24.02.2022 | 
Հասարակություն
ՆՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԽ ՆԻՍՏԸ
ՆՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԽ ՆԻՍՏԸ
Օրակարգային 7 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը:

Նիստի մեկնարկին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց այս ընթացքում իրականացված ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև ընթացիկ աշխատանքների վերաբերյալ իր նկատառումներն ու դիտարկումները:

 

Այնուհետև Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Պարույր Վարդերեսյանը ներկայացրեց «e-request.ysu.am» հարթակը, որը հնարավորություն է ընձեռում պարզեցնելու փաստաթղթաշրջանառության գործընթացը:

 

 

Նիստի առաջարկված օրակարգը հաստատելուց հետո ԵՊՀ գիտխորհրդի մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը ԳԽ-ի հաստատմանը ներկայացրեց դոցենտի գիտական կոչում շնորհելու 3 հայց՝ փաստելով, որ հանձնաժողովը ստացել ու քննել է ներկայացված փաստաթղթերը, նշեց, որ դրանք համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին:

 

Գիտական խորհրդին ներկայացված գիտական կոչում շնորհելու հայցերը հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն:

 

 

Այնուհետև անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԳԽ-ի հաստատմանը ներկայացրեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառուցվածքային միավորի անվանակոչության կարգը՝ փաստելով, որ դրանով սահմանվում են ընդհանուր դրույթները, ինչպես նաև կառուցվածքային միավորի անվանակոչության կարգը:

 

Հ. Հովհաննիսյանի հավաստմամբ, այս նախագծով ԵՊՀ կառուցվածքային միավորի անվանակոչության որոշումն ընդունելու է Գիտական խորհուրդը: Ընդ որում՝ ներկայացված կարգի համապատասխան դրույթի համաձայն՝ ԵՊՀ-ի գիտական խորհուրդն  իրավասու է կառուցվածքային միավորի անվանակոչելուց 20 տարի հետո փոփոխել (հանել) անվանակոչված կառուցվածքային միավորի անվանումը՝ համապատասխան հիմնավորման դեպքում:

 

ԵՊՀ գիտական խորհուրդն առաջարկություններից և քննարկումներից հետո հաստատեց ներկայացված կարգի նախագիծը:

 

 

Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ԳԽ-ի հաստատմանը ներկայացրեց Երևանի պետական համալսարանի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը (նոր խմբագրությամբ):

 

Տեղեկացնենք, որ ներկայացված նախագիծը սահմանում է ԵՊՀ աշխատողներին գիտահետազոտական, ուսումնամեթոդական, կազմակերպչական աշխատանքների որոշ տեսակների կատարման համար լրավճարի վճարման ընթացակարգը և չափերը:

 

Ծավալված քննարկումներից, հնչած առաջարկություններից և պարզաբանումներից հետո Գիտական խորհուրդը հաստատեց ներկայացված կարգը, որտեղ կներառվի նաև ԵՊՀ հրատարակչության ղեկավար Կարեն Գրիգորյանի առաջարկությունները. առանձին ներկայացնել ԵՊՀ այն պարբերականները, որոնք ունեն առնվազն հիսուն տոկոս արտասահմանյան անդամներ և հրատարակվում են անգլերենով, բացի դրանից՝ ԵՊՀ-ի կողմից հրատարակվող անգլերեն մենագրություններին նույնպես տալ առանձին կարգավիճակ:

 

 

Այնուհետև օրակարգային հաջորդ հարցով Իրավաբանական ծառայության պետ Արմեն Թադևոսյանը ներկայացրեց Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը (նոր խմբագրությամբ)՝ ներկայացնելով իրականացված փոփոխությունները և պարզաբանելով դրանց նպատակը:

 

Կանոնակարգի նախագծի հաստատումից հետո Ա. Թադևոսյանը ԳԽ-ի հաստատմանը ներկայացրեց նաև Երևանի պետական համալսարանի իրավաբանական ծառայության և «Երևանի պետական համալսարանի անձնակազմի կառավարման բաժին» կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությունները:

 

Ներկայացված կանոնադրությունները հավանության արժանացնելուց հետո ԳԽ-ն հաստատեց նաև Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի կանոնադրությունը: 

 

 

Օրակարգային հարցերի սպառումից հետո ձևավորված հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լևոն Հակոբյանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները՝ նշելով, որ քվեարկությանը մասնակցել է 69 անդամ և երաշխավորել գիտական կոչում շնորհելու հայցերը:

 

Նիստի ընթացիկ հարցերի շրջանակում էլ ԳԽ-ն որոշեց ԵՊՀ դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Արա Ալեքսանյանին շնորհել «ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ» պատվավոր կոչում:

 

Որոշվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին ներկայացնել առաջարկություն միավորման եղանակով վերակազմավորելու Քաղաքական ինստիտուտների և գործընթացների և Քաղաքական գիտության տեսության և պատմության ամբիոնները, ինչպես նաև հաստատեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի տեսության և պատմության ամբիոնի անվանափոխության հարցը:

 

Գիտխորհուրդը հաստատեց նաև ԵՊՀ գիտական խորհրդի իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության ու որակի ապահովման հանձնաժողովների կազմերում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք պայմանավորված են իրականացված կառուցվածքային փոփոխություններով:

 

Ընթացիկ հարցերի շրջանակում որոշվեց նաև վերահրատարակել «Developing creative writing. from paragraph to essay» աշխատանքը որպես բուհական դասագիրք և հաստատվեց ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման հայտերի երաշխավորության հարցը:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն առաջին անգամ կազմակերպում է «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը, որի նպատակն է դիմորդներին ծանոթացնել մասնագիտությանը, բուհին և ֆակուլտետին: