26.03.2019 | 
Կրթություն
«ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՄԻԱԿ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԱՓԱՆԻՇԸ ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՆԴԵՊ ԱՆԿԵՂԾ ՍԵՐՆ Է։ ՍԻՐԻ՛Ր, ՈՐ ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵՍ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԱԴԱՆԱ ՔԵՇԻՇՅԱՆ
«ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՄԻԱԿ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԱՓԱՆԻՇԸ ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՆԴԵՊ ԱՆԿԵՂԾ ՍԵՐՆ Է։ ՍԻՐԻ՛Ր, ՈՐ ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵՍ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԱԴԱՆԱ ՔԵՇԻՇՅԱՆ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ուսանողուհի Ադանա Քեշիշյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում մագիստրոսի կրթական ծրագրով բժշկության ոլորտում զբաղեցրել է 1-ին տեղը:

ՀՀ ԿԳ նախարարի կողմից նա պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով:

 

Ադանան մեզ հետ կիսվեց իր հաջողությունների, նպատակների ու երազանքների մասին:


Դեղագետի մասնագիտության ընտրությունը պատահական չի եղել, այլ ժամանակին եղել է հստակ երազանք, որին ես հասել եմ ու գնում եմ արդեն նպատակային ճանապարհով, որը լի է վայրիվերումներով, բայց և արդարացված ջանասիրական աշխատանքիս արդյունքում։

 

Ես շատ կարգախոսներ կարող եմ թվել, բայց իմ կյանքում ամենակարևոր ու գլխավոր կարգախոսը հետևյալն է. «Հաջողակ լինելու միակ բացարձակ չափանիշը նպատակին հասնելու հանդեպ անկեղծ սերն է։ Սիրի՛ր, որ հաջողակ լինես»:

 

 

Ես դեռ փոքր տարիքից ունեցել եմ խանդավառ ու էներգետիկ, մշտապես սիրող էություն, որն ինձ ամենուր հաջողություն է բերել։ Կյանքս լի է դժվարություններով, բայց ո՞ւմ կյանքում դժվարություններ չկան։ Դրանք հաղթահարելիս կարևորը սերն է ընտրածս ճանապարհի նկատմամբ, որը մղում է ինձ կատարելագործվելու և անելու այն, ինչը հաջողության է հասցնելու ոչ միայն ինձ, այլև այն մարդկանց, որոնք սիրում են ինձ ու իմ ընկերակցությունը, որոնք իմ շրջապատի անբաժան մասնիկն են։ Սերը մարդկանց նկատմամբ իմ մեջ սերմանվել է ընտանիքից ու բնությունից, որոնք մինչ այսօր դժվար պահերին ինձ բարձրացնում են, չեն թողնում ընկնել։

 

Ես էությամբ զգացմունքային և անսպառ էներգիայով օժտված մարդ եմ, որի նպատակն է ընտրած մասնագիտությամբ օգտակար լինել մարդկանց։ Մշտապես կարևորել եմ ինձ ներկայացնելը մասնագիտությանս մեջ, որպեսզի արածս արդարացված ու անկեղծ լինի, ես գոհ լինեմ այն ամենից, ինչ արել եմ ու անում եմ։ Մայր Թերեզան ասել է. «Ոչ բոլորս կարող ենք անել մեծ գործեր, բայց կարող ենք անել փոքր գործեր՝ մեծ սիրով»․ այս խոսքերով էլ առաջնորդվում եմ՝ գիտակցելով, որ մեծ սերը գործում դառնում է մեծ հաջողություն կյանքում։

 

Դեռ մանկապարտեզից ու նախակրթարանից եղել եմ ակտիվ երեխա՝ սովորող ու սովորեցնող, ձգտող ու օգնող, ու դրանք իմ էներգիան սպառելու ամենագեղեցիկ ձևերն են եղել։ Սիրել ու հաճույքով մասնակցել եմ տարաբնույթ միջոցառումների՝ սկսած մարզականից մինչև արվեստին ու գրականությանը նվիրված։

 

 

Դպրոցական տարիների մեծագույն ձեռքբերումը համարում եմ Անանիա Շիրակացու անվան ճեմարան ընդունվելը և ավարտելը, որը կատարելագործել է մտավոր ու հոգևոր արժեքներս, դարձրել ինձ ավելի ճկուն ու կողմնորոշվող, հնարավորություն է ընձեռել ունակություններս և մարդասիրությունս դրսևորելու կրթական ու մշակութային ոլորտներում:


ԵՊՀ ընդունվելն իմ կյանքում շատ մեծ դեր ունի, քանի որ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը, այն էլ մրցութային կարգով անվճար, բավականին մեծ պատասխանատվություն է ուսանողի համար:

 

Ուսանող դառնալը հասուն և գիտակից կյանք մտնելու փարոսն է, որով առաջնորդվելը, ուսումնական տարիներին առաջընթաց գրանցելն իրենց նշանակալի դերն են ունենալու ապագայում կայուն աշխատանք գտնելու և առաջնորդ լինելու հարցում:


Համալսարանական տարիներին մշտապես ակտիվ եմ եղել ինչպես Ուսանողական գիտական ընկերության, այնպես էլ Ուսանողական խորհրդի կազմակերպած միջոցառումներին: 2015 թ. դարձել եմ ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի (այժմ՝ Ֆարմացիայի ինստիտուտ) ՈՒԳԸ նախագահ, որի արդյունքում ֆակուլտետային ՈՒԳԸ-ն տարեկան ամփոփիչ նիստին ճանաչվել է լավագույնը:

 


ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանին մասնակցելու արդյունքում տպագրել եմ մեկ հոդված ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուում: 2016 թ. ճանաչվել եմ ԵՊՀ լավագույն ուսանող և պարգևատրվել ԵՊՀ բրոնզե մեդալով, որն ինձ համար, հիրավի, մեծ ձեռքբերում էր:

 

2017 թ. ուսումս մագիստրատուրայում շարունակել եմ Մոսկվայում՝ Ազգերի բարեկամության ռուսական համալսարանում (РУДН): Մագիստրատուրայում ուսումս ավարտել եմ գերազանց առաջադիմությամբ: Այդ ժամանակահատվածում մասնակցել եմ երեք միջազգային կոնֆերանսների և տպագրել երկու հոդված: Մոսկվայում գտնվելու տարիներին մասնակցել եմ Ազգերի բարեկամության ռուսական համալսարանի «SCIENCE FOR HEALTH-2018» ամենամյա միջազգային առողջապահական գիտաժողովին՝ հանդես գալով որպես զեկուցող, իմ զեկուցումը զբաղեցրել է առաջին տեղը: 2018 թ. ամռանն արդեն վերադարձել եմ իմ սիրելի ԵՊՀ:

 

«Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում առաջին տեղ զբաղեցնելն ինձ ոգևորել է և թևեր տվել՝ առաջ գնալ էլի ու էլի, հասնել այն ամենին, ինչը շատերի համար որպես երազանք է մնալու:

Այդ մրցույթում հաղթելն ինձ հնարավորություն է տալու հետագայում իմ սիրելի ոլորտում անելու այն, ինչը դեռ տասը տարի առաջ ինձ համար երազանք է եղել:

 

 

Նպատակներիս մասին չեմ ցանկանում բարձրաձայնել, հաճախ լռում եմ, որովհետև ինձ համար նպատակս իսկապես ի երես արտահայտման տեղ կունենա, երբ իրականանա, և ես ինձ հաղթած զգամ՝ այն իրականացած տեսնելով:

 

Սիրում եմ մարդու անկեղծությունը, բարությունն ու դրական էներգիա փոխանցելը, չեմ սիրում բողոքող ու դատարկախոս կերպարներին: Խիստ ինքնաքննադատ եմ և չեմ սիրում բողոքել կամ զազրախոսել: Մարդիկ իրենց կյանքի ճանապարհն անցնում են տարբեր ձևով, և նրանց սխալները դատապարտելն ինձ համար տհաճ է, քանի որ դրանք իմը չեն, և ես չեմ ուրիշների կյանքի ուսուցիչը:

 

Ուսանողական տարիները լավագույնն են՝ արտացոլելու գիտությանը հուզող շատ խնդիրներ, որոնք մեկը մյուսին շղթայված են և անհապաղ լուծում են պահանջում, որպեսզի ապագայում ընտրած մասնագիտությամբ առաջ գնալու ցանկությունն ու հավատը չլճանան կարծրացած խնդիրների պատճառով:

 

Ես՝ որպես ուսանող, մշտապես ինձ տրված հնարավորությունների սահմանում փորձել եմ հասնել դեպի այն կետը կամ կետերը, որոնք ինձ իմ նպատակն է թելադրել, սակայն, ինչ խոսք, անհնար է խուսափել որոշ սահմանափակումներից, որոնք կարող են ինձ և ինձ նման շատ ուսանողների համար նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտ դառնալ:

 

Այդ խոչընդոտները մեր գեղեցիկ երկրում շատ են և բավականին կարծրացած, օրինակ՝ ուսանողին չի տրամադրվում թարմ հայալեզու գրականություն, որն այնքան անհրաժեշտ է բնագիտական հոսք ընտրած և ապագայում հիանալի մասնագետ դառնալու ցանկությամբ լցված ուսանողներին:

 

Գրականության մի ստվար զանգված ռուսալեզու է և խորհրդային ժամանակներից մեզ հասած: Այս խնդիրը մեր երկրում դեղագիտության մեջ վարպետացած մասնագետների պակասի և, ընդհանուր առմամբ, բազմալեզու գրականությանը չտիրապետելու հետևանք է, որն իր հերթին ծնում է մեկ այլ խնդիր, այն է՝ ուսանողների հետաքրքրության նվազումն ընտրած մասնագիտության հանդեպ. չկա գրականություն, չկա մոտիվացիա, հետևաբար՝ չկա մասնագիտական զարգացում: Իմ կարծիքով, այս խնդիրն ունի մեկ իրատեսական լուծում՝ դեղագետների համախմբումը մեկ ընդհանուր նպատակի շուրջ. անհրաժեշտ է ստեղծել հայալեզու գրականություն և լույս սփռել ուսանողների շրջանում:

 

 

Այժմյան ուսանողին պակասում են ինքնակրթումն ու մոտիվացիան, հավատը սեփական ուժերի հանդեպ: Սրանք հիմնավոր թերություններ են, որոնք կարող են լուծվել անձի կամքի ուժի դրսևորման հաշվին. ուսանողը պետք է ցանկանա սովորել, կրթվել և երազել:

 

Իմ ցանկությունն է շրջել աշխարհով մեկ և լինել այն վայրերում, որտեղ բնությունն ու մարդը միասին համերաշխ ապրում և արարում են: Երազում եմ լինել Տոսկանայում, Հիմալայներում, Թաիլանդում, Ամազոնում ու Հարավային Աֆրիկայում:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
«ՆՊԱՏԱԿԸ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԾԵԼՆ Է»․ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ
Արդեն չորրորդ տարին է, ինչ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք, տեսական գիտելիքներից բացի, նաև գործնական հմտություններ ձեռքբերելու հնարավորություն են տալիս: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր նմանօրինակ դաս են ունեցել Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում:
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐՈՒՄ
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ու կենսաբանության ֆակուլտետներում այսօր բաց դռների օր էր մի քանի ավագ դպրոցների աշակերտների համար: