Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում և ՌԴ-ում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտը, ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը, ինչպես նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը:
Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց ԵՊՀ-ի ստեղծմանը, ներկայիս ուսումնագիտական վիճակին, ինչպես նաև զարգացման տեսլականներին վերաբերող որոշ տեղեկատվություն:
«Մայր բուհը փոխգործակցության համար բաց է բոլոր կրթօջախների համար: Ցավոք, նորվեգական բուհերի ու գիտական կենտրոնների հետ կապերն այդքան էլ ակտիվ չեն, սակայն մենք պատրաստ ենք համագործակցության բոլոր հնարավոր ոլորտներն ուսումնասիրելու և դրանք զարգացնելու ուղղությամբ աշխատանք իրականացնել»,- նշեց ռեկտորը:
ԵՊՀ միջազգային համագործակցության ընդհանուր պատկերը, ներկայումս իրականացվող ծրագրերն ու զարգացման միտումները ներկայացրեց Ալեքսանդր Մարգարովը: Էմիլ Գևորգյանն ու Սամվել Շուքուրյանն էլ հակիրճ պատմեցին իրենց ղեկավարած ստորաբաժանումներն ու հավելեցին, որ համագործակցության համար բոլոր նախադրյալները կան և իրենք պատրաստակամ են աշխատելու նորվեգացի գործընկերների հետ:
Հանդիպման ավարտին Արամ Սիմոնյանն ու Նորվեգիայի արկտիկական համալսարանի պրոռեկտոր Ուենչ Յակոբսենը համաձայնագիր ստորագրեցին և միմյանց հուշանվերներ փոխանցեցին:
Այնուհետև դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում համալսարանականների համար դասախոսություն կարդաց՝ անդրադառնալով Նորվեգիայի քաղաքական համակարգին, տնտեսական զարգացմանը վերաբերող մի շարք խնդիրների, ինչպես նաև պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին: