Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր պարգևատրումներին. մի շարք համալսարանականներ արժանացան մեդալների, շնորհակալագրերի ու հավաստագրերի:
Գիտխորհրդի անդամներին նախ ներկայացվեց պրոֆեսորի, դոցենտի գիտական կոչումների շնորհման արժանացող թեկնածուների ցուցակը. փակ քվեարկության արդյունքների համաձայն՝ 1 հոգի ստացավ պրոֆեսորի (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյան), 10 հոգի՝ դոցենտի գիտական կոչումներ:
2017-2018 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության արդյունքների, 2016-2017 ուստարվա դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների արդյունքների, ինչպես նաև այս ուստարվա ամբիոնային բեռնվածության մասին զեկուցեց Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:
Պրոռեկտորը ևս մեկ անգամ բարձրաձայնեց ԵՊՀ կրթական ծրագրերում օտարալեզու ծրագրերի ներդրման, միասնական ընդունելության դաշտի բացակայության, ինչպես նաև միջպետական համաձայնագրով համալսարանների հետ գործունեություն ծավալելու հավասար պայմաններ ունենալու հիմնախնդիրները:
Ինչ վերաբերում է դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների արդյունքներին, ապա Ալեքսանդր Գրիգորյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ գնահատման ցուցանիշները բարձրացել են, իսկ կոռուպցիոն դեպքերը՝ նվազել: Պրոռեկտորը նշեց նաև, որ հետագայում էլ շարունակելու են առցանց հարցումների իրականացումը և համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքները:
Գիտխորհրդի նիստում առաջին անգամ անդրադարձ եղավ ամբիոնային ծանրաբեռնվածության խնդրին: Ալեքսանդր Գրիգորյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց ֆակուլտետային որոշ տվյալներ՝ մանրամասնելով ծանրաբեռնվածության նվազման պատճառները:
ԵՊՀ ղեկավարությունը մտահոգություն հայտնեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմում 65 տարեկանից բարձր մասնագետների մեծ թվի, պրոֆեսորների, ինչպես նաև գիտական աշխատանքների պաշտպանության նվազման փաստի վերաբերյալ:
«Հիրավի, բավականին մտահոգիչ է հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի միջին տարիքային ցուցանիշը: Այս ուղղությամբ մանրակրկիտ և հետևողական աշխատանք պետք է իրականացնել: Խիստ ուշադրության կարիք ունեն նաև լաբորատոր աշխատանքների ցուցանիշների նվազումն ու առանց գիտական որևէ կոչման արտաքին համատեղությամբ դասախոսների մեծ քանակը»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Այնուհետև Մենուա Սողոմոնյանը ներկայացրեց «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցանակաբաշխության կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները, որոնք քննարկումներից հետո ընդունվեցին գիտխորհրդի մասնակիցների կողմից:
ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի (2016-2017 ուստարի) մասին հաղորդեց ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը:
Վերջինս թվային տվալներ ներկայացրեց դասախոսների մասնակցության և վաստակած կրեդիտների մասին, անդրադարձավ նաև պարտադիր կրթական բաղադրիչների՝ անգլերենի և մասնագիտական արդի հիմնահարցերի քննություններին ԵՊՀ դասախոսների մասնակցության հարցին:
«Դասախոսները բավականաչափ դժվարություններ են ունենում անգլերենի ավելի բարձր մակարդակի շեմի հաղթահարման հարցում, ինչի արդյունքում էլ ընդհանուր առմամբ ոչ բավարար ցուցանիշներ են գրանցվում»,- նշեց Ժասմեն Աղասյանը և հավելեց, որ մասնագիտական դասընթացների կազմակերպման ու անցկացման գործում ևս պասիվություն է նկատվում:
ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանն էլ 2016-2017 ուստարվա արդյունքներով անդրադարձավ ուսանողների փոխատեղման (ռոտացիա) հարցին:
ԵՊՀ ՈՒԳԸ անցյալ տարվա գործունեությանն անդրադարձավ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մհեր Հակոբյանը, ով մանրամասներ ներկայացրեց կազմակերպված ուսանողական միջոցառումների բնույթի, միջազգային մասնակցության ու հրապարակումների վերաբերյալ:
Մինչ ընթացիկ հարցերին անդրադառնալը գիտխորհրդի անդամները որոշեցին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ ընդունված արտասահմանցի օտարալեզու ուսանողների ուսման վարձը սահմանել 1 մլն 300 հազար դրամ:
Ընթացիկ հարցերի շրջանակում քննարկվեց ԵՊՀ-ում «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն» կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու մասին առաջարկությամբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին դիմելու հարցը:
Առաջարկ եղավ նաև Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական հոգեբանության ու տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոններն անվանափոխել համապատասխանաբար Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի ու Տեսական փիլիսոփայության, տրամաբանության և հռետորիկայի ամբիոնի:
Մյուս առաջարկն էլ վերաբերում էր Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Մհեր Ջուլհաճյանի անվան օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզական կաբինետ» կառուցվածքային ստորաբաժանումը «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման և մոդելավորման Մհեր Ջուլհաճյանի անվան ուսումնական լաբորատորիա» կառուցվածքային ստորաբաժանման վերակազմակերպելու առաջարկությամբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին դիմելուն:
Բոլոր առաջարկներն էլ միաձայն հաստատվեցին ԵՊՀ գիտական խորհրդի անդամների կողմից: