29.04.2015 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԵՐԱԽՏԻՔԻ ԾԱՌՈՒՂԻ
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԵՐԱԽՏԻՔԻ ԾԱՌՈՒՂԻ
ԵՊՀ-ում Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ հիմնադրված ծառուղու բացմանն այսօր ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ծառուղում, որը սկիզբ է առնում ԵՊՀ գրադարանի մուտքի մոտ՝ Չարենցի փողոցի կողմից, տեղադրված են 20-րդ դարասկզբի մեծագույն ողբերգությունը հասարակական լայն շրջանակներում քննադատած, բողոքի ու կարեկցանքի խոսքեր արտահայտած, ինչպես նաև հայության մի ստվար հատվածին մահվան ճիրաններից փրկած ու օգնություն ցուցաբերած օտարազգի հայտնի գործիչներից 12-ի կիսանդրիները:

 

«Երևանի պետական համալսարանի բակում հիմնված այս ծառուղին մեր շնորհակալության համեստ արտահայտությունն է օտարազգի բոլոր այն անձանց ու կառույցներին, ովքեր անշահախնդիր ներդրում են ունեցել անպաշտպան հայերին փրկելու, փրկված հայերի համար կենսապայմաններ ապահովելու, հայության դեմ կատարված եղեռնագործության մասին աշխարհին տեղեկացնելու, հայության դատին հետամուտ լինելու գործում»,- բացման խոսքում նշեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը:

 

Երախտիքի ծառուղին հիմնադրվել է ԵՊՀ դասախոսների, աշխատակիցների և ուսանողների, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի և այլ բարերարների նվիրատվությամբ:

 

Յոհաննես Լեփսիուս / Johannes Lepsius - 1858-1926 (Գերմանիա)

Կարեն Յեպպե / Karen Jeppe  - 1876-1935 (Դանիա)      

Ֆրիտյոֆ Նանսեն / Fridtjof Nansen - 1861-1930 (Նորվեգիա)

Հենրի Մորգենթաու / Henry Morgenthau - 1856-1946 (ԱՄՆ)

Ֆրանց Վերֆել / Franz Werfel - 1890-1945 (Ավստրիա)

Ջեյմս Բրայս / James Bryce - 1838-1922 (Մեծ Բրիտանիա)

Արմին Վեգներ / Armin Wegner - 1886-1978 (Գերմանիա)

Անատոլ Ֆրանս / Anatole France - 1844-1924 (Ֆրանսիա)

Յակոբ Քյունցլեր / Jakob Künzler - 1871-1949 (Շվեյցարիա)

Ռաֆայել Լեմկին / Raphael Lemkin - 1900-1959 (Լեհաստան)

Պիեռ Քիյար / Pierre Quillard - 1864-1912 (Ֆրանսիա)

Ալմա Յոհանսոն / Alma Johansson - 1880-1974 (Շվեդիա)

 

Ահա այն երախտավորները, որոնց կիսանդրիները տեղադրվել են ԵՊՀ-ի ծառուղում: Հայերին օգնության ձեռք մեկնածները բնականաբար չեն սահմանափակվում այս 12 հոգով, սակայն բոլորի կիսանդրիները դնել հնարավոր չէր:

 

«Այս 12 գործիչների կիսանդրիների տեղադրմամբ ամենևին էլ ծանրութեթև չենք անում նրանց և պատմությանը հայտնի ու անհայտ բազմաթիվ այլ հայասերների կատարած գործերը: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ուժերի ներածին չափով փորձել են մեղմել հայության վիշտը:  Երախտապարտ ենք այն հասարակ արաբ գյուղացուն, ով մի կտոր հաց է տվել ծնողներին կորցրած հայ որբուկին, այն քրդին, ով իր հարկում թաքցրել է յաթաղանի սպառնալիքի տակ հայտնված հայ հարևանին»,- հավելեց պարոն Սիմոնյանը:

 

Նշենք, որ կիսանդրիների հեղինակը քանդակագործ Վլադիմիր Անտաշյանն է:

 

Ի դեպ, ԵՊՀ պորտալի «ԵՊՀ-ն հիշում է և պահանջում» խորագրով կայքում՝ genocide100.ysu.am, երկլեզու՝ հայերեն և անգլերեն տեղեկատվություն է տարածվում Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի և դրա շրջանակներում համալսարանի կողմից իրականացվող միջոցառումների, ինչպես նաև Երախտիքի ծառուղու վերաբերյալ:

Այլ նորություններ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՆԱԿԻ ԿՐԵԴԻՏՆԵՐ ՉՀԱՎԱՔԱԾ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեց 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը:
4 ԴԵԿԱՆՆԵՐԻ ՈՒ 31 ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՆՈՐ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ, ԴՈՑԵՆՏՆԵՐ. ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ութ օրակարգային և մի քանի ընթացիկ հարցեր: