմակերպելու իրավասությունները տալ գիտխորհրդի կանոնադրական հանձնաժողովին. «Ստացված առաջարկությունները համակարգելուց հետո կմշակվի նախագիծ, որի վերաբերյալ խորհուրդը կհայտնի իր կարծիքը: Այսինքն՝ համալսարանը կունենա պաշտոնական դիրքորոշում օրենքի նախագծի վերաբերյալ»:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ
Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների նախասրահում, ԵՊՀ մշակույթի կենտրոնի և Գևորգյան հոգևոր ճեմարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Սուրբ Վարդանանց տոնին նվիրված միջոցառում:
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ՆԵՐԿԱ ՉԷՐ
Այսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր: