23.05.2019 | 
Քաղաքականություն
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴՐԱՆՑ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ, ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴՐԱՆՑ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ,  ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 8 հարցերով այսօր տեղի ունեցավ ԵՊՀ գիտխորհրդի նիստը:

Նիստի սկզբում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն առաջարկեց օրակարգից հանել 4-րդ և 5-րդ կետերը, որոնք վերաբերում էին «Ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների տրամադրման կարգում» փոփոխություններ կատարելուն և «ԵՊՀ դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցման կանոնակարգում» փոփոխություններին, քանի որ նրա հավաստմամբ, դրանք իրավական լրացուցիչ ընթացակարգեր պետք է անցնեն մինչև գիտխորհրդի հաստատմանը ներկայացնելը:

 

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը փաստեց, որ օրակարգի 4-րդ կետով առաջարկվող փոփոխությունը մեկն է, որի իրավական հիմքը ՀՀ կառավարության ընդունած համապատասխան որոշումն է:

 

Գիտխորհրդի անդամները հաստատեցին օրակարգը՝ առանց 5-րդ կետի («ԵՊՀ դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցման կանոնակարգում» փոփոխությունների մասին):

 

Նիստի օրակարգային առաջին հարցի շրջանակում գիտխորհրդի՝ ԵՊՀ  հումանիտար մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց դոցենտի գիտական կոչումների շնորհման 6 հայցերը՝  փաստելով, որ դրանք համապատասխանում են պահանջվող բոլոր չափանիշներին:  Գիտական կոչումները հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվեցին Գևորգ Բարսեղյանը, Մանուշակ Ալավերդյանը և Աշոտ Առուստամյանը:

 

ԵՊՀ ռեկտորը նշեց, որ մրցույթների անցկացման նոր շրջան է սկսվել. «Շուտով կսկսվեն ամբիոնների վարիչների պաշտոնների համար անցկացվող մրցույթները: Դոցենտների և պրոֆեսորների կոչումների մրցույթները մենք որոշեցինք հետաձգել մինչև տարվա վերջ, քանի որ սպասվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ, որում, մեզ հասած տեղեկություններով, լինելու են փոփոխություններ այդ կոչումների վերաբերյալ»:

 

Այնուհետև ԵՊՀ կառուցվածքում և հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին միջնորդելու մասին զեկուցեց Արամ Սիմոնյանը՝ նշելով, որ ԵՊՀ-ում անընդհատ եղել են կառուցվածքային փոփոխություններ. «Բացի դրանից՝ ստեղծվել է ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով, որը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ քննարկել է նիստերում բարձրաձայնված հարցերը, ապա դրանց արդյունքը ներկայացրել ռեկտորատին»:

 

Մասնավորապես առաջարկվում է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով ու գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորների հաստիքների վերացում, ապա նրանց գործառույթների մեկտեղմամբ երկու նոր պրոռեկտորների հաստիքների ստեղծում՝ Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր ու Բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր, որոնք կհամակարգեն իրենց ենթակայության տակ գտնվող ուղղությունների և՛ գիտական, և՛ կրթական գործունեությունը:

 

«Միջազգային պրակտիկան էլ ցույց է տալիս, որ գիտությունը և կրթությունը չեն կարող առանձին գործել: Ի դեպ, մեր գործունեության ընթացքում եղել է ժամանակ, երբ պրոռեկտորների գործառույթներն այսպես են եղել»:

 

 

Առաջարկվում է նաև վերացնել ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի հաստիքը, քանի որ դրա ենթակայության ներքո այսօր գործող ստորաբաժանումներ չկան: Փոխարենը նախատեսվում է ստեղծել Արտաքին կապերի գծով պրոռեկտորի հաստիք, որը կհամակարգի միջազգային կապերը, արտասահմանյան դրամաշնորհները, հայաստանյան բուհերի, կազմակերպությունների հետ կապերը, ֆոնդահայթայթման գործառույթը և Ռուսական կենտրոնի գործունեությունը:

 

Բացի դրանից՝ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է Հաշվապահության վերակազմակերպում, որի հիմքի վրա կստեղծվի 2 ստորաբաժանում՝ Հաշվապահական վարչություն և Ֆինանսական քաղաքականության վարչություն:

 

ԵՊՀ ռեկտորի զեկուցմանը փոխարինեցին գիտխորհրդի անդամների հարցադրումները և ելույթները: Մասնավորապես նշվեց, որ արդյունավետ որոշում կայացնելու համար լավ կլիներ, եթե փոփոխությունների առաջարկությունները ներկայացվեին նախօրոք: Արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը հետաքրքրվեց, թե առաջարկվող փոփոխությունների արդյունքում քանի հաստիք է կրճատվելու, և արդյոք եղել են քննարկումներ այն ստորաբաժանումների հետ, որոնք ենթարկվելու են փոփոխությունների, որոնց ի պատասխան՝ ԵՊՀ ռեկտորը նշեց, որ հաստիքներ չեն կրճատվելու, գուցե կադրերը փոխվեն, և որ ստորաբաժանումների հետ քննարկումներ իրականացվել են:

 

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն իր ելույթում ասաց, որ ֆակուլտետն ի սկզբանե որոշել է սկզբունքորեն մաս չկազմել ԵՊՀ-ում բարեփոխումներ իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ համալսարանում կան օրինական մարմիններ, մասնավորապես՝ ռեկտորատ և գիտական խորհուրդ, որի ընդունած որոշումները պարտադիր են, այդ թվում՝ ռեկտորի համար:

 

 

«Այդ մարմինները կարող են ցանկացած որոշում կայացնել, և մամուլում արված այն հայտարարությունները, թե ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողովը ներկայացնում է ամբողջ համալսարանը և իրականացնելու է էական փոփոխություններ, ստվերում են նշածս մարմինների գործունեությունը»,- ասաց Վահրամ Դումանյանը:

 

Ելույթ ունեցավ նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը՝ փաստելով, որ հանձնաժողովի աշխատանքները շատ արդյունավետ են, բարձրաձայնված հարցերը՝ արդիական:

 

ԵՊՀ գիտխորհրդի անդամները, քննարկելով կառուցվածքային փոփոխությունները, հաստատեցին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնելու առաջարկը:

 

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, զեկուցելով մագիստրոսի կրթական ծրագրով 2019-2020 ուստարվա ընդունելության տեղերի մասին,  ասաց, որ առկա ուսուցմամբ նախատեսված են անվճար 328 տեղ, վճարովի՝ 1200. «Իջևանի մասնաճյուղի համար 2019-2020 ուստարվա համար նախատեսված է 11 տեղ»:

 

Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում Մենուա Սողոմոնյանը խոսեց «ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների տրամադրման կարգում» փոփոխություններ կատարելու մասին՝ նշելով, որ պետք է ուժը կորցրած ճանաչել կանոնակարգի 19.11-րդ կետը, որի համաձայն՝ ԵՊՀ-ն իր միջոցների հաշվին 30 տոկոսի չափով իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների (երկու ծնողները) երեխա ուսանողներին. «Փոփոխության իրավական հիմքը Կառավարության ընդունած համապատասխան որոշումն է»: Հարցը հաստատվեց գիտխորհրդի կողմից:

 

Այնուհետև ԵՊՀ գիտական խորհրդի որակի ապահովման հանձնաժողովի նախագահ Էմիլ Գևորգյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը՝ նշելով, որ հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են կրթական 4 նոր ծրագրեր, որից 2-ը մագիստրոսական, 2-ը՝ բակալավրի՝ փաստելով, որ դրանք անցել են համապատասխան բոլոր ընթացակարգերը:

 

«Բակալավրի կրթական ծրագրերից մեկը ներկայացված է Աստվածաբանության ֆակուլտետի կողմից և կոչվում է «Կրոնագիտություն», մյուսը՝ Պատմության ֆակուլտետի «Հնագիտություն և ազգագրություն» ծրագիրը: Մագիստրոսական նոր ծրագրերը ներկայացված են Ֆիզիկայի ու Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների կողմից և համապատասխանաբար կոչվում են «Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր» և «Վարչագործարարական թարգմանություն»»: Ներկայացված հարցն ընդունվեց գիտխորհրդի կողմից:

 

Այնուհետև գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը զեկուցեց ԵՊՀ գիտական խորհրդի հանձնաժողովների կազմերում փոփոխություններ կատարելու մասին՝ նշելով, որ դրանք նախատեսվում են երկու հանձնաժողովներում՝ Իրավական ակտերի, նախագծերի մշակման և փորձաքննության հանձնաժողով ու Մրցութային հանձնաժողով. «Փոփոխությունները պայմանավորված են պրոռեկտորների և գիտական քարտուղարի փոփոխմամբ»: Այս հարցը նույնպես հավանության արժանացավ գիտխորհրդի կողմից: 

 

 

 

Օրակարգային վերջին հարցի շրջանակում «ՀՀ ռազմական բարեփոխումներն արդի մարտահրավերների համատեքստում» խորագրով զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որը պատասխանեց նաև թեմայի շրջանակում հնչեցված հարցերին:

 

Օրակարգի հարցերի ավարտին հաշվիչ հանձնաժողովը ներկայացրեց փակ, գաղտնի քվեարկության արդյունքները, որոնք հաստատեցին դոցենտի գիտական կոչումների շնորհման 6 հայցերը:

 

Նիստի ավարտին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հուլիսի 2-ին տեղի է ունեցել ԵՊՀ 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող հոբելյանական հանձնաժողովի նիստը:
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Հունիսի 28-ին տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 12 նիստը՝ օրակարգային 4 հարցով: