05.10.2020 | 
Հասարակություն
«ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 «ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարգարժա՛ն գործընկերներ և միջազգային հանրության ներկայացուցիչներ,
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմատենչ բնույթի բազում հայտարարություններից հետո, ոտնահարելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր պահանջները, խախտելով պետության ինքնիշխանության սկզբունքը, անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի ընթացքում համընդհանուր հրադադարի կոչը, ռմբակոծություն է սկսել Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: Ադրբեջանցի ագրեսորները կրակ են բացել ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը՝ ավերելով և պատճառ դառնալով հարյուրավոր զոհերի՝ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց, երեխաների և մեծահասակների շրջանում։

Մոտ երկու տասնամյակ ԵԱՀԿ դիտորդները, միջազգային դիվանագիտության բազմաթիվ կառույցներ ջանքեր են գործադրել՝ պահպանելու այս փխրուն խաղաղությունը, և այդ գործընթացին Հայաստանի Հանրապետությունը մշտապես ունեցել է իր գործուն մասնակցությունը՝ հասկանալով, որ խաղաղության խաթարումն աշխարհի այս փոքրիկ անկյունում սպառնում է ողջ տարածաշրջանի, եթե ոչ՝ ողջ աշխարհում կայունության խարխլմանը:


Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Արցախի Հանրապետությունը 1991 թվականին կանխորոշել են իրենց զարգացման ուղին՝ ընտրելով ժողովրդավարությունը, ազատությունը, մարդու իրավունքների գերակայությունը, հանդուրժողականությունը, հարգանքն այլ ազգերի և կրոնների նկատմամբ՝ որպես իրենց գործունեության և կենսակերպի առանցքային սկզբունքներ։ Սակայն այսօր մենք ստիպված ենք զենքով հաստատելու խաղաղություն տարածաշրջանում և պաշտպանելու ազատ ու խաղաղ ապրելու մեր բնական իրավունքը։


Արցախի Հանրապետությունը պայքարում է հանուն իր ինքնորոշման, բնակչության ազատ կամքի իրացման և միջազգային իրավունքի ընդունված նորմերի վերահաստատման: Ավելին, այսօր մենք պայքարում ենք՝ դիմակայելու երկու բռնատիրական պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատենչ նկրտումներին՝ հանուն ոչ միայն մեր երկրների խաղաղության և ժողովրդավարության սկզբունքների հարատևության, այլև այլ երկրների, որոնք դարձել են բռնատիրությունը քարոզող և խթանող քաղաքական գործիչների թիրախ։


Ավաղ, մարդկության զարգացման ողջ պատմությունն ապացուցում է, որ յուրաքանչյուր չկանխված պատերազմի և ագրեսիայի դրսևորում հանգեցնում է աղետալի հետևանքների: Ժողովուրդները տեսել են ողբերգություններ, որոնք անխուսափելիորեն իրենց ցավոտ և անջնջելի հետքն են թողել ինչպես նրանց պատմության, այնպես էլ ողջ մարդկության համահավաք հիշողության և մտածողության վրա: Հայոց ցեղասպանությունը, հրեաների Հոլոքոստը, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանություններն ապացուցում են, որ յուրաքանչյուր չկանխված ագրեսիա ծնում է էլ ավելի մեծ ողբերգություն՝ ի ցույց դնելով այս աղետալի պատմական ժամանակագրական տրամաբանությունը:

Մենք՝ Հայաստանի Հանրապետության համալսարանական հանրությունը, ունենալով հանրային բարիք ստեղծելու, խաղաղություն, հարգանք և հանդուրժողականություն սերմանելու, մարդու ազատ լինելու իրավունքը կենսագործելու առաքելություն, խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց, պատերազմական գործողությունները՝ միտված Արցախի և Հայաստանի Հանրապետությունների խաղաղ բնակչության ոչնչացմանն ու տարածաշրջանի ապակայունացմանը։


Կոչ ենք անում միջազգային հանրությանը և բոլոր նրանց, ովքեր իրենց ողջ գիտակցական կյանքում պայքարում և շարունակում են պայքարել հանուն համամարդկային արժեքների պահպանման ու տարածման, հանուն ժողովուրդների խաղաղ ու ստեղծարար ապագայի, հանդես գալ որպես մարդու իրավունքների ժողովրդարական սկզբունքների ջատագովներ և դատապարտել բռնությունն ու պետության ինքնիշանության աղաղակող ոտնահարումը:


Կոչ ենք անում հանդես գալ միասնական ճակատով և ձևավորել խաղաղության իրական և ոչ հռչակագրային, այլ գործուն պահանջ։ Խաղաղությունից բխող օգուտները շատ ավելին են, քան այն, ինչ վճարում ենք շարունակաբար փակուղում գտնվելու և աշխարհի կայունության համար սպառնալիք հանդիսանալու դիմաց:


Մեր միասնական դիրքորոշումը հնարավորություն կընձեռի խուսափելու թշնամանքի վերականգնման աղետալի հետևանքներից և իբրև ժառանգություն՝ պատերազմական ճգնաժամերի մեջ խցանված աշխարհից:


Պետական բարձրագույն ուսումնական
հաստատությունների ռեկտորների խորհուրդ

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ
Հեռակա ուսուցմամբ անվճար հիմունքով Երևանի պետական համալսարանին հատկացվել է ընդամենը 13 տեղ, որից 3-ը՝ Արցախի Հանրապետության համար:
«ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ»․ ԵՊՀ ԴԵԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԺ-ԻՑ ԱՆՀԱՊԱՂ ՀԵՏ ԿԱՆՉԵԼ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ԵՊՀ դեկաններ և ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։