07.09.2021 | 
Հասարակություն
«ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՈՒ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ ԸՆԹԱՑՔԻ ԲԱՑԱՌՈՒՄՆ Է». ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԿԳՄՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
«ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՈՒ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ ԸՆԹԱՑՔԻ ԲԱՑԱՌՈՒՄՆ Է». ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԿԳՄՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ռեկտորատի անդամների հանդիպումն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանի հետ:

Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ամենադաժան երկու խնդիրները, որոնք պատուհասեցին մեզ, պատերազմը և ՔՈՎԻԴ-ն էին, որոնցից վերջինը դեռևս շարունակվում է, և որի տարածման տեմպը գնալով աճում է:

 

«Մենք, համագործակցելով Առողջապահության նախարարության հետ, այստեղ ներդրել ենք պատվաստումների պրակտիկա: Վարչական աշխատակիցներից արդեն պատվաստվել են, ֆակուլտետներում տիրող վիճակի մասին դեռևս վիճակագրություն չկա: Մենք կապ ենք հաստատել բոլոր պատվաստվողների հետ, հետաքրքրվել առողջական վիճակով, կարող ենք ասել, որ աշխատակազմի հիմնական մասը խնդիրներ չի ունեցել»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

 

Նա նշեց, որ աշխատակիցների շրջանում բազմաթիվ հարցեր են ի հայտ եկել՝ կապված հիվանդության, նոր հրամանից բխող կազմակերպական խնդիրների, իրավական հետևանքների, ուսումնական գործընթացի իրականացման և այլ խնդիրների հետ, որոնց պատասխանները տալու համար նախաձեռնվել և կազմակերպվել է այս հանդիպումը:

 

Անահիտ Ավանեսյանը հանդիպման ընթացքում համալսարանականներին ներկայացրեց հիվանդության դեմ պայքարի համար մշակված քաղաքականության հիմքերը և պատասխանեց նրանց հարցերին:

 

Նա փաստեց, որ ՔՈՎԻԴ-ը մեծ մարտահրավեր էր ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի համար: Նրա խոսքով, ի պատիվ բուժաշխատողների՝ կարծես թե որոշակի հարցեր կարգավորվել են, բայց վարակը շարունակում է շրջապտույտի մեջ գտնվել ամբողջ աշխարհում, այսինքն՝ այն հույսերը, թե վարակը կնահանջի, չեն արդարացել, և այժմ լուծման հաջորդ ուղին պատվաստանյութերի կիրառումն է:

 

 

«Գիտական միտքը, տարբեր կազմակերպություններ ու կառավարություններ միասնական ջանքերով փորձեցին մտավոր և ֆինանսական ներուժն ուղղել պատվաստանյութի ստեղծման աշխատանքներին: Եվ իսկապես, ռեկորդային ժամանակահատվածում, ինչը նույնպես կասկածի տեղիք է տալիս, ստացվեց պատվաստանյութ ստեղծել: Ստացվեց կարճ ժամանակահատվածում, քանի որ կիրառվեց պատրաստի լուծում այս իրավիճակի հաղթահարման համար»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

 

Նրա խոսքով, գործընթացը հնարավոր եղավ իրականացնել կարճ ժամանակահատվածում, քանի որ ՔՈՎԻԴ-ի պարագայում թե՛ ֆինանսական, թե՛ բյուրոկրատական միջոցները ծառայեցին ի շահ պատվաստանյութի ստեղծման. «Բոլոր այն պատվաստանյութերը, որոնք հասել են գրանցման ներկայիս փուլին, անցել են արդյունավետության, որակի և անվտանգության անհրաժեշտ  փուլերն այնպես, ինչպես մյուս բոլոր դեղամիջոցները, որոնք կիրառվում են»:

 

Առողջապահության նախարարն ասաց, որ ինչպես մյուս բոլոր դեղամիջոցների դեպքում, պատվաստանյութերի դեպքում էլ կարող են լինել կողմնակի ազդեցություններ. «Մենք նորմայից ցանկացած շեղում արձանագրվում ենք և դրա վերաբերյալ իրականացնում քննություն՝ պարզելու, թե դա պատվաստման հետևանք էր, թե այլ գործոնի»:  Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով վիճակագրական տվյալներ, փաստեց, որ պատվաստանյութն այս իրավիճակն ուղղելու լուծում է:

 

Նրա տեղեկացմամբ, քանի որ չի ստացվել համաժամանակյա պատվաստում իրականացնել ամբողջ աշխարհում, վարակը շարունակում է շրջանառվել և մուտացվել, ինչն իր հերթին բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները դեռևս չկան. «Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ ոչ թե ունենանք բոլոր հարցերի պատասխանները և նոր քայլեր իրականացնենք, այլ առաջնորդվենք հարցերի այն պատասխաններով, որոնք այս պահին բավարարում են մեր խնդիրները լուծելու համար»:

 

«Մեր մոտեցումն է մի կողմից տարբեր միջոցներով հնարավորինս զսպել վարակի տարածումը, մյուս կողմից՝ շարունակել բնականոն կյանքը»,- ասաց Առողջապահության նախարարը և հավելեց, որ ելնելով պետության հնարավորություններից՝ առաջարկվում է պատվաստվել կամ երկու շաբաթը մեկ ներկայացնել վարակված չլինելու հանգամանքը փաստող թեստի պատասխան:

 

 

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ կորոնավիրուսը մեծապես վնասել է համալսարանին՝ հատկապես մեծ հարված հասցնելով գիտական ներուժին: «Մեր փիլիսոփայության համաձայն՝ ամենակարևոր արժեքը մարդն է: Մենք այժմ վերանայում ենք առողջապահական մեր փաթեթը՝ այն ավելի լավը դարձնելու: Դա իրականացնելու ենք համալսարանի բյուջեի խնայողությունների հաշվին, այսինքն՝ ավելորդ գումարներ չեն ծախսվելու: Մարդու համար և մարդու շուրջը պետք է ստեղծվեն ենթակառուցվածքները»:

 

Հանդիպման ընթացքում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կա վիճակագրություն՝ պատվաստվածների քանի տոկոսն է կրկին վարակվել: Բացի դրանից՝ նա հետաքրքրվեց, թե նախարարի հրամանով սահմանված պահանջները, որոնք ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 1-ից, պարտադրա՞նք են, թե՞ ոչ, և ի՞նչ իրավակարգավորումներով են կարգավորվում:

 

Արմեն Ավետիսյանը հարցրեց նաև, թե ինչքանո՞վ է արդյունավետ, երբ դասախոսները պատվաստվում են, իսկ ուսանողները՝ ոչ, և առաջարկեց բուհական համակարգի նկատմամբ վերանայել որոշումը: Արհեստակցական կազմակերպության նախագահը հետաքրքրվեց նաև, թե այն մարդիկ, որոնք ունեն մեծ թվով հակամարմիններ, պե՞տք է թեստ հանձնեն կամ պատվաստվեն:

 

 

Խոսելով վիճակագրական տվյալների մասին՝ Անահիտ Ավանեսյանը փաստեց, որ որոշ պատվաստանյութերի կիրառման դեպքում գրանցվել է մինչև 95 տոկոս վարակման հնարավորության նվազում, բայց և նշեց, որ վարակի շրջանառման ու մուտացման հետևանքով կրկին վարակվելու հնարավորությունը նվազել է. «Պետք է փաստեմ, որ ի սկզբանե պատվաստման գլխավոր նպատակը մահացության և հիվանդության ծանր ու ծայրահեղ ծանր ընթացքի բացառումն է, որը, ի ուրախություն մեզ, պահպանվում է»:

 

Անդրադառնալով իրավական ակտերին՝ Առողջապահության նախարարն ասաց, որ փոփոխություններ են իրականցվել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, որոնց շրջանակում էլ գործարկվել է նախարարի հրամանը: 

 

Պատասխանելով հարցին, թե ինչքանո՞վ է արդյունավետ, երբ դասախոսները պատվաստվում են, իսկ ուսանողները՝ ոչ, Անահիտ Ավանեսյանը նշեց, քանի որ պրոֆեսորադասախոսական կազմը ռիսկային խմբում է, այժմ առաջնահերթ խնդիրը նրանց առողջության պաշտպանությունն է:

 

Խոսելով հակամարմինների գոյության մասին՝ նա փաստեց, որ իրականացված բազմաթիվ հետազոտությունների համաձայն՝ պատվաստումը ստեղծում է բավականին բարձր իմունային շերտ, որն ավելի ամբողջական իմունիտետ է ապահովում:

 

 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ճշտեց, որ եթե ներկայացվի հակամարմինների գոյությունը փաստող փաստաթուղթ, ապա կարելի՞ է չպատվաստվել ու հարցրեց, որ եթե կա բժշկական ցուցում, որ չի կարելի պատվաստվել, այդ դեպքում կարելի՞ է չպատվաստվել: Նա նաև հետաքրքրվեց, թե եթե դեռևս չկա հետազոտություն պատվաստման հետևանքների մասին, ապա կարելի՞ է համարել, որ պատվաստվողները փորձադաշտում են: Ռուբեն Մելքոնյանը հարց ուղղեց նաև Հովհաննես Հովհաննիսյանին՝ ասելով, թե հնարավո՞ր է համալսարանի հաշվին իրականացնել թեստավորում, կամ էլ առաջարկեց համապատասխան գումարի չափով պարգևատրել դասախոսներին:

 

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պատվաստանյութը դեղ է, և ինչպես մնացած դեղերն ընդունելիս պետք է պարզապես վստահել: Բացի դրանից՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այն բոլոր թեզերը, թե հակամարմինները կպաշտպանեն նոր վարակումից, հօդս են ցնդում: Նա նաև նշեց, որ այո՛, պատվաստվելիս մենք փորձադաշտում ենք, բայց պատվաստանյութերն արդեն անցել են որոշակի փուլեր, որոնք ցույց են տալիս, որ դրանք անվտանգ են:

 

Հովհաննես Հովհաննիսյանն էլ ի պատասխան ասաց, որ կարծում է՝ Ռուբեն Մելքոնյանը կհամաձայնի իր հետ՝ կապված համալսարանի բյուջեն խնայողաբար և բծախնդիր օգտագործելու հետ. «Լուծումը պատվաստումն է, որի քննարկման համար այսօր հավաքվել ենք: Երբ բոլորը կպատվաստվեն, ո՛չ թեստավորման խնդիր կառաջանա, ո՛չ հավելյալ ծախսերի»:

 

Անահիտ Ավանեսյանը հանդիպման ընթացքում պատասխանեց ռեկտորատի անդամներին հուզող մյուս հարցերին ևս, որոնք առնչվում էին պատվաստանյութերի տարբերությանը, դրանց ազդեցությանը, ուսումնական գործընթացը չդադարեցնելուն, դիմակների կրմանը և այլն:

 

 

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, որը մասնագիտությամբ կենսաբան է, ասաց, որ լիովին համաձայն է տիկին Ավանեսյանի հնչեցրած մտքերի հետ. «Մենք պետք է պատվաստվենք: 100-տոկոսանոց պաշտպանիչ պատվաստանյութ ստեղծելն անհնար է, այն էլ կորոնավիրուսի դեպքում, որն ունի շուրջ 40 հազար մուտացիա: Այս դեպքում նվազեցնում ենք հիվանդության տարածումը և ծանր ընթացքը: Իմ խորհուրդն է պատվաստվելը»:

 

Հանդիպման ավարտին Անահիտ Ավանեսյանն ասաց, որ իզուր է հակադրվելը, պետք է պատվաստվել, քանի որ այն ներկայումս միակ լուծումն է:

 

Քնար Միսակյան

 


 

Այլ նորություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՏԱՌ ՂՓՉԱՂԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության արդի հիմնահարցերին:
ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՊԱՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի, ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ այսօր անցկացվել է «Միգրացիայի և ապաքաղաքացիության հետ կապված միջազգային և ներպետական հիմնախնդիրները» խորագրով սեմինար-քննարկում: